Լրահոս
Օրվա լրահոսը

«Իբր՝ ի՞նչ»

Հուլիս 05,2008 00:00

Ազատության հրապարակի շրջակայքում երեկ ոստիկանների առատությունը երեւանցիներին չէր վախեցնում:

«Վա՜յ, ոնց որ ոստիկանական պետություն լինի»,- բացականչեց երթուղային տաքսու ուղեւոր մի կին՝ տեսնելով Ազատության հրապարակը շրջափակած ոստիկաններին: «Տարեք, ձեր աթոռները շրջափակեք»,- ատելությամբ լի հայացքով հավելեց մյուս ուղեւորը: Իսկ տարեց մի տղամարդ էլ հստակեցրեց իրավիճակը՝ «Իրենց աթոռներն են պահպանում, բա կարծում եք՝ ի՞նչ»:

Ընդհանրապես, երեկ Ազատության հրապարակի շրջակայքում իշխանությունների կողմից ուժի ցուցադրումը մայրաքաղաքի բնակիչների մոտ հիմնականում տհաճություններ էր առաջացնում: «Իբր՝ ի՞նչ», «Եվ ի՞նչ են ուզում ասել». «Առավոտի» հետ զրույցներում նման հարցեր էին տալիս անցորդները: Ակնհայտ էր, սակայն, որ վախի մթնոլորտ ստեղծելու գործում իշխանությունը չէր հաջողել՝ այնպես, ինչպես մարզերից ճանապարհները փակելով եւ երթուղիները արգելելով հնարավոր չեղավ ցանկացողներին հեռու պահել ընդդիմության հանրահավաքից: Մեծամասնությունը տարատեսակ խորամանկություններ բանեցնելով՝ հասել էին մայրաքաղաք:

Փորձեցինք պարզել հավաքվածների տրամադրությունները: «Անկախ իմ տարիքից՝ շատ ուժ էլ, կամք էլ կա՝ մինչեւ վերջ պայքարել Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի մոնղոլաթաթարական լծից ազատագրվելու համար: Ժողովրդական ալիքը շատ մեծ է, համոզված եմ, որ շուտով ամեն ինչ կստացվի»,- ասաց բժշկուհի Նինա Անտոնյանը: «Անսահման ուժ կա պայքարելու համար: Պայքարելու ենք մինչեւ վերջ»,- ասում է ՀՀՇ վարչության անդամ Մասիս Այվազյանը, որը մոտ չորս ամիս կալանքի մեջ էր: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անսպասելի հրավիրված նիստում 1,5 տարի պատիժ սահմանեց եւ կիրառումը փոխարինեց պայմանականով, ու դատարանի դահլիճից ազատ արձակեցին: Չհամաձայնելով թե իր նկատմամբ իրականացված վճռի, թե դեռ կալանքի տակ գտնվող իր ընկերների նկատմամբ իրականացվող գործողությունների հետ, պարոն Այվազյանն ասում է, որ մտավախություն չունի, թե մարդիկ կհոգնեն պայքարից եւ մի օր կորոշեն չգնալ հանրահավաքի կամ Հյուսիսային պողոտա: «Ես վստահ եմ մեր պայքարի շարունակականության վրա, ժողովուրդը պարզապես չի կարող հանդուրժել ստեղծված մթնոլորտը: Ես հավատում եմ մեր հաղթանակին»,- ասում է նա:

Երեկ հանրահավաքին մասնակցում էր նաեւ հայտնի երգիծաբան Սամվել Բաղդասարյանը: Հանրահավաքների մշտական մասնակի՞ց եք՝ «Առավոտի» հարցին նա պատասխանեց, որ երկրում կատարվող բոլոր երեւույթների մշտական մասնակիցն է: Իսկ՝ քաղաքացիական պա՞րտքն է երգիծաբանին նման կեցվածք որդեգրելուն դրդում, թե՞ մասնագիտական, հարցին նա հակադարձեց. «Ե՛վ երեւույթը, ե՛ւ մասնագիտությունը»: Սամվել Բաղդասարյանը հավաստիացրեց, որ ինքը մշտապես պայքարել եւ պայքարելու է իր քաղաքացիական իրավունքների համար. «Եթե չպայքարես՝ տանուլ կտաս: Իսկ ես ազատություն սիրող մարդ եմ»: Երբեւէ չե՞ք մտածել հարթակից ելույթ ունենալու մասին, մեր հարցին էլ երգիծաբանն ասաց. «Չէ, ժողովրդի հետ սիրով կանգնած եմ: Շատ դեպքերում հարթակ գնացողներն այլ նպատակներ են ունենում իրենց մեջ»: Մեր զրուցակիցն ասում է, որ մարդիկ իրեն ողջունում են, բայց չեն հարցնում, թե ինչու է եկել՝ «Դե, դա ամենապարզ հարցն է. էլ ինչու պիտի գայի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել