Հաճախ եմ մտածել, անդրադարձել ու ինձ համար այդպես էլ չեմ կարողացել պարզել, թե Հոմերոսը իր վեհաշեն էպոսները գրելիս ինչ աչքով է տեսել իր հերոսներին եւ նրանց կյանքը մանրամասնության մեջ ինչպես է դարձրել ավելի կենդանի, ավելի իրական, քան, թերեւս, հայտնի եւ անհայտ ժամանակակիցների վկայությունները, որոնք այդ ամենը գուցե թե տեսել էին սեփական աչքերով: Ո՞վ էր, որ նրա համար, ում աչքերը անգամ լույսը չէին տեսել, անտեսանելի աշխարհի մեջ տեսանելի դարձրեց հերոսությունը, սերն ու դավաճանությունը, որով աշխարհը եւ մենք դաստիարակվեցինք: Ի՞նչ տեսողությամբ, ո՞ւմ շնորհած աչքով նա տեսավ ու բոլորին բերեց հասցրեց մեր ժամանակները՝ իր տեսիլքը ձեւակերպելով որպես մեր ապրած կյանքի ու ապրելիքի անսասան ուղենիշներից մեկը:
Եվ եթե Հոմերոս մեծը ի ծնե կույր էր, սակայն զարմանալիորեն տեսանող, ապա Չինգիզ խանը սովորական մահկանացուի նման տեսնում էր աշխարհն անցողիկ: Ու կյանքի մոտեցող մայրամուտին մի օր սարսափելի մի երազ տեսավ, մինչեւ այսօր էլ հայտնի չէ, թե ինչ էր տեսել խանը իր երազում: Հայտնի է, սակայն, մի բան, որ նա այդ երազը տեսնելուց հետո հավաքեց իր որդիներին եւ զորավարներին ու արդեն նվաղող, սակայն ազդեցիկ ձայնով հրամայեց՝ հասնել մինչեւ վերջին ծովը… Հետաքրքիր է, թե ինչ աչքով Չինգիզ խանը տեսավ այդ սահմռկեցուցիչ երազը, երբ որ արդեն հիվանդ էր ու վաղուց քնած… Աշխարհը արժանի չէ եւ ոչ մի երկիր արժանի չէ, որ իրենց ղեկավարեն երկու մարդ,- արդեն կարկամ լեզվով ասում էր խանը,- մեծ մեղքը հերոսացնում է մարդուն, փոքրը՝ նսեմացնում… Անկեղծ ասած, չգիտեմ՝ խանը այդ տողերն ասել է, թե ոչ, բայց դատելով իր հետեւորդներից՝ պետք է որ ասած լիներ:
Այնինչ ճշմարտությունը միեւնույն է՝ Հոմերոսի կողմն է, Խորենացու, որոնց աշխարհներում հաղթում է հավատարմությունը պետությանն ու հայրենիքին, նվիրումը՝ հերոսությանն ու սիրուն: Եվ եթե երկրի իշխանները մի առիթով օգնել են թագավորին, բոլորովին չի նշանակում, որ պահանջատեր պիտի լինեն սեփական թագավորից, քանի որ ունենալ թագավոր, ընտրել նախագահ, առաջին հերթին իրենց ու ազգի համար, է եւ երազատեսության տարաշխարհիկ աչքը այսօր պիտի որ դառնա իրատեսական աչք, եւ մենք ոչ միայն իրար նայենք, սիրենք կամ չսիրենք, այլ հասկանանք մի պարզ, այլ աշխարհներում փորձված իրողություն՝ մենք տեր դառնանք մեզ եւ մեր թագավորին: