Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականները նորից գովեցին իշխանություններին

Հուլիս 03,2008 00:00

Եվ կոչ արեցին չապակայունացնել մթնոլորտը

«Կայունություն» հասարակական շարժումը Ժողարվեստի թանգարանում կազմակերպել էր «Կայունությունը զարգացման երաշխիքն է» թեմայով կլոր սեղան, որին մասնակցում էին մի շարք մտավորականներ: Վերջիններս կոչ արեցին հայ ժողովրդին՝ համախմբվել ու միասնական ուժերով աջակցել Հայաստանում մշտական կայուն վիճակի հաստատման ազնիվ նպատակի իրականացմանը: «Կայունություն» հասարակական շարժման համակարգող Սուրեն Մամիկոնյանը ողջունելի համարեց իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականությունը, ըստ որի՝ երկրում պետք է ձեւավորվի հանդուրժողականության, խաղաղության եւ կայունության մթնոլորտ: Նրա ձեւակերպմամբ, պետք չէ արհեստականորեն փորձ անել սեւացնել իշխանությունների կողմից արդեն իսկ կատարած դրական քայլերը. «Լայնածավալ գործնական քայլեր են արվում իշխանություն-ժողովուրդ կապն ապահովելու ուղղությամբ»:

«Առավոտը» հարցրեց Ս. Մամիկոնյանին. ժամանակ առ ժամանակ հավաքվում են, հիմնականում մտավորականների հրավիրում, որոնք ինչ-ինչ ելույթներ են ունենում, հայտարարություններ անում, մի՞թե այդկերպ է կայունություն ստեղծվում: Նա պատասխանեց. «Երկու տարի է՝ մեր հանրապետությունում հայոց պետականության կայունության գաղափարի շուրջ եւ նրա հարատեւության երաշխիքներ ստեղծելու առումով համախմբում ենք հայրենասեր հայերի եւ մտավորականների, որոնք լրջորեն մտահոգված են Հայաստանի ներկայով եւ ապագայով: Այսօր էլ հավաքվել ենք հերթական անգամ բարձրաձայնելու պետականության կայունության մասին: Ըստ էության, կարեւոր չէ, թե որ քաղաքական ճամբարում է գտնվում հայրենասեր հայը, կարեւորն այն է, որ նա զանազանի առաջնային եւ հերթական խնդիրները: Այսօր, ցավոք, ցնցումներ ու անկայուն վիճակ ապահովողներն այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում երկրի կայունությունը: Իսկ մենք դատապարտված ենք խորը ուսումնասիրելու, եզրահանգումների գալու, որ կարողանանք ժամանակի մարտահրավերներին դիմակայել: Այն հարցին, թե որեւէ արդյունք տալի՞ս են այս հավաքները, պատասխանեմ՝ իհարկե, տվել են, համախմբվել են հայրենասեր մարդիկ, ովքեր մտահոգված են մեր ապագայով»: Ս. Մամիկոնյանը, գովելով ներկայիս իշխանություններին, հավելեց, որ հնարավոր չէ չտեսնել նրանց նախաձեռնած լավ գործերն ու որպես օրինակ նշեց Սփյուռքի նախարարությունն ու Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարները. «Խորհրդում կլինեն ժողովրդի ներկայացուցիչներ: Իսկ ժողովուրդ-խորհրդարան պակասը լրացնելու առումով շատ իմաստուն ձեւով Սահմանադրության դրույթը հնարավորություն է տալիս ժողովրդին այս վիճակից դուրս բերելու ու երկխոսություն սկսելու»:

Բանաստեղծ Ռ. Դավոյանի ձեւակերպմամբ. «Կայունությունն այնպիսի գործոն է, որը կապված է միայն ժողովրդի հետ»: Նրա խոսքերով, այնտեղ, որտեղ կայունության համար թեկուզ չնչին օգտակար գործ անողներ կան՝ բոլորս պետք է լինենք նրանց կողքին. «Այսօր զանազան ցուցանիշներով աշխարհը մեզ գնահատում է, ու, կարծես թե, դրական շարժումն անխափանելի է, բայց մենք մեզնով մեր կայունությունն ու միասնականությունը ջլատելով՝ չենք կարողանում այդ գործոնները դարձնել մշտական, լինել հետեւողական: Բազում գրգռիչ ազդակներ կան, որոնք գալիս են դրսից, սակայն մեր ժողովրդի որոշ հատվածներ ենթակա են հենց դրսի ազդեցություններին, իսկ ներսում ահռելի գործ կա, ինչն էլ պիտի անեն հայ մարդիկ»: Ըստ բանաստեղծ, նկարիչ Արեւշատ Ավագյանի, այն ճգնաժամային իրավիճակում, որ ապրում է մեր ազգը՝ ավելի կարեւոր գաղափար չկա, քան հայոց պետականության ամրապնդման ու կայունացման գաղափարը. «Գաղափարն անհրաժեշտ է բոլորին՝ ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը: Իսկ որպեսզի լինի կայունություն՝ անհրաժեշտ է ստեղծել արդարության առողջ մթնոլորտ: Այսօր շատ թելադրանքներ ենք ստանում դրսից, իսկ Եվրոպայի ասածը իշխանությունները մի ձեւով են մեկնաբանում, ընդդիմությունը՝ մեկ այլ… Մենք ունենք միասնական գաղափար, որի լավագույն պատգամը տվել է Ե. Չարենցը՝ «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Կայունության հաստատման թեմայով ելույթներ ունեցան այլ ճանաչված մտավորականներ եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031