Լրահոս
Օրվա լրահոսը

BBC-Ն ՄՈՍԿՎԱՅԻ «ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏՈՒԹՅԱՆ» ՄԵՋ ԳԱԶԻ ՀԵՏՔ Է ՏԵՍՆՈՒՄ

Հուլիս 05,2008 00:00

«Բաքու կատարած այցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը ստորագրել են բարեկամության եւ ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր՝ ԼՂ-ի առնչությամբ ադրբեջանական դիրքորոշումն արտացոլող ձեւակերպումներով»: Ըստ «Նոյյան տապանի», երեկ այս մասին հաղորդել է BBC-ն՝ շարունակելով. «Փաստաթղթում ընդգծվում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը համընդհանուր ճանաչված նորմերի եւ միջազգային իրավունքի սկզբունքների եւ, նախ եւ առաջ, պետությունների ինքնիշխանության, տարածքների ամբողջականության եւ սահմանների անխախտելիության պահպանման եւ ապահովման հիման վրա»:

«Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին այդ դիրքորոշման համար»,- ռադիոկայանի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ինչպես BBC-ին տված հարցազրույցում նշել է Բաքվի «Էխո» թերթի փոխխմբագիր Նաիր Ալիեւը, թեեւ Մեդվեդեւի ելույթում կային արտահայտություններ՝ բանակցային գործընթացին աջակցելու եւ փոխադարձ ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության մասին, հռչակագրի առանցքային դարձվածքը «Հայաստանին այնքան էլ դուր չի գա»: «Ադրբեջանական կողմի ակնկալիքները մեծապես արդարացան»,- փաստել է Նաիր Ալիեւը:

Նշելով, որ ի տարբերություն վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունների, ԼՂ հարցում Մոսկվան խուսափում էր որոշակիորեն որեւէ մեկի կողմն անցնելուց, BBC-ն ընդգծում է, որ Հայաստանը Կովկասի երեք պետություններից ամենառուսամետն է: Ըստ այդմ, «ռուսական դիրքորոշման փոփոխման պատճառը, հավանաբար, հարկ է փնտրել մեկ այլ հայտարարության մեջ, որը հինգշաբթի հնչել է Բաքվում»: Տեղեկացվում է, որ Մեդվեդեւին ուղեկցող «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է ռուսական կոնցեռնի կողմից ադրբեջանական գազի գնումների շուրջ բանակցություններ սկսելու մասին: «Գազպրոմը» պատրաստ է գնել մատակարարումների հնարավոր առավելագույն ծավալը»,- ընդգծել է Միլլերը:

«Եթե Բաքուն Մոսկվայի հետ երկարաժամկետ պայմանագիր ստորագրի արտահանման համար նախատեսված գազի ողջ ծավալի վաճառքի մասին, եւ նրա օրինակին հետեւեն Կենտրոնական Ասիայի պետությունները, ապա Կասպյան տարածաշրջանից դեպի Եվրոպա «Նաբուկո» այլընտրանքային գազատարի շինարարության ծրագրերը գործնականում կթաղվեն»,- եզրակացրել է BBC-ն: Ըստ բրիտանական լրատվամիջոցի, լրագրող Նաիր Ալիեւը չի կասկածում, որ ԼՂ հակամարտության կարգավորումը բանակցությունների ժամանակ դիտարկվել է հենց գազային հարցի համատեքստում: «Դա, հավանաբար, «Գազպրոմի» հետ համագործակցելու՝ Ադրբեջանի համաձայնության գինն է»,- ասել է «Էխո»-ի փոխխմբագիրը:

«Փորձագետների մեծ մասն, այնուամենայնիվ, ենթադրում է, որ վաղաժամ է խոսել կովկասյան քաղաքականության մեջ դրամատիկ փոփոխությունների մասին»,- ամփոփում է BBC-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել