Լրահոս
Օրվա լրահոսը

Ոխերիմ բարեկամը

Հուլիս 04,2008 00:00

Ռուսաստանը եւ Ադրբեջանը անթույլատրելի են համարում «միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխությունը»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին ասված է նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի՝ երեկ Բաքվում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրած Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում: «Կարեւորելով անվտանգության ապահովումը Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, հաստատելով միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիությունը՝ կողմերը հայտարարում են Հարավային Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում համագործակցությունն ամրապնդելու իրենց պատրաստակամության մասին»,- ասված է հռչակագրում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այդ կապակցությամբ պաշտոնական Մոսկվան եւ Բաքուն ընդգծում են «միջազգային իրավունքի լայնորեն ընդունված նորմերի ու սկզբունքների եւ, առաջին հերթին՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության պահպանման ու ապահովման հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը»: Կողմերը շեշտում են այն նշանակությունը, որ իրենք տալիս են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ արագ կարգավորմանը նպաստելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետագա ջանքերին, եւ պարտավորվում են նպաստել փախստականների եւ հակամարտությունների հետեւանքով տեղահանված անձանց կամավոր եւ անվտանգ վերադարձին:

Այստեղ անչափ կարեւոր է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ անգամ պաշտոնական Վաշինգթոնը մինչ այժմ այսչափ կատեգորիկ արձանագրում չէր արել ԼՂ խնդրի՝ «առաջին հերթին տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության պահպանման» հիման վրա կարգավորելու առումով: Ճիշտ է՝ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները եւս մի շարք առիթներով արտահայտվել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանն օժանդակելու մասին, բայց, միեւնույն ժամանակ, նրանք միշտ պարտադիր կերպով հավելել են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել «կողմերի միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում»: Այդպիսով, ամերիկացիները, առնվազն տեսականորեն, չեն բացառել, որ ԼՂ հարցը կարող է եւ լուծվել սահմանների անխախտության սկզբունքի շրջանցմամբ: Դա միանգամայն նորմալ մոտեցում է, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ տվյալ դեպքում Վաշինգթոնը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, հետեւաբար՝ միջնորդ: Իսկ միջնորդները պարզապես չեն կարող ԼՂ հետագա կարգավիճակն այսչափ միանշանակորեն կանխորոշող հայտարարություններ անել: Ինչ վերաբերում է Մեդվեդեւին, ապա մեզ մնում է միայն հիշել, որ այն երկիրը, որը նա ներկայացնում է, նույնպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, ավելին, եթե չենք սխալվում՝ նաեւ ՀՀ-ի ստրատեգիական բարեկամն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել