Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ՝ ԲԱՐԵԿԱՐԳ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ

Հուլիս 04,2008 00:00

\"\"Նորանկախ Հայաստանում մինչեւ 2004 թվականը մայրաքաղաքում փողոցների ասֆալտապատման ուղղությամբ վերանորոգման եւ վերականգնման որեւէ աշխատանք քաղաքային ծրագրերով չի կատարվել:

Միայն այս փաստն արդեն խոսում է այն մասին, որ մայրաքաղաքի փողոցներն ավելի վատ վիճակում լինել չէին կարող: 2004-ի դրությամբ մայրաքաղաքում նորմալ վիճակում ընդամենը 20 փողոց կար, որից 17-ը «Լինսի» հիմնադրամի առաջին ծրագրով վերանորոգված ու վերակառուցված փողոցներն էին: 2004-ի երկրորդ եռամսյակից, սակայն, Երեւանի քաղաքապետարանի տարբեր ծրագրերով ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ են սկսվել: 2004-ին արդեն մայրաքաղաքում կատարվեցին 290 հազար քմ փողոցների ասֆալտապատման, վերանորոգման աշխատանքներ: Բայց դրանք հիմնականում փոսալցման աշխատանքներ էին, քանի որ տրամադրված գումարներով հնարավոր էր ընդամենը փողոցներն ինչ-որ չափով անցանելի դարձնել: Առաջին ծրագրերից հետո արդեն ամեն տարի ավելանում են մայրաքաղաքի փողոցների վերանորոգման համար տրամադրվող գումարները, հետեւաբար՝ ավելանում են նաեւ կատարվող աշխատանքների ծավալները:

Ընդհանուր առմամբ, վերջին հինգ տարիների կտրվածքով մայրաքաղաքում կատարվել է եւ այս տարվա ծրագրերով ավարտին կհասցվի 2 մլն 600 հազար քմ ասֆալտապատման աշխատանք՝ ներառյալ տրամվայի գծերի ապամոնտաժումը եւ այդ փողոցների բարեկարգումը: Իրականացվել են մայրաքաղաք մուտք գործող մագիստրալային ճանապարհների վերակառուցման-վերանորոգման աշխատանքներ՝ օդանավակայանից եկող Իսակովի պողոտան, Ազատության պողոտան եւ Արցախի փողոցը, որոնք լիովին համապատասխանում են ճանապարհաշինության եւ շահագործման ժամանակակից պահանջներին: Այս ամենի համար վերջին հինգ տարիներին հատկացվել է 11 միլիարդ դրամ գումար: Այս տարվա «Լինսի» հիմնադրամի ծրագրերով, ինչպես հայտնի է, նույնպես կատարվում են մայրաքաղաքի երեք փողոցների վերանորոգման աշխատանքներ՝ Կոմիտաս, Տիգրան Մեծ եւ Սարալանջի մայրուղի: Կատարված այս համալիր աշխատանքներն արդեն քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանին թույլ են տալիս հատարարել, որ այլեւս՝ «առավոտից երեկո ոչ թե վազելու ենք այս կամ այն փոսը լցնելու համար, այլ կապիտալ կամ կապիտալին մոտ՝ վերանորոգման, վերակառուցման, ասֆալտբետոնե ծածկի փոխման աշխատանքներ են կատարվելու»:

Ֆրունզ Բասենցյանի տեղեկացմամբ, քաղաքապետի հանձնարարականով, տեղացի գիտնականների հետ համատեղ երկու տարի տեւած աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է նոր նյութ, որը հնարավորություն է տալիս սպասարկման աշխատանքները լավագույնս կազմակերպել: Անցած տարի փորձնական կիրառումից հետո, այժմ արդեն ավելի արդյունավետ աշխատանքի մեթոդներ են հայտնաբերվել ճաքալցման աշխատանքներ կատարելու ուղղությամբ: Մինչ այդ՝ նման սպասարկում մեր երկրում չի եղել: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել փողոցի բարեկարգ տեսքը, այլեւ, այսպես ասած, երկարաձգել ասֆալտի կյանքը 4-5 տարով, հետեւաբար՝ նաեւ ճանապարհի շահագործման ժամկետը: Այդ նյութի շնորհիվ հալոցքների ժամանակ ջուրը չի ներծծվում ասֆալտի մեջ: Այս նպատակին ծառայող երկրորդ նյութը նույնպես արտադրվում է Հայաստանում, բայց կարեւոր բաղադրիչներից մեկը եւ բաղադրատոմսը ներկրվում է Ֆրանսիայից:

Այժմ մայրաքաղաքում ընդամենը երեք փողոց կա, որտեղ պետք է ապամոնտաժվեն տրամվայի գծերը՝ Արցախի, Դավիթ Անհաղթի եւ Բագրատունյաց փողոցների մեկական հատվածը: Անմխիթար վիճակում են նաեւ Թբիլիսյան խճուղին ու Դավիթ-Բեկի փողոցները, որոնք օր առաջ հիմնանորոգում են պահանջում: Դավիթ-Բեկն արդեն ընդգրկված է 2009-ի նախնական ծրագրերում: Իսկ առաջիկայի համար, պարոն Բասենցյանի հավաստմամբ, տարեկան 350-400 հազար քմ ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքներ են նախատեսվում. «Մոտակա երկու տարիներին էլ եթե հնարավոր լինի այս կամ անցյալ տարվա տեմպերով կապիտալ աշխատանքներ կատարել, Երեւանում մեզ կմնա միայն սպասարկման աշխատանքներ: Քանի որ մենք լավ շինարարական կազմակերպություններ ունենք՝ հագեցած նորագույն տեխնիկայով եւ լավ մասնագետներով, նաեւ աշխատանքների որակի խնդիր չենք ունենում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031