Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵԼ ԷՐ ԱՍԵԼՈՒ, ՈՐ ԻՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Հուլիս 04,2008 00:00

\"\"Երեկ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը Հյուսիսային պողոտայում էր, բայց ոչ «քաղաքական զբոսանքին» միանալու նպատակով:

«Խուժանը հարձակվեց խաղաղ զբոսնող ժողովրդի վրա»,- երեկ հայտարարեց Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հուլիսի 2-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ այդ օրը, երեկոյան, սպորտային կազմվածքով մեկ տասնյակից ավելի երիտասարդներ, նաեւ մի քանի կանայք քաշքշուկ էին սարքել եւ ծեծի ենթարկել Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» մասնակիցներին: Լ. Զուրաբյանի ասելով, միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության եւ ավելի քան 300 ականատեսների աչքի առաջ, կան տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք կարող են օգնել ոստիկանությանը՝ բացահայտելու հանցագործներին: Համարելով, որ խաղաղ զբոսնող մարդկանց մեջ ներդրված սադրիչներին հայտնաբերելը, ինչպես Ռ. Քոչարյանը կասեր՝ «ուչաստկովիի» գործ է, Լ. Զուրաբյանը ոստիկանությունից պահանջեց բացահայտել մեղավորներին: Միջադեպից հետո Լ. Զուրաբյանը եւ ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկանապետի՝ ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը համաձայնության էին եկել համագործակցել մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ, եւ Լ. Զուրաբյանը նրան էր փոխանցել ծեծկռտուքի տեսագրություններն ու ծեծողների լուսանկարները: Երեկ այդ «իրեղեն ապացույցներին» ավելացան նաեւ ծեծողների մեքենաների համարանիշները՝ 286SO64, 638LL64, 297LL64, 436LL64:

Երեկ Հյուսիսային պողոտա էր ժամանել Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը՝ «իր ժողովրդի» հետ հանդիպելու եւ հայտարարելու համար, որ ինքը նախորդ օրվա միջադեպի հետ որեւէ կապ չունի: Երեկ մամուլում հրապարակումներ էին եղել, որտեղ միջադեպի ականատեսները ծեծողների մեջ, իբր, ճանաչել էին նաեւ Գ. Բեգլարյանի թիկնապահներին: Թաղապետի այցը հավաքվածների կողմից ընկալվեց որպես սադրիչ քայլ: Նրանք Գ. Բեգլարյանին դիմավորեցին սուլոցներով եւ «ա՛-մո՛թ» վանկարկումներով: Շիկացող մթնոլորտը ցրելու նպատակով Շարժման ներկայացուցիչ Լ. Զուրաբյանը մոտեցավ թաղապետին, բայց քանի որ նրանց զրույցը, վրդովված ամբոխի կողմից Գ. Բեգլարյանին «հարձակման» ենթարկելու պատճառով, չէր ստացվում, Լ. Զուրաբյանն ու թաղապետը մի կերպ պոկվեցին հավաքվածներից եւ առանձնացան մոտակա սրճարաններից մեկում: Մինչ այդ, թաղապետը Լ. Զուրաբյանին համոզում էր, որ ինքը պողոտայում հավաքված ժողովրդին չի մերժում. «Վատ ու լավ մարդիկ չկան: Կան անհատներ, որոնք չեն կարողանում էս ժողովրդին ճիշտ ուղղության վրա դնել: Ես եկել եմ ժողովրդի լիդերների հետ խոսելու»: Բավականին երկար տեւած նրանց առանձնազրույցը ընդմիջեցին լրագրողները: Ի պատասխան «Առավոտի» հարցին, թե ի՞նչ նպատակով է եկել Հյուսիսային պողոտա, թաղապետը պարզաբանեց, թե առիթը սադրանքին իր թիկնապահների մասնակցության մասին թերթերում եղած «սխալ» եւ «ոչ ճիշտ» հրապարակումներն էին: Նա ասաց, թե թիկնապահներ չունի, ունի մեկ օգնական, որը միշտ իրեն ուղեկցում է: Իսկ պողոտա եկել էր, որպեսզի հանդիպի այն մարդկանց, որոնք, ըստ թերթերի խմբագիրների, պողոտայում են լինում եւ կարող են հաստատել հրապարակումը: «Ես ժամադրվել եմ հետներն ու եկել եմ, որ տեսնեմ, թե ում են ցույց տալիս, որ էդ բանը կարող են հաստատել: Դեռ էդպիսի մարդ չեմ գտել»,- հայտարարեց թաղապետը, որի համոզմամբ, սադրիչ գործողությունները կազմակերպել են մեկ-երկու չուզողներ, ովքեր ցանկացել են իր անունը կապել սադրանքի հետ: Գ. Բեգլարյանն ասում էր նաեւ, թե միջադեպը իշխանություններին ձեռնտու լինել չէր կարող, եւ անգամ կասկած հայտնեց, թե կազմակերպել են «օպոզիցիայի մեջ եղած մի երկուսը»: «Եկել եմ պարզելու, թե ովքեր են իրականում դա արել: Էս ժողովրդին ես համարում եմ իմ ժողովուրդը: Ես, կարող է, տասը լիդերի չեմ սիրում ստեղ, լիդերներ, որոնք քաղաքական կամ տարբեր պատճառներով ինձ հակառակ են, բայց 99% ժողովրդին սիրում եմ: Դրա համար անկաշկանդ, անվախ եկել եմ ժողովրդիս հետ խոսելու»: Իսկ սպասո՞ւմ էր, որ «սիրելի» ժողովուրդն իրեն «ամոթանք» տալով կընդուներ: «Թերթում սուտ բաներ են գրել, իրենց չեմ մեղադրում: Վաղվանից կհասկանան, որ այդ կարգի ստերին չպետք է ենթարկվեն»,- ասաց նա:

Զրուցեցինք նաեւ Լ. Զուրաբյանի հետ՝ պարզելու, թե թաղապետի հայտարարությունը, որի տեղի ունեցած ծեծկռտուքին իր մարդիկ չեն մասնակցել, իր համար համոզի՞չ էր: «Ես որեւէ մեկնաբանություն այդ հարցի առնչությամբ չեմ ուզում անել: Պարոն Բեգլարյանի հետ իմ զրույցի նպատակը միայն այն էր, որ կանխեմ այն լարված իրավիճակը, որ ստեղծվել էր Հյուսիսային պողոտայում՝ նրա մուտքով: Դա ինձ հաջողվեց, կարծում եմ: Ինձ համար կարեւոր էր, որ այստեղ տիրի հանգստություն եւ խաղաղ մթնոլորտ»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել