Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՐՈԽՏ ԵՐԳԻՉԸ ՆՈՐԻՑ «ԿԽՈՍԻ»

Հուլիս 03,2008 00:00

\"\"Դաշնակցական երգիչ Սահակ Սահակյանը կթողարկի անդրանիկ CD-ն՝ առանց կուսակցական աջակցության

Ֆիդայական, դաշնակցական երգերի հայտնի մեկնաբան Սահակ Սահակյանը ձեռնամուխ է եղել իր առաջին CD-ի թողարկման աշխատանքներին: 1980-ականներին մեծ ժողովրդականություն վայելող «Գանձասար», «Մարաթուկ», ավելի ուշ՝ Հայաստանի պետական ժողգործիքների նվագախմբի մեներգիչը վերջին 15 տարին լուռ էր: Մինչդեռ ազգային զարթոնքի տարիներին ոչ մի միջոցառում, ոչ մի հանրահավաք չէր անցնում առանց Ս. Սահակյանի խրոխտ երգերի:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իր «լռելն» ուներ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ. «Միամիտս կարծում էր, որ 70 տարվա երկաթյա վարագույրի բարձրանալուց հետո առաջին հերթին պետք է պրոպագանդվեր ու աջակցություն ստանար ազգային երգը, մինչդեռ ականատեսը եղանք հակառակ պատկերի. TV-ները սկսեցին իբր նորովի ներկայացնել բազմադարյա հայ երգը, բառի իսկական իմաստով աղավաղելով այն: Դեմ չեմ ցանկացած առաջադեմ քայլի, եթե այն չի խեղաթյուրում եղածը: Օրինակ, վրացիները շոու-բիզնես բերելով իրենց ժողովրդական արվեստը, չեն խաթարում ակունքները: Մեր ազգային դիմագիծն առաջին հերթին երգն է, պարն ու տարազը: Իսկ այսօր նորաթուխ երգիչներից ու պարային խմբերից շատերը հրամցնում են ամեն ինչ, բացի հայկականից: Ակամայից հիշում ես Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» գործը, որում գլխավոր հերոսին թաղելով ավազի մեջ, թողնում են, որ մահը վրա հասնի աստիճանաբար, ինչի արդյունքում նա կորցնում է հիշողությունը: Այթմատովի բնորոշմամբ՝ մանկուրտացնում են: Այսօրվա ազգային երգարվեստում տիրող խայտառակ վիճակից ելնելով՝ կարող եմ ասել, որ մի սերունդ, փաստորեն, մանկուրտացվել է»:

Դառնալով իր անդրանիկ CD-ին՝ Ս. Սահակյանն ասաց, որ իր նպատակն է, մասնավորապես, երիտասարդներին փոխանցել ազգային, հեղափոխական երգերի մասով իր ունեցածը. «CD-ում երգերից զատ կլինի նաեւ տեղեկատվություն դրանց մասին: Չէ՞ որ ժողովրդի արարած այդ ստեղծագործությունները նվիրված են մեր ազգային հերոսներին: Կուզենայի, որ CD-ն իր տեղը գտներ դպրոցական ծրագրերում»:

Հետաքրքրվեցինք «մոռացված» երգչի CD-ի հովանավորներով, ակնկալելով, որ նրանց թվում կլինեն նաեւ սփյուռքահայեր: Ս. Սահակյանը, նշելով, որ անգամ հովանավոր չունի, ասաց. «Աշխատանքներն ընթանում են ընկերներիս, ծանոթներիս աջակցությամբ: Երգեր կան, որոնք պահանջում են սիմֆոնիկ նվագախմբի նվագակցություն, ինչի համար անհրաժեշտ է պատվիրել պարտիտուր, իսկ դա գումար արժե: Ստիպված օգտագործում ենք սինթեզատոր, ջանալով ստանալ յուրաքանչյուր երգին հարիր բարձրակարգ ներդաշնակություն»:

Հարցին, թե ինչո՞ւ իր կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, չի հովանավորում, երգիչը պատասխանեց. «Դաշնակցությունը բարեգործական կառույց չէ: Դաշնակցական չեն դառնում ակնկալիքով, այլ զինվորագրվում են ազգին ծառայելու համար: Այնպես որ՝ ՀՅԴ-ն «ստեղծագործական» պատվերներ չի տալիս իր անդամներին: Ի՞նչ է, օրինակ, ժամանակին Լեւոն Շանթն իր «Հին աստվածները» կուսակցության պատվերո՞վ է գրել կամ ո՞վ կարող է Նիկոլ Աղբալյանի, Ավետիս Ահարոնյանի եւ մյուս մտավորականների գործունեությունը կապել կուսակցության հետ… Մի խոսքով, 12 տարվա լռությունից հետո փորձում եմ վերադառնալ: Ունկնդրիս ծանոթ են հիմնականում ազգային-հայրենասիրական երգերը, մինչդեռ երգացանկս ընդգրկուն է՝ Կոմիտաս, աշուղական, գուսանական երգեր, ունեմ ավելի քան երկու տասնյակ բանաստեղծություններ, երգեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031