Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ԱՌՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Հուլիս 04,2008 00:00

Եվրոպական դատարանում «Ա1+»-ի գործով կրած պարտության պատճառները վերլուծելու, խախտման հետեւանքները վերացնելու փոխարեն՝ մեր պաշտոնյաներն արդարացումներ են մոգոնում:

Սկզբի համար՝ մեկ անգամ եւս հիշեցնենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունը, որը ԵԽ մամուլի ծառայությունը տարածեց հաջորդ օրն իսկ այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 17-ին որոշեց, որ «Ա1+»-ին առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու՝ 7 անգամ հեռարձակման արտոնագիր չտրամադրելով, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու ազատության վերաբերյալ: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը վերջակետ է դնում Հայաստանի իշխանությունների կողմից «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրել հրաժարվելու երկարատեւ սագայում: Վճիռը կայացվեց այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների բազմաթիվ կոչերն անտեսվել էին Հայաստանի իշխանությունների կողմից,- մասնավորապես ասված էր Թերի Դեւիսի հայտարարության մեջ:- Դատարանի որոշումը խոսքի ազատության հաղթանակն է: Այն նաեւ պետք է դաս լինի բոլոր այն կառավարությունների համար, որոնք հակված են կամայականորեն մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը»:

Ո՞վ կարող էր ենթադրել, որ նման հայտարարությունից հետո էլ՝ այդ ժամանակ դեռ արդարադատության փոխնախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը շարունակելու է պնդել. «Ֆորմալ առումով եթե վերցնենք՝ կառավարությունը հաղթել է»: Հարց է առաջանում՝ եթե իրոք հաղթել եք, ինչի՞ համար էին զանազան էժան հնարքները, որոնցից մեկն էլ «բացահայտումն» էր, որ «Մելտեքս»-ի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանած KHRP լոնդոնյան իրավապաշտպան կազմակերպությունը նաեւ «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով ներկայացնում է Քաշաթաղի նախկին բնակիչների շահերը։ «Մելտեքսի» նախագահ Մեսրոպ Մովսեսյանն արդեն իսկ հայտնել է ասուլիսում՝ այդ նույն անգլիական փաստաբանական թիմը պաշտպանել է նաեւ Օջալանի շահերը, եւ այսօր արգելված է նրանց մուտքը Թուրքիա:

Սակայն առանձնապես զարմանալի չեն ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մեկնաբանությունները, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի անունից երբեմն այդ կառույց այնպիսի պարզաբանումներ են ուղարկվում, որ անգամ եվրոպական դատարանում մեր ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանն է ամաչում: 2007-ի հուլիսին Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ նա խոստովանել էր, որ անհարմար վիճակում էր հայտնվել հատկապես Միշա Հարությունյանի գործի քննության ժամանակ, երբ պարզել էր, որ Հայաստանի զինվորական դատախազությունում ցուցմունք կորզելու նպատակով եղունգներ են քաշել: Ստրասբուրգ ներկայացված պաշտոնական պատճառաբանությունն էր, թե այո՛, քաշել են, բայց դա արվել է հանուն ճշմարտության բացահայտման: Իսկ սա համեմատության եզր անգամ չունի այն ամենի հետ, ինչ ասվել է, եւ գուցե էլի ասվի՝ արդարացնելու, մեղմելու համար «Ա1+»-ի գործով կրած պարտությունը:

Բայց անհնար էր չզարմանալ, երբ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն օրերս հայտարարեց. «Եվրադատարանի այս որոշումը մեզ համար նույնն է, ինչ 37 թվականին «Ժողովրդի թշնամի» մեղադրանքով դատապարտվածի համար 53 թվականի համընդհանուր արդարացման որոշումը»: Փաստորեն, անգամ նման պարտությունից հետո ականատեսը չդարձանք, որ գոնե փորձ արվեր վերլուծելու սեփական սխալները. ՀՌԱՀ նախագահը վստահ է, թե գործել են օրենսդրությանը լիովին համապատասխան:

Այս կապակցությամբ մի փոքրիկ հիշեցում: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 50 հոդվածը պահանջում է, որ արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ հաշվի առնվեն «դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները»: 2002-ի ապրիլին ՀՌԱՀ-ը որոշեց, թե արդեն իսկ 24-ժամյա եթեր ունեցող «Ա1+»-ի հնարավորություններն ավելի նվազ են, քան «Շարմ» ընկերությանը: Վերջինս որոշ ժամանակ այդ կապուղին տնօրինելուց հետո ստիպված էր այն փոխանցել մեկ այլ սեփականատիրոջ՝ Գուրգեն Արսենյանին: Եվ չնայած մրցույթի ժամանակ խոստացված ֆինանսական ներդրումներին՝ «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցներն այդ ժամանակ մի քանի ամիս աշխատավարձ չէին ստացել: Ի դեպ, «Կենտրոնն» արդեն 3-րդ սեփականատերն է փոխել: Ու թեեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 55 հոդվածը նախատեսում է, որ արտոնագիրը կարող է չեղյալ հայտարարվել, եթե «տեղի է ունեցել արտոնագրի զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց»՝ ՀՌԱՀ-ը շարունակում է անտեսել օրենքի այս ակնհայտ խախտումը:

Սակայն այս դեպքում արդեն զարմանալու ոչինչ չկա: Նույն օրենքի համաձայն՝ միայն մինչեւ 2005 թվականն էր թույլատրվում օտար լեզվով հեռարձակել գեղարվեստական եւ մուլտիպլիկացիոն կինոնկարներ: Սակայն մեր բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները խախտում են այս դրույթը: Օրենքի 24 հոդվածի համաձայն՝ արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել «զրպարտության, այլ անձանց իրավունքները, անմեղության կանխավարկածը խախտելու նպատակներով»: Թե ինչպես իրագործվեց այս դրույթը մասնավորապես 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին զրպարտչական նյութերի հեռարձակմամբ՝ էլի հանրահայտ է: Սրանք ընդամենը մի քանիսն են այն խախտումներից, որոնց վրա աչք է փակում մեր օրինապաշտ ՀՌԱՀ-ը:

Հ. Գ. 2002-ին, երբ ՀՌԱՀ-ը կայացրեց «Ա1+»-ին եթերից դուրս թողնելու որոշումը՝ ԵԽԽՎ-ում մեր երկիրը ներկայացնում էր այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակից Հովհաննես Հովհաննիսյանը: Այդ ժամանակ նա ԵԽԽՎ-ում անընդհատ հայտարարում էր, թե Հայաստանում խոսքի ազատության խնդիրներ չկան: Վստահ ենք, որ հետագայում նա սեփական փորձով պարզեց իր այդ պնդման ճշմարտացիության աստիճանը: Ու չենք կասկածում, որ իրենց կատարած քայլի բումերանգը վաղ թե ուշ վերադառնալու է նաեւ ԵԽԽՎ-ում մեր ներկայիս պատվիրակության այն անդամներին, որոնք տապալեցին «Ա1+»-ը եթեր վերադարձնելու պահանջի ամրագրումը 1620 բանաձեւում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել