Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԱԼԱՆՔԸ ԽՈՉԸՆԴՈՏԵՑ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ

Հուլիս 04,2008 00:00

ԱՄՆ-ում բնակվող ճարտարապետ, «Երեւան» հայրենակցական միության նախագահ Արկադի Բաղրամյանը երեկ «Առավոտի» հետ զրույցի ընթացքում հայտնեց. «2003 թվականից մենք համագործակցել ենք ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի եւ նրա ղեկավար Հովհաննես Հարությունյանի հետ, այստեղ իրականացրել բարեգործական տարբեր ծրագրեր, օգնություններ տրամադրել հաշմանդամ ազատամարտիկներին, զոհվածների ընտանիքներին եւ այլն: Մեր համագործակցությունն այսքան տարի շարունակվելու հիմնական պատճառը հենց այն է եղել, որ վստահություն է եղել Հովհաննես Հարությունյանի նկատմամբ: Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես է նա մեր ուղարկած օգնությունը մանրակրկիտ բաժանել, ոչ մի փշուր ուրիշ տեղ չի գնացել եւ ամեն ինչ ծառայել է իր նպատակին»:

Հիշեցնենք՝ ԵԿՄ վարչության անդամ, գնդապետ Հովհաննես Հարությունյանը նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր եւ այժմ դատապարտված է մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման՝ մոտ 40 փամփուշտ պահելու համար: Մեր հարցին, թե ինչպե՞ս ընդունեց նրան ազատազրկելու մասին լուրը՝ Արկադի Բաղրամյանը պատասխանեց. «Շատ վատ, շատ ծանր: Քանի որ բացի նրանից, որ մեզ հետ համագործակցության ընթացքում նրան ճանաչել եմ որպես լավ մարդու՝ ես գիտեմ նաեւ Հովհաննես Հարությունյանի անցած ճանապարհը: Եվ նրան առաջադրված նման մեղադրանքը ոչ միայն ես, այլ նաեւ մեր միության ու վարչության անդամները, որոնք ճանաչել ու շփվել են Հովհաննես Հարությունյանի հետ՝ շատ վատ գնահատեցին: Հենց նրա կալանավորման պատճառով խափանվեցին այս տարվա համար մեր նախատեսած ծրագրերը»:

Առիթն օգտագործելով՝ Արկադի Բաղրամյանը մեր թերթի միջոցով դիմեց իրավասու մարմիններին՝ Հովհաննես Հարությունյանին ազատ արձակելու խնդրանքով. «Ես շատ եմ ափսոսում, որ այսպիսի հերոսական ճանապարհ անցած ազատամարտիկն այսօր կալանքի տակ է: Սա շատ տարօրինակ է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել