«Գիտնական տեղակալին փոխարինել են 20 տարվա բուֆետչիկով»
Թերեւս այսպես է պնդում վարչական դատարանում իր պաշտոնը վերականգնել ակնկալող բնապահպանության նախարարության քաղծառայողի դասային առաջին աստիճանից զրկված Հենրիկ Մարտիրոսյանը: Հուլիսի 1-ին Վարչական դատարանում (նախագահող՝ Քրիստինե Մկոյան) շարունակվեց 2001 թվականից բնապահպանության նախարարության (ԲՆ) աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանի հայցադիմումի լսումը: Այն ընթանում է արդեն 6 ամիս: Հայտնենք, որ Հ. Մարտիրոսյանը ԲՆ աշխատակազմի ղեկավարի համապատասխան հրամանագրով 2007-ի դեկտեմբերին ազատվել է աշխատանքից: 6 անձից բաղկացած բազմանդամ ընտանիքում միակ աշխատող քաղաքացու պահանջն է՝ վերականգնել աշխատանքում, վերադարձնել օրենքով սահմանված լիազորությունները եւ տալ վնասների փոխհատուցում: Հ. Մարտիրոսյանն իր հայցադիմումում նշում է, որ 2005թ. սկսած՝ ԲՆ աշխատակազմի ղեկավարը եւ ԲՊՏ-ի պետը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի (ՔԾԽ) հովանավորությամբ, չարաշահում են իրենց լիազորությունները՝ կատարելով անօրինական գործողություններ իր նկատմամբ՝ ընդհուպ հետապնդումներ ու ճնշումներ: Ըստ հայցվորի, զբաղեցրած պաշտոնից ինքնակամ հեռանալու համար կիրառվել են մի շարք պատժիչ միջոցներ. չեն հատուցվել ծառայողական գործուղումների համար Հ. Մարտիրոսյանի կատարած ծախսերը՝ շուրջ 1.439.200 դրամ: «Մինչդեռ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում կատարած իմ վերահսկողության արդյունքում պետբյուջե եմ մուտքագրել 7.800.000 դրամ: Ամենաբարձր ցուցանիշները ես եմ տվել բաժնում, բայց իմ հաշվետվությունը գնահատվել է բացասական, որի մասին իմացել եմ ամիսներ անց»,- դատական նիստից հետո «Առավոտին» ասաց հայցվորը: Հ. Մարտիրոսյանը հայտնեց, որ իրեն 2005թ.-ից զրկել են նաեւ հասանելիք միանվագ պարգեւատրումից, դադարեցրել են աշխատավարձի՝ 1 միավորով ավելացումը. «2006 թ. հունիսի 1-ից հատուցման պայմանով վճարել եմ բաժնի տարածքի վարձը, որը կազմում է 500.000 դրամ, սակայն փոխհատուցում չի կատարվել»:
Էկոլոգիայի ոլորտում գիտությունների թեկնածու եւ առաջիկայում դոկտորական ատենախոսություն պաշտպանել պատրաստվող Հ. Մարտիրոսյանի համոզմամբ՝ իրեն միտումնավոր մեկուսացնելու նպատակն ակնհայտ է, քանի որ, ըստ նրա, կարգապահական տույժը, այսինքն՝ ծառայողական քննության անցկացման արդյունքում պաշտոնից ազատումը, համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, կատարվում է միայն այն դեպքում, երբ քաղծառայողը տարվա ընթացքում երկրորդ անգամ է խիստ նկատողություն ստանում, մինչդեռ ինքը, ինչպես հավաստիացրեց, նախարարության աշխատակազմի պետի կողմից նույնիսկ նախազգուշացման չի ենթարկվել:
ԲՆ իրավաբանության վարչության պետ, պատասխանող Լեւոն Գեւորգյանը հրաժարվեց «Առավոտին» ներկայացնել իրենց հիմնավորումները, թե ինչպիսի՞ ծանրակշիռ փաստերի առկայությամբ են ազատել Հ. Մարտիրոսյանին պաշտոնից՝ պատճառաբանելով. «Ձեր հրապարակումները կարող են ազդել դատարանի որոշման վրա: Կգնահատի դատարանը»: Միայն ՔԾԽ-ի ներկայացուցիչ Գալուստ Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Հ. Մարտիրոսյանը պաշտոնավարման ժամանակ մի քանի կարգապահական պարտավորություններ պատշաճ չի կատարել, գերազանցել է լիազորությունները, որը ապացուցվել է ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստերով, ուստի՝ կայացվել է համապատասխան որոշում: Մեր հարցին՝ ԲՆ-ի ծառայողական պարտականություններն իրավասո՞ւ եք ուսումնասիրել, որպեսզի եզրակացնեք, թե ով է այս դեպքում լիազորությունները գերազանցել, Գ. Դավթյանը պատասխանեց. «Միանշանակ ուսումնասիրվել է: Երկու կողմերի փաստարկներն ու հակափաստարկները համադրվել են օրենքի հետ»:
Հ. Գ. Ինչ վերաբերում է հուլիսի 1-ի դատական ընթացքին, ապա տեղեկացնենք, որ այն հետաձգվեց, քանի որ հայցվորի գործուղումների առնչությամբ ԲՆ վերահաշվարկները չէին համապատասխանում հայցվորի ներկայացրած հաշվարկներին, ուստի դատավոր Ք. Մկոյանը մինչեւ հուլիսի 18-ը ժամանակ տվեց պատասխանող կողմին՝ կրկին վերահաշվարկ կատարելու համար: