Լրահոս
Օրվա լրահոսը

Մաղարիչո՞վ է բաշխել

Հուլիս 04,2008 00:00

Վթարային շենքի բնակիչները փոխհատուցումից դժգոհ են

Մոտ 2 ամիս առաջ Աջափնյակ համայնքի Սիսակյան 22 վթարային շենքի բնակիչներին Մալաթիա-Սեբաստիա համայնքում նոր բնակարաններ են հատկացրել:

Չնայած քաղաքապետարանի պատասխանատուների այն հավաստիացումներին, որ վթարային շենքերի բնակիչները տեղը տեղին, դեռ մի բան էլ ավելի փոխհատուցվել են, կան մարդիկ, ովքեր քաղաքապետարանի լավությունից խիստ դժգոհ են՝ վստահեցնելով, որ այդ հատկացումները կատարվել են բազմաթիվ կեղծիքներով: Սիսակյան 22 շենքի նախկին բնակիչ Գայանե Զաքարյանի խոսքերով՝ «Ով կարողացել է մի լավ մաղարիչ անել կամ լավ թիկունք է ունեցել, նրան եղած սենյակներից դեռ մի բան էլ ավելի են տվել: Իսկ ինձ օրենքով երկու սենյականոց բնակարան էր հասնում, բայց 1-ը տվեցին: Կառավարության 2008 թվականի փոփոխված թիվ 682 որոշման մեջ նշված է՝ «9 տարեկանից մեծ՝ տարբեր սեռերի 2 անձից (բացի ամուսիններից) եւ 3 անձից բաղկացած ընտանիքին հատկացնել 2 սենյականոց բնակարան, իսկ 4 եւ 5 անձից բաղկացած ընտանիքին՝ 3 սենյականոց, 6 եւ 7 անձից բաղկացածին՝ 4 սենյականոց»: Տիկին Գայանեի ներկայացմամբ. «Ձմեռվա ցրտին, փոքր երեխայիս հետ, նախընտրական օրերին մի կերպ մոտեցանք Սերժ Սարգսյանին ու մեր նամակը տվեցինք, որով խնդրում էի մեր բնակարանային հարցը լուծեն: Դրանից հետո որոշում եղավ նոր բնակարաններ հատկացնել: Բայց ստացվում է՝ քաղաքապետարանը նույնիսկ հաշվի չի առնում կառավարության որոշումը, ու ոնց ուզում՝ էդպես էլ բաշխում է բնակարանները: Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը տեղյակ էլ չէ, որ իր հրամանը աղավաղված են կատարում: Ախր անհնար է 6 հոգով բնակվել մեկ սենյականոցում, այն էլ՝ եթե չափահաս եւ անչափահաս տարբեր սեռի երեխաներ կան»: Գ. Զաքարյանը մոտ 20 տարի բնակվել է Սիսակյան 22 հասցեում եւ բոլոր բնակվարձերը նորմալ մուծել է, բայց, ըստ նրա, քաղաքապետարանը հաշվի չի առել, որ նա միայնակ, բազմազավակ մայր է եւ սոցիալապես անապահով. «Ինձ ասում են՝ ապօրինի ես այդտեղ ապրում եւ գոհ եղիր, որ այդ 1 սենյակն էլ հատկացրել ենք: Եթե այդքան օրինապաշտ են, բա էդ ո՞նց ստացվեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քրոջը, որը փախստական է եւ վթարային շենքում միայնակ է բնակվել ու զբաղեցրել ընդամենը 1 սենյականոց բնակարան, նորակառույց շենքում փոխհատուցվել է 3 սենյականոց բնակարանով, ընդ որում՝ նա այդ նոր շենքում էլ է բնակվում մենակ: Երբ մյուս բնակիչներին, որոնց եղածից ավելի սենյակներ են տվել, հարցնում էի, թե էդ ո՞նց էդպես ստացվեց, ասում էին՝ դե, ԺԷԿ-ի հատուկ կարգադրությամբ, այսինքն՝ մարդիկ նկուղ կամ խորդանոց են ունեցել, դա էլ են հաշվի առել ու 1 կամ 2 սենյական ավել են տվել»:

Այս առնչությամբ՝ քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանն «Առավոտին» վստահեցրեց, որ Գ. Զաքարյանի պահանջները չեն բխում կառավարության թիվ 682 որոշման պահանջներից. «Այդ որոշումով նախեւառաջ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ օրդեր կա, 2-րդը՝ բռնագաղթածներն են, ընդ որում, այս դեպքում սենյակների եւ բնակարանի քանակը պահպանվել է, այսինքն՝ եթե 2 սենյականոց է եղել, 2 սենյականոց տալ, եւ 3-րդ հանգամանքը՝ ապօրինի բնակվողներն են, որոնց վերաբերյալ որոշվեց բնակարաններ հատկացնել մինուս մեկով, այսինքն՝ եթե 2 սենյականոց է՝ հատկացնել 1-ը, եթե 1 սենյականոց է՝ հատկացնել էլի 1, բայց այս դեպքում պետք է ավելի մակերեսով հատկացնել: Անկախ նրանից, թե քանի անձ է բնակվում այդ բնակարանում, նույն քանակի սենյակ պետք է հատկացվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031