Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հուլիս 04,2008 00:00

Արոնյանը կխաղա Վեյկ ան Զեեում

\"\"Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եկող տարվա հունվարի 16-ից փետրվարի 1-ը կմասնակցի «Corus Chess 2009» 71-րդ միջազգային մրցաշարին, որն ավանդաբար անցկացվում է Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում:

Հիշեցնենք, որ Արոնյանն այդ հեղինակավոր մրցաշարի գործող չեմպիոնն է: Վեյկ ան Զեեում այս տարի հանդես գալու իրենց պատրաստակամությունն արդեն հաստատել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը եւ Սերգեյ Կարյակինը (երկուսն էլ՝ Ուկրաինա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Լյուկ Վան Վելլին, Դանիել Ստելվագենը, Յան Սմիթսը (բոլորն էլ՝ Նիդեռլանդներ): Այս խմբում ընդգրկվել է նաեւ «Corus 2008»-ի «B» խմբի հաղթող, Եվրոպայի ներկայիս փոխչեմպիոն Սերգեյ Մովսիսյանը, որը ներկայացնում է Սլովակիան:

Կազմակերպիչները տեղեկացնում են, որ «Corus 2009»-ի մասնակից 14 գրոսմայստերների վերջնական ցուցակը կհրապարակվի հոկտեմբեր ամսին:

Նալբանդյանը կմեկնի Պեկին

\"\"Թենիսի միջազգային ասոցիացիան հրապարակել է բոլոր այն թենիսիստների անունները, որոնք հանդես են գալու օգոստոսին Պեկինում կայանալիք ամառային 29-րդ օլիմպիական խաղերում: Աշխարհի ուժեղագույն վարպետների ցուցակում ընդգրկված է նաեւ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի անունը:

 

 

Այնուամենայնիվ, չեն մեկնի Պեկին

Բուլղարիայի ազգային օլիմպիական կոմիտեն (ԲՕԿ), այնուամենայնիվ, որոշել է դոպինգ-ստուգումը չանցած ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց հավաքականներին չթույլատրել մասնակցել օլիմպիական խաղերին: ԲՕԿ-ի նախագահ Ստեֆկա Կոստադինովան «Ֆոկուս» գործակալությանը հայտարարել է հետեւյալը. «Մենք ստացանք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանի նամակը, որում ասված է, որ «B» անալիզի պատասխանները հայտնի կլինեն միայն հուլիսի 22-23-ին: Հավանականությունը, որ դրանց պատասխանները բացասական կլինեն, ընդամենը մեկ տոկոս է: Դրա համար որոշեցինք հավաքականները հեռացնել Խաղերից»:

Գողություն են արել

Ֆուտբոլի գլխավոր մրցավարի օգնականներ Արման Երիցյանն ու Արթուր Իգիթյանը ցմահ որակազրկվել են եւ հեռացվել ՀՖՖ համակարգից:

Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՖՖ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Տարածված տեղեկատվության մեջ նշվում է, որ հունիսի 28-ին Կիպրոսում կայացած «Ինտերտոտոյի» գավաթի առաջին տուրի «Էթնիկոս Ախնաս» (Կիպրոս)-«Բեսա» (Ալբանիա) պատասխան հանդիպումը սպասարկում էր Հայաստանի մրցավարական անձնակազմը՝ Կարեն Նալբանդյանի գլխավորությամբ: Հանդիպման հաջորդ օրը Լիմասոլ քաղաքի հյուրանոցներից մեկի խանութում գողություն է կատարվել, որի մեջ մեղադրվել են մրցավարի օգնականներ Արման Երիցյանն ու Արթուր Իգիթյանը, ինչի մասին Կարեն Նալբանդյանը տեղեկացվել է մոտ մեկ ժամ հետո:

Հուլիսի 2-ին գումարվել է ՀՖՖ մրցավարական կոմիտեի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են միջադեպի մանրամասները՝ հիմնված նրանց գրավոր խոստովանության վրա եւ որոշվել «Բարոյաէթիկական նորմերը խախտելու, Հայաստանի քաղաքացու պատիվն արատավորելու համար Ա. Երիցյանին եւ Ա. Իգիթյանին ընդմիշտ որակազրկել մրցավարական գործունեությունից եւ հեռացնել ՀՖՖ համակարգից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031