Լրահոս
Օրվա լրահոսը

Զեղչեր՝ ուսանողների համար

Հուլիս 04,2008 00:00

Ծնողներն ու դիմորդները մտահոգված են, որ այս «մասով» անարդարություններ չլինեն

Ընդունելության քննություններով պայմանավորված, «Առավոտը» վերջերս անընդհատ մտահոգություններ, նամակներ է ստանում ծնողներից եւ դիմորդներից, որոնք հետաքրքրվում են, թե ընդունվելուց հետո իրենք ի՞նչ պայմաններում են սովորելու բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: «Առավոտը» նրանց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստացավ ԿԳՆ-ից:

Օրինակ՝ նամակագիրներից Ս. Վարդանյանին հետաքրքրում է, թե մահացած միայնակ մոր երեխան պետական բուհում կամ միջին մասնագիտական հաստատությունում, տվյալ դեպքում՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, սովորելու է անվճա՞ր, թե՞ վճարովի: ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն այս հարցի կապակցությամբ վկայակոչեց այս տարի հաստատված կանոնակարգը եւ պարզաբանեց. «Գոյություն ունեն խմբեր, որոնք միջին մասնագիտական հաստատություններ ընդունվելիս ունեն արտոնություններ: Դրանք են 1-ին, 2-րդ կարգի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տված եզրակացության համաձայն՝ տվյալ մասնագիտությամբ սովորելը եւ հետո աշխատելը հակացուցված չէ: Անվճար կարող են սովորել նաեւ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված եւ առաջին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները, ժամկետային զինծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները՝ համաձայն ՀՀ ՊՆ եւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների վարչությունների տված տեղեկանքների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները եւ այդ թվին պատկանող անձինք, որոնց 23 տարին չի լրացել, ինչպես նաեւ նրանք, ովքեր բժշկական հիմնարկներում ավելի քան 5 տարվա կրտսեր բուժաշխատողի աշխատանքային փորձ ունեցող դիմորդներ են»: «Առավոտը» Ա. Աղբալյանից հստակեցրեց, թե տվյալ դեպքում՝ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ ընդունվող դիմորդին ի՞նչ է սպասվում: «Եթե համապատասխան փաստաթղթերը ներկայացնի եւ ընդունելության քննության ժամանակ ստանա դրական գնահատականներ, ապա ԿԳՆ-ի տրամադրած պահուստային տեղերի հաշվին մրցույթից դուրս կընդունվի անվճար համակարգ: Դիմորդը պիտի գործերը տա տվյալ հաստատություն՝ կից ներկայացնելով բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում են իր՝ երկկողմանի ծնողազուրկ լինելուն: Երբ բոլոր քննություններից ստանա գոնե դրական միավորներ, արդեն ընդունված է անվճար համակարգ, այն էլ՝ մրցույթից դուրս»,- պատասխանեց Ա. Աղբալյանը:

Մյուս մտահոգությունը կապված էր այն հարցի հետ, թե արդյո՞ք առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսումը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: ԿԳՆ բարձրագույն մասնագիտական կրթության քաղաքականության մշակման եւ կազմակերպման բաժնի պետ Մհեր Մելիք-Բախշյանը «Առավոտի» հետ զրույցում վկայակոչեց ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշումը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տալու մասին: Ըստ դրա՝ ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակի) ուսանողի ուսման վճարը՝ ՀՀ պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, բուհի, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին: Ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարը լրիվ փոխհատուցվում է օրենքով նախատեսված որոշ խմբերի, որոնց մեջ են մտնում առանց ծնողական խնամքի մնացած ուսանողները եւ նրանց թվին պատկանող անձինք՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Մեր ընթերցողներից մեկին հետաքրքրում էր, թե միայնակ մայրերի երեխաները պետական բուհերում սովորելիս ունե՞ն արտոնություններ՝ վճարի հետ կապված, իսկ մեկ այլ ընթերցող՝ Լ. Սարգսյանն էլ հարցնում էր՝ զեղչերի համակարգը տարածվո՞ւմ է այն ընտանիքների վրա, որոնք նույն կամ տարբեր բուհերում սովորող 2 եւ ավելի երեխաներ ունեն: Պարոն Մելիք-Բախշյանը այս առիթով վկայակոչեց վերը նշված կարգը, որի համաձայն՝ բուհը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10%-ին՝ ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին ուսման վճարը մասնակի փոխհատուցում է սոցիալապես անապահով ուսանողներին, միակողմանի ծնողազուրկ ուսանողներին, 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքներին, վճարովի ուսուցման համակարգում 2 եւ ավելի ուսանող ունեցող ընտանիքներին: Մասնակի փոխհատուցվող ուսանողական վճարների չափը սահմանում եւ այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը: Բուհերում էլ ուսանողական նպաստներ տալու դիմումները ընդունվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել