Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՒՄ ԷԻՆ ՄՏԱՎՈՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 05,2008 00:00

Երեկ «Առավոտը» ստացավ ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) լրատվականի մեկնաբանությունները՝ օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած՝ ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանի ստորագրությամբ հայտնի փաստաթղթի վերաբերյալ: Ընդ որում, ՀՔԾ լրատվականը մեկնաբանում էր ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ՝ ոչ վաղ անցյալում իրենց գործընկեր Գագիկ Ջհանգիրյանի՝ այդ նույն փաստաթղթի մասին նախորդ օրը մամուլում հայտնված գնահատականը: Մասնավորապես, «բլեֆ» որակելով այդ գնահատականը՝ ՀՔԾ-ն Ջհանգիրյանին մեղադրում է «տրամաբանական սոփեստության» եւ «քաղաքական բանսարկությունների ուղին ընտրելու» մեջ: Ապա ՀՔԾ-ն հիմնավորում է իր, մեղմ ասած, տարօրինակ աշխատաոճը: Այսպես, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի հարեւաններին հարցաքննելու վերաբերյալ գրում է. «Հիմնավորվել է, որ հրապարակային միջոցառումներն ուղեկցվել են իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերով, որոնք հնչեցվել են ոչ միայն հանրահավաքների ժամանակ, այլ կարող էին արվել նաեւ տեղերում, առանձին խումբ անձանց հետ, այդ թվում՝ հարեւանների, հարազատների եւ մտերիմների շրջանում՝ հավաքագրման եւ ներգրավման վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու ակնկալիքով եւ նպատակով, որպիսի հանգամանքը հանդիսացել է քրեական գործի վարկածներից մեկը, ինչը ստուգելու համար բնականաբար պետք է կատարվեր քննություն»: Իսկ այն մասին, թե ինչու են պահանջել նախընտրական շտաբի պետերի ու նրանց ընտանիքի անդամների բնութագրերը, տրվում է հետեւյալ պարզաբանումը. «Անհրաժեշտություն է եղել պարզել տվյալ անձի ով լինելը, հնարավոր քրեական անցյալը, սոցիալական դրությունը, ինտելեկտուալ զարգացման աստիճանը, հետաքրքրասիրությունների շրջանակը, մտավոր կարողությունները եւ ըստ այդմ էլ որոշել վերջինիս գործողությունների շարժառիթը, ցուցմունքների արժանահավատությունը եւ այլն»: Հետաքրքիր էր իմանալ նաեւ, թե ինչու են հարցաքննվել այն վարորդները, ովքեր իրենց տաքսի մեքենաներով հանրահավաքի են բերել մարդկանց: Ահա թե ինչու. «Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար տվյալներ նաեւ, որ ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն, զանգվածային անկարգություններ հրահրելուն ուղղված միջոցառումները իրականացվել, ուղղորդվել, կազմակերպվել են մեկ կենտրոնից, որի համար ֆինանսավորում է ստացվել նաեւ արտերկրից, հետեւաբար, այդ ուղղությամբ քննությունը կամ քննության ընթացքում այդ հանգամանքի արծարծումը տրամաբանական է եւ անհրաժեշտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել