Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԲՈՍԱՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ»

Հուլիս 05,2008 00:00

\"\"Վստահ է հանրապետական նոր-հնաբնակ պատգամավոր Գագիկ Մելիքյանը

– Ձեր` խորհրդարան գալը ի՞նչ է փոխելու ՀՀԿ խմբակցության կյանքում, ավելի ակտիվանալո՞ւ է խմբակցության աշխատանքը, թե՞ ամեն ինչ մնալու է նույնը:

– Ես չեմ գտնում, որ մեր խմբակցությունն ակտիվ չի աշխատել, բայց որպես պատգամավոր՝ ինքս աշխատելու եմ շատ ակտիվ:

– Ըստ որոշ լուրերի, ՀՀԿ ներսում նեղացածություն կա, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի շատ երիտասարդներին է պաշտոնների նշանակում: Չե՞ք կարծում, որ այս քաղաքականության արդյունքում հանրապետականները քիչ-քիչ դուրս են մնում քաղաքական գործընթացներից:

– Ոչ, չեմ կարծում, հանրապետականներն էլ քաղաքական գործընթացներից դուրս չեն մնում: Համոզված եմ, որ նախագահն ըստ արժանվույն գնահատում է եւ կգնահատի յուրաքանչյուրի հնարավորությունները, ակտիվությունն ու աշխատանքային ունակությունները:

– Ձեր կարծիքով՝ ընդդիմության հանրահավաքները որքանո՞վ կարող են որոշիչ լինել եւ իրավիճակ փոխել երկրում:

– Չեմ կարծում, որ դրանք որեւէ ազդեցություն կարող են ունենալ երկրի քաղաքական կյանքում՝ ինչ-որ շրջադարձերի առումով:

– Հյուսիսային պողոտայում հասարակության մի ստվար զանգված շարունակում է «քաղաքական զբոսանքները», իսկ վերջին օրերին իշխանությունները կարծես սկսել են ավելի ակտիվ դիմակայել այդ զբոսանքներին, երիտասարդներին ծեծում են, իշխանական «հակաշարժումներ» են ձեւավորում եւ այլն:

– Նախ, որոշ բաներ զրպարտություններ են, ասեկոսեներ, որոնք ես ընդհանրապես հաշվի չեմ առնում, եւ հետո՝ քաղաքական, այսպես կոչված, զբոսանքները չեմ կարծում, որ որեւէ մեկին տհաճություն են պատճառում եւ իշխանությունները տրամադրված են խոչընդոտներ ստեղծել: Հակված եմ մտածել, որ այդ ամենը զբոսանքները կազմակերպողների եւ այլ՝ նույն թիմը ներկայացնող խմբերի կողմից կազմակերպված քաղաքական հնարքներ են: Դրանով փորձում են տպավորություն ստեղծել, որ այդ զբոսանքներն ինչ-որ մեկի համար իբր վտանգավոր են, եւ մարդիկ մտածում են դրանց դեմ պայքարել: Սակայն իրականում այդ ամենը՝ զբոսանք, թե ուրիշ բան, իրենից ոչինչ չի ներկայացնում: Իմ կարծիքով, իշխանությունները տրամադրված չեն այդ զբոսանքներին խոչընդոտներ ստեղծել:

– ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի թիվ մեկ պահանջը դարձյալ մնում է քաղաքական հայացքների համար ազատազրկվածներին ազատ արձակելը, սակայն իշխանություններն, ըստ ամենայնի, հակված չեն այդ պահանջը կատարել, դեռ ավելին՝ կալանավորվածների ազատազրկման ժամկետները շարունակ երկարաձգում են՝ կարծես առճակատման գնալով ԵԽ-ի հետ:

– Չեմ կարծում, թե իշխանությունները հակադրվում են Եվրոպայի խորհրդի որոշմանը, ավելի շատ հակված եմ մտածել, որ նախ իրավական դաշտում պետք է ապացուցվի՝ քաղաքական հայացքների համար կալանավորվածներ կա՞ն, թե՞ չկան, թե՞ տվյալ անձինք կալանավորվել են քրեական արարքների համար: Եվ երբ իրավականորեն կապացուցվի, որ քաղաքական հայացքների համար կալանավորվածներ կան, այդ ժամանակ արդեն, կարծում եմ, ճիշտ կլինի տալ հարցի պատասխանը: Իհարկե՝ եթե ապացուցվի, որ քաղաքական հայացքների համար են կալանավորվել, պետք է ազատ արձակվեն, իսկ եթե ապացուցվի, որ քրեական հետապնդելի արարքների համար են ազատազրկվել, պետք է պատասխան տան՝ ըստ մեղավորության աստիճանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել