Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ՉՄԵՂԱԴՐԵՑԻՆ

Հուլիս 03,2008 00:00

\"\"Աստանայից «Առավոտին» ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերի մանրամասներ պատմեց ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը:

Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ղազախստանի Աստանա քաղաքում ընթացավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը: Ենթադրելի էր, որ ոգեւորված ԵԽԽՎ-ում իրենց հաջողությամբ՝ Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւի դրույթների ամրագրմամբ, ԵԱՀԿ ԽՎ-ում էլ ադրբեջանական պատվիրակությունը պիտի փորձեր իր համար շահեկան ձեւակերպումներ ներառել փաստաթղթերում: Մեր այս ենթադրությանն ի պատասխան՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը, որն անդամակցում է այդ կառույցի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովին՝ հայտնեց. «Հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական քաղաքական բանավեճեր ու «հակամարտություններ» տեղի ունեցան ԵԱՀԿ ԽՎ-ի ողջ աշխատանքի ընթացքում՝ ոչ միայն լիագումար նիստերում ու մեր հանձնաժողովում, այլ նաեւ 2 այլ հանձնաժողովներում, որտեղ ներկայացված են իմ գործընկերներ Խաչիկ Հարությունյանը եւ Արամ Սաֆարյանը: Այս անգամ ադրբեջանցիները՝ թուրքական կողմի հետ միասին, մեր հանձնաժողովում փորձեցին նախագծերի մեջ տարբեր առաջարկներ անել, որոնք անուղղակի կերպով շոշափում էին հայկական կողմի շահերը»: Արմեն Աշոտյանն առայժմ չցանկացավ առավել որոշակիացնել, միայն նշեց. «Մեր հանձնաժողովում արել էի 4 առաջարկ «Թափանցիկությունը ԵԱՀԿ շրջանակներում» բանաձեւի վերաբերյալ, եւ ընդունվեցին 3-ը: Իսկ ադրբեջանական կողմն արել էր մեկ առաջարկ, եւ այն չանցավ»:

Քննարկված կարեւոր հարցերից նա առանձնացրեց «Պայքար հակասեմիտականության եւ հատկապես ԶԼՄ-ներում եւ ակադեմիական շրջանակներում դրա դրսեւորումների դեմ» բանաձեւը: Ըստ Արմեն Աշոտյանի՝ «Բոլորս հիշում ենք, որ մեր որոշ ԶԼՄ-ներում հակասեմիտականության դրսեւորումների առնչությամբ Հայաստանի պաշտոնյաներին հարցադրումներ էր ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերը: Սակայն պետք է ասեմ, որ այդ խնդիրն ընդհանուր է ԵԱՀԿ անդամ 56 պետությունների համար, եւ բանաձեւում այդպես էլ արձանագրված է, որ հակասեմիտական միջադեպեր տեղի են ունենում ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում եւ բնորոշ չեն որեւէ առանձին երկրի: Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները չփորձեցին չարաշահել Հայաստանում արծարծված հարցը: Եվ մեր երկիրը ԵԱՀԿ քննարկումներում որեւէ կերպ չառանձնացվեց՝ որպես հատուկ ուշադրության ներքո գտնվող երկիր»:

ԵԱՀԿ ԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Օլեգ Բիլոռուսը բանաձեւի նախագիծ էր առաջարկել՝ 1932-33 թթ. ստալինյան քաղաքականության հետեւանք՝ Ուկրաինայում զանգվածային սովամահության՝ «Գոլոդոմորի» ճանաչման մասին: Արմեն Աշոտյանը ելույթ էր ունեցել այս բանաձեւի նախագծի վերաբերյալ. «Այն դիտարկել եմ իբրեւ խիստ քաղաքական եւ կրկնակի չափանիշների արտահայտություն՝ որպես ներկայացուցիչը մի երկրի, որը վերապրել է Ցեղասպանություն եւ գիտակցում է դրա ճանաչման կարեւորությունը: Եվ հարցադրում արեցի՝ արդյոք հեղինակը կլինի՞ նույնքան հետեւողական իր քայլերի մեջ եւ կառաջադրի՞ Ուկրաինայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Օլեգ Բիլոռուսը պատասխանեց, որ պատրաստ է հեղինակել մի նախագիծ՝ Ուկրաինայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Սա փոքրիկ սենսացիա էր՝ հաշվի առնելով, որ պատվիրակության ղեկավարը հայտնի է իր սերտ հարաբերություններով Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Տեսնենք, թե հաջորդիվ քայլերն ինչպիսին կլինեն»:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելություններին վերաբերող բանաձեւի նախագծին. «Մեր հանձնաժողովում դրա քննարկումների ժամանակ ադրբեջանական կողմը չփորձեց շահարկել Հայաստանի ընտրությունների հետ կապված խնդիրներ, եւ դա չարեց որեւէ այլ պատվիրակության անդամ: Այսինքն՝ Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները որեւէ մեկի համար քննարկման առարկա չէին մեր հանձնաժողովում: Միայն հունիսի 29-ի լիագումար նիստում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան հայտարարեց, թե Հայաստանում «սարսափելի ընտրություններ» են եղել, ու փորձեց շահարկել մարտի 1-ի խնդիրը եւ կեղծ ցավակցություն հայտնել հայ ժողովրդին: Դրան արձագանքեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոն եւ ընդամենն ասաց, որ ԵԱՀԿ-ն Հայաստանի իր գրասենյակի միջոցով հետեւում է հետընտրական զարգացումներին: Եվ այստեղ էլ որեւէ մեղադրանք որեւէ մեկը չառաջադրեց Հայաստանին»:

Արմեն Աշոտյանը նաեւ նշեց, թե չի ուզում տպավորություն ստեղծվի, որ բացառապես թուրքերի եւ ադրբեջանցիների հետ են բանավիճել. «Իրականում շատ ավելի լուրջ քննարկումներ էին ծավալվում այլ խնդիրների շուրջ: Եվ տպավորությունս այն է, որ ԼՂ կապակցությամբ ադրբեջանական կողմի ողբը կարծես չէր հետաքրքրում ԵԱՀԿ ԽՎ անդամների մեծամասնությանը: Ինչը չեմ կարող ասել հայ-թուրքական հարաբերությունների եւ Ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին, ինչի կապակցությամբ ելույթ ունեցան ոչ միայն հայ ու թուրք պատվիրակները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել