Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ն արձագանքում է

Հուլիս 04,2008 00:00

Օրերս մեր թերթում տպագրված «Մաթեմատիկան բացակայում է քոլեջներում» հոդվածից հետո ԿԳ նախարարությունից ստացանք արձագանք: «Հայտնում ենք, որ հոդվածում տեղ գտած մտահոգությունների մի մասը լիովին ընդունելի է, սակայն իրականության հետ եզրեր չունի նյութի խորագիր դարձած այն պնդումը, թե մասնագիտական բաժիններում մաթեմատիկան իսպառ բացակայում է։ Նախ՝ քոլեջներում մաթեմատիկա՝ ի թիվս հանրակրթական այլ առարկաների, դասավանդվում է առավելապես հիմնական (9-ամյա) կրթության հիմքի վրա ուսուցանվող մասնագիտական բաժիններում։ Օրինակ` «Փոխադրումների կազմակերպում եւ երթեւեկության կառավարում ավտոտրանսպորտում» մասնագիտության ուսպլանով «Մաթեմատիկա» առարկան դասավանդվում է մեկ տարվա ընթացքում 213 ժամ, որը կազմում է հանրակրթությունում դասավանդվող՝ նույն առարկային տրամադրված ժամաքանակի 75%-ը: Միաժամանակ, հարկ է նշել, որ միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության հիմքով ուսուցանվող որոշ մասնագիտությունների ուսումնական պլաններով եւս, օրինակ, «Ապրանքագիտություն» մասնագիտությամբ մաթեմատիկա է դասավանդվում 255 ժամ։ Կամ «Դասավանդում տարրական դասարաններում» մասնագիտության ուսումնական ծրագրով նախատեսված է «Մաթեմատիկա» առարկայի դասավանդում եւ մեթոդիկա: «Շուկայաբանություն» եւ «Առեւտուր» մասնագիտությունների ուսպլաններով դասավանդվում է բարձրագույն մաթեմատիկա, «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» մասնագիտությամբ՝ բարձրագույն մաթեմատիկայի տարրեր եւ այլն։ Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցում աշակերտների՝ գիտելիքի վատ յուրացման խնդրին, ապա այն մեզ եւս մտահոգում է եւ բազմիցս բարձրաձայնվել է։ Դրա լուծմանն են ուղղված կրթության՝ այդ թվում հանրակրթության որակի բարելավմանն ուղղված ԿԳՆ ծրագրերը, որոնց իրականացման համար ներկայում հստակ աշխատանքներ են կատարվում։ Օրինակ, դրան է ուղղված հանրապետությունում ավագ դպրոցների ներդրման ծրագիրը, որը նպատակ ունի, այս կամ այն մասնագիտության ընտրությամբ եւ պահանջով պայմանավորված, իրականացնել հոսքային ուսուցում եւ բարձրացնել շրջանավարտի գիտելիքի մակարդակը։ Այս բարեփոխումների շնորհիվ հետագայում նախատեսվում է ավագ դպրոցի հանրակրթական առարկաների վերանայված ծրագրերի հիմնական բաղադրիչները ներդնել նաեւ հիմնական կրթության հենքով արհեստագործական ուսումնարաններում եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Իսկ հանրակրթական ծրագրի լիարժեք յուրացման խնդիրը լուծելու փոխարեն այն դպրոցից քոլեջ կամ բուհ տեղափոխելու մոտեցումը ընդունելի եւ ճիշտ չէ. կրթական յուրաքանչյուր աստիճան պետք է ապահովի իր ծրագիրը։ Այլ հարց է՝ ԵՊՀ-ում ներդրված փորձի նման, ուսանողների տրամաբանության եւ մտածողության որոշակի հատկություններ զարգացնելու նպատակով մաթեմատիկայի դասավանդումը նաեւ քոլեջների ոչ մասնագիտական բաժիններում։ Սա քննարկման նյութ է, սակայն պետք է նկատել, որ տվյալ դեպքում եւս նույն ԵՊՀ-ում կամ այլուր խնդիր չի դրվում ուսանողներին մատուցել մաթեմատիկական տարրական գիտելիք»,- ասված է ԿԳ նախարարության լրատվականից ուղարկված պարզաբանման մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031