Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքր թատրոնը»՝ մեծ երկրում եւ «Ոսկե ծիրանի» 5 ժյուրին

Հուլիս 04,2008 00:00

Երկու ասուլիս՝ երկու փառատոնի առիթով

Հունիսի 19-22-ը Գերմանիայի Ռուդոլշտադտ քաղաքում կայացել է «Ֆանտաստիկ» խորագրով մանկապատանեկան թատրոնների առաջին միջազգային փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացրել է Վահան Բադալյանի ղեկավարած Փոքր թատրոնը՝ «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացմամբ: Երեկ մշակույթի նախարարությունում այդ առիթով ասուլիս էր հրավիրված:

Վ. Բադալյանը տեղեկացրեց, որ գերմանական փառատոնին մասնակցում էր 10 թատերախումբ՝ 8 երկրից, նաեւ հավելեց, որ «Ֆանտաստիկի» մասին իրենք ինտերնետից են տեղեկացել ու ուղարկել ներկայացման DVD-ն: Երիտասարդ շնորհալի ռեժիսորի վերոնշյալ ներկայացումը, որ Հայաստանում «Արտավազդ» մրցանակի էր արժանացել, Գերմանիայում էլ է ջերմությամբ ընդունվել: Վահանն ասաց, որ փառատոնի լոգոն հայաստանյան ներկայացման լուսանկարով էր, ամենուր փակցված պաստառներն ու բուկլետները եւս նույնպիսի ձեւավորում ունեին. «Ամբողջ քաղաքն ասես մեր ներկայացման տրամադրության տակ լիներ»:

Բանախոսը պատմեց, որ իրենց «Օֆելյայից» հետո հանդիսատեսը շուրջ 15 րոպե հոտնկայս ծափահարել է, իսկ մամուլը հաջորդ օրերին բարձր գնահատական է տվել, փաստելով, որ Հայաստանի խմբի ներկայացումը փառատոնի գագաթնակետն էր: «Բոլորը զարմացել էին մեր երեխաների պրոֆեսիոնալիզմով, իսկ երբ ասում էինք Հայաստանից ենք, շատերը մեր երկրի տեղն էին հարցնում»,- նշեց Վահանը: Նաեւ տեղեկացրեց, որ «Ֆանտաստիկից» հետո՝ իրենք այլ փառատոների մասնակցելու հրավերներ են ստացել: Խոսքը վերաբերում է մասնավորապես Իռլանդիա, Մակեդոնիա եւ Ռուսաստան մեկնելուն: Փառատոնի բոլոր մասնակիցներին տրվել են մասնակցության սերտիֆիկատներ, մրցանակներ չեն եղել, որովհետեւ «Ֆանտաստիկը» մանկապատանեկան միջոցառում էր:

Երեկ ասուլիս էին հրավիրել նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներ Հարություն Խաչատրյանն ու Միքայել Ստամբոլցյանը: Նրանք տեղեկացրին, որ իրենց փառատոնը կունենա 5 ժյուրի՝ խաղարկային, վավերագրական, «Հայկական համայնապատկերի», նաեւ էկումենիկ եւ FIPRESCI: Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է իրանցի հանրահայտ կինոռեժիսոր Դարյուշ Մեհրուջին, վավերագրական կինոյինը՝ ավստրիացի անվանի կինոռեժիսոր, գրող եւ օպերատոր Միխայել Գլավոգերը, «Հայկական համայնապատկերինը»՝ ամերիկաբնակ Անահիտ Նազարյանը, որի կինոկարիերան սկսվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի համագործակցությամբ: FIPRESCI-ի ժյուրին այս տարի ղեկավարում է Daily Telegraph-ի, The Independent-ի եւ այլ թերթերի թղթակից Շեյլա Ջոնթսոնը՝ Մեծ Բրիտանիայից, իսկ էկումենիկ ժյուրիի կազմում են բելգիացի լրագրող եւ կինոքննադատ Ժոս Հոռեմանսը եւ Ֆրանսիայի ռեֆորմիստական ու Ժնեւի բողոքական եկեղեցիների պաստոր Դընիզ Մուլեն:

«Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը նաեւ նշեց, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի կինոաշխարհի դեմքերի անցկացրած վարպետության դասերն ավելի շատ կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031