Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԶԱ ԲԻԼԱՎԱՅԻ «ՀԱՅԿԱԿԱՆ» ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 04,2008 00:00

\"\"Այս ամերիկացի կոմպոզիտորի շնորհիվ առաջին անգամ ԱՄՆ-ում հայ կոմպոզիտորներին պատվիրել են սիմֆոնիկ գործեր:

Օրերս Կամերային երաժշտության տանը կայացած նորաստեղծ Մենակատարների պետական անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Զավեն Վարդանյան) համերգի ծրագրում ընդգրկված էր նաեւ ամերիկացի կոմպոզիտոր եւ երգչուհի Լիզա Բիլավայի «Անկատար ուղարկվեցի այս աշխարհ…» ստեղծագործությունը՝ սոպրանոյի եւ կամերային անսամբլի համար, գրված՝ ըստ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդի»: Իր երկի պրեմիերային ներկա էր առաջին անգամ Հայաստան այցելած կոմպոզիտորը, ով կատարեց սոպրանոյի պարտիան:

«Առավոտի» հետ զրույցում Լ. Բիլավան հայտնեց, որ ինքը շրջագայում է աշխարհով մեկ՝ հանդես գալով ե՛ւ որպես կոմպոզիտոր, ե՛ւ որպես երգչուհի, շուրջ տասը տարի Նյու Յորքում անցկացնում է իր կողմից հիմնած «MATA» կոմպոզիտորների փառատոնը, ներկայացնելով աշխարհի տարբեր ազգերի ստեղծագործողներին: Շուրջ 15 տարի էլ եղել է ճանաչված կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասի ղեկավարած անսամբլի մեներգչուհի, ներկայումս հանդիսանում է Բոստոնի Modern սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Գիլ Ռոուզ) օֆիցիալ կոմպոզիտոր: Լ. Բիլավան ասաց, որ Եվրոպայում եւ Ամերիկայում ընդունված ձեւ է նվագախմբերի եւ կոմպոզիտորների միջեւ համագործակցությունը. «Այդ նվագախմբի հետ կնքել եմ պայմանագիր եւ հիմնականում գրում եմ իրենց պատվերով եւ իրենց համար»: Լ. Բիլավան տեղեկացրեց, որ, օրինակ, վերջերս նվագախումբը հանդես է եկել Տիգրան Մանսուրյանի եւ Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունների կատարումով. «Համերգներն անցան հեղինակավոր «Jordan Hall»-ում: Առաջին անգամ էր, որ ամերիկացիները հայ կոմպոզիտորներին պատվիրել էին սիմֆոնիկ գործեր»:

Հարցին՝ արդյո՞ք այստեղ մեծ է նաեւ իր դերը եւ եթե՝ այո, ապա որտեղի՞ց է գալիս հայկական ժամանակակից կոմպոզիտորների հանդեպ ունեցած հետաքրքրությունը, տիկին Բիլավան պատասխանեց. «Խոստովանեմ, որ ունեմ դերակատարություն, իսկ հայ երաժշտությանը ժամանակին ինձ ծանոթացրել է բեռլինաբնակ կոլեգաս՝ կոմպոզիտոր Պետրոս Հովսեփյանը: Նա ինձ ներկայացրել է Կոմիտասից մինչեւ Տերտերյան ու այսօրվա ձեր ստեղծագործողներին: Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ ծանոթացրել է համերկրացիս՝ ջութակահար Քոլին Ջակոփսենը: Հայաստանյան այս համերգի գաղափարն էլ Վաչեինն է, ով ամիսներ առաջ իմ որոշ ստեղծագործություններ ներկայացրեց Զավեն Վարդանյանին, ապա հետեւեց հրավերը»:

Լիզա Բիլավայից հետաքրքրվեցինք, թե Ամերիկայում ո՞ւմ պատվերով են կոմպոզիտորները ստեղծագործում՝ հիմնականում պետությա՞ն, թե՝ անհատների: Մեր զրուցակիցը, նշելով, որ կոմպոզիտորի գործն իր երկրում էլ հեշտ չէ, որ իր կոլեգաներից ոմանք պարզապես դադարում են ստեղծագործել, այդուհանդերձ, փաստեց, որ Ամերիկայում հնարավորությունները շատ են. «Մեր դաշտում մրցակցությունը մեծ է եւ դիմանում են, կայանում են ոչ միայն բարձրակարգ արվեստագետները, այլեւ պարզապես ուժեղները: Պետության աջակցությունը շատ չնչին է, ունենք բազմաթիվ ֆոնդեր, ֆինանսական աջակիցներ, վերջիններիս «մասնակցությունը» մեր գործում կազմում է շուրջ 95%, մինչդեռ Եվրոպայում, օրինակ, այլ է՝ նրանց մոտ պետությունն է հոգում ֆինանսական մեծ ծախսերը: Ես չեմ կարող այս պահին ասել՝ ֆինանսավորման խնդիրը Ամերիկայո՞ւմ, թե՞ Եվրոպայում է ճիշտ ուղու վրա դրված: Մի բան հաստատ կարող եմ ասել, որ կոմպոզիտորները, անկախ ազգությունից, պետք է ձեռք մեկնեն իրար, որովհետեւ, եթե կա ֆինանսավորող, ապա նրա կողմից կա վերահսկողություն: Օրինակ, իմ փառատոնին աջակցող մի կազմակերպություն իր պայմաններն էր թելադրում, ասելով, որ իրեն չի գոհացնում ինչ-որ երկրների կոմպոզիտորների մասնակցությունը եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել