Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոդատարանում քաղաքացին հաղթել է պետությանը

Հուլիս 03,2008 00:00

\"\"ՀՀ գործազուրկ շարքային քաղաքացի Գագիկ Սարուխանյանն այս տարվա մայիսին հաղթեց Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա 3 տարի առաջ դիմել էր Ստրասբուրգի դատարան:

Մինչ այդ, դիմել էր Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան, իր՝ ԱԺ պատգամավորի թեկնածությունը (թիվ 12 ընտրատարածքային հանձնաժողովում) գրանցելու համար, եւ մերժվել էր: Գ. Սարուխանյանը գտել էր, որ խախտվել են իր իրավունքները հենց առաջին ատյանի դատարանում, հետեւաբար, կարծում էր, թե ներպետական հնարավորությունները սպառվել են: «ՀՀ իշխանությունները խախտել էին իմ իրավունքները՝ միայն այն պատճառով, որ ներկայացնում էի ընդդիմության շահերը»,- ասում է նա:

Ուշագրավն այն է, որ 1000-ից ավելի հայ դիմումատուների մեջ Գ. Սարուխանյանը քչերից մեկն է, ով չի թակել հայաստանյան դատական համակարգի բոլոր եռաշերտ դռները: Մինչդեռ, այն թյուր կարծիքը կա, թե մինչեւ չանցնես երեք ատյանի դատարաններով, չես կարող դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ ԵԴ կանոնակարգի, այն պահից, երբ քաղաքացին գտնում է, որ խախտվել են իր իրավունքները, կարող է դիմել միջազգային դատարան:

Ստրասբուրգի դատարանի որոշմամբ՝ Գ. Սարուխանյանը կստանա 3000 եվրո գումար՝ իբրեւ բարոյական վնասի հատուցում, իսկ դատական ծախսերի համար՝ 1850 եվրո:

Գ. Սարուխանյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ 2003-ին առաջադրվել է ԱԺ պատգամավորության թեկնածու՝ Վերսանդ Հակոբյանի եւ Հարություն Ղարագյոզյանի (երբեմնի նախկին մրցակիցները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից են -Ռ.Մ.) հետ: Սակայն ընտրական հանձնաժողովը մերժել էր անկուսակցական թեկնածուին գրանցել, քանի որ իբր նա իր հայտարարագրում չէր նշել, թե համարվում է Արշակունյաց 135/Գ 13 բնակարանի համասեփականատեր: «Պաշտոնական՝ կադաստրի փաստաթղթերով սեփականատեր էր համարվել 1982թ. մահացած հայրս (բնակարանը սեփականաշնորհվել էր 1994-ին): Համասեփականատեր էր համարվել անգամ հանգուցյալ տատս»,- ասում է Գ. Սարուխանյանը:

Ստրասբուրգի դատարանին Սարուխանյանը տեղեկացրել էր, որ ինքն ընտրարշավի այդ փուլում հաշվի համար չի ունեցել եւ իր նախընտրական շտաբը գործել է իր տրամադրած գումարների հաշվին: Նա դատարանին ներկայացրել է այն անդամների ցուցակը, որոնք իրականացրել են քարոզչությունը: «Դատարանին տրամադրել էի ակնկալվող եկամուտներիս մասին տեղեկանք: Այդ գումարի չափը կախված էր իմ պատգամավոր ընտրվելու հանգամանքից: Եթե ինձ չխանգարեին, ես ընտրվելու էի պատգամավոր»,- ասում է Գ.Սարուխանյանը:

Մեր հարցին՝ «ՀՀ օրենքներով կարգավորված չէ բարոյական վնասի հատուցման չափը, ինչպե՞ս եք այն Եվրոդատարանի միջոցով պահանջել մեր պետությունից», պարոն Սարուխանյանը պատասխանեց, որ բարոյական վնասի չափի ինստիտուտի մասին տեղեկությունները ստացել է ինտերնետով, ԵԴ որոշումներից, որովհետեւ իրավակիրառական պրակտիկա, որպես այդպիսին, Հայաստանում չկա: Նա հավելեց, որ Եվրոպական դատարանից ինքը պահանջել էր որպես հատուցում տալ 100 000 եվրո գումար, մինչդեռ դատարանը բավարարել էր ընդամենը 3000 եվրոն: «Եթե այս վեճն այլ երկրում լիներ, փոխհատուցումն այլ կլիներ»,- ասում է հայցվորը՝ ակնարկելով հայաստանյան կենսամակարդակը:

Վնասի հատուցումը Գ. Սարուխանյանը պետությունից կստանա 3 ամսվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել