Եվրոծիրան
Չնայած հայկական ծիրանն աշխարհում ամենաքաղցրն է, սակայն պարզվում է՝ եվրոպացիները ծիրանը գնահատում են ոչ թե համով, այլ՝ տեսքով: Այս համոզմանն է եկել գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը վերջերս Իտալիայում կայացած ծիրանի միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Եվ որպեսզի հայկական ծիրանը եվրոպական երկրներում պահանջարկ ունենա, հայերը պետք է ծիրանը, այսպես ասած, համապատասխանեցնեն եվրոչափանիշներին:
«Համային հատկանիշներով հայկական ծիրանը գրավեց առաջին տեղը, բայց մյուս հատկանիշներով՝ գունային, պահպանման, խոշորության առումով մերը զիջում է եվրոպական ծիրանին: Միջազգային շուկայում բարձր են գնահատում կարմրագույն ծիրանը: Երբ մենք մի քիչ վիճաբանեցինք, թե՝ մեր ծիրանն իսկականն է, քաղցր է, մարդիկ շատ բարեկամաբար մեզ ասում էին՝ եվրոպական շուկայում գնողը համտես չի անում, նա ապրանքի տեսքին նայելով է վճարում: Եվրոպական շուկայի գնորդը սովոր է կարմրագույն եւ խոշոր, երկար պահպանվող ծիրանին, գուցե եվրոպական սպառողը չի՞ ուզում այդքան քաղցր ծիրան ուտել»,- երեկ ասուլիսի ժամանակ ասաց Ս. Ավետիսյանը: Ըստ նրա, մեր երկիրը՝ լինելով ծիրանի հայրենիք, ծիրանենի մշակել չգիտե: Ի տարբերություն Եվրոպայի, մեր ծառերը շատ բարձր են, քանի որ չեն կարողանում ծառը ճիշտ էտել, պտուղը համաչափ չի հասունանում, բացի այդ՝ բերքահավաքն էլ է բարդանում. «Թեեւ այս տարի հրաշալի բերք կար, բայց դրա 60%-ն ապրանքային տեսքից զրկվեց, թափվեց ծառերի տակ, եւ գյուղացին ստիպված եղավ 25-30 դրամով հանձնել: Մեզ մոտ չեն կարողանում բերքը հատ-հատ հավաքել եւ ապրանքային տեսքով վաճառել, բերքը հավաքելիս կամ թափահարում են, կամ էլ ներքեւինն են հատ-հատ հավաքում: Իսկ եվրոպական մի շարք երկրներում ընդունված են գաճաճ այգիները, այսինքն՝ ծառերը 2-2,5 մետրից բարձր չեն լինում: Այս մեթոդով արեւն ամբողջությամբ ներթափանցում է ծառերի մեջ, եւ բերքը համաչափ է հասունանում, բերքահավաքն էլ հեշտ է լինում»:
Որպեսզի հայերն էլ ակնահաճո ծիրան աճեցնեն, պարոն Ավետիսյանն առաջարկում է մեզ մոտ էլ ներդնել այգիների մշակման այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են Եվրոպայում: Դրանք նաեւ կպաշտպանեն ցրտահարությունից ու վնասատուներից: Նախ ծառերը ջրվում են հատուկ մեթոդներով, իսկ այգու վրա անցկացված հատուկ ցանցը պտուղը պաշտպանում է թռչուններից:
Ն. Բ.
Հարկայինը հասանելի՞ կդառնա
Այսուհետեւ տնտեսվարողները կարող են գրավոր եւ բանավոր հարցում անել կամ պարզապես զանգել Հարկային պետական ծառայություն եւ ժամանակին ու լիարժեք տեղեկատվություն ստանալ հարկերի եւ պարտադիր այլ վճարների մասին: Հարկայինում ձեռներեցների հետ կտարվեն նաեւ բացատրական աշխատանքներ՝ հարկային օրենսդրության վերաբերյալ: Համաձայն նոր կարգի, տնտեսվարողին վերջնական պատասխանը պետք է տրվի 15 օրից ոչ ուշ, իսկ տեղեկատվության տրամադրման համար հարկայինի բոլոր տարածքային տեսչություններում կլինեն պատասխանատուներ: Բացի այդ, Հարկային պետական ծառայության տեղեկացմամբ, փոքր ձեռնարկատիրության ոլորտում մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Մասնավորապես՝ նախատեսվում են փոփոխություններ «ԱԱՀ մասին», «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին», «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքներում: Հնարավորինս կպարզեցվի նաեւ հարկայինի եւ տնտեսվարողների միջեւ փաստաթղթաշրջանառության մեխանիզմը: Հարկայինում նախատեսում են նաեւ սահմանել փոքր ձեռնարկատիրության համար հարկման արտոնյալ ռեժիմներ:
Ռոբոտները մրցելու են
Այս տարի առաջին անգամ մեր երկրում կանցկացվի «Արմռոբոտիքս» մրցույթ՝ Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն: «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ, համահայկական երիտասարդական այս մրցույթին մասնակից թիմերը պետք է մրցեն իրենց կողմից նախագծված եւ պատրաստված ռոբոտներով: Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն այնպիսի ինքնակառավարվող սարք, որը կարողանա շարժվել սպիտակ դաշտի վրա գծված սեւ գծերի ուղղությամբ: Իսկ այն մասնակիցները, որոնց ռոբոտները կկարողանան հաղթահարել նաեւ դաշտում առկա խոչընդոտները՝ կստանան լրացուցիչ միավորներ:
Գ. Ս.
3 օր առանց գազի
Մայրաքաղաքի մի շարք համայնքների՝ մասնավորապես Կենտրոնի, Արաբկիրի, Աջափնյակի, Դավիթաշենի, Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի որոշ թաղամասեր շուրջ 3 օր գազ չեն ունենա: Սա «ՀայՌուսգազարդից» «Առավոտին» բացատրեցին պրոֆիլակտիկ աշխատանքներով. «Քանի որ ընկերության սպառման շուկան արդեն շատ մեծ է, ձմռան ամիսներին ռեժիմների տատանումներ էր տեղի ունենում, ինչի հետեւանքով գազի ճնշման անկում էր լինում: Այս ամիսներին գազի սպառումն այնքան էլ մեծ չէ, ուստի նպատակահարմար էր այդ աշխատանքները հիմա կատարվեին»: Ընկերությունից հայտնեցին, որ բնակիչները գազ կունենան հուլիսի 4-ին:
Լ. Բ.
Բեզոյանն ու Պոպոֆֆը արդարացան
Երեկ «Երեւան ջուր» ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆն ու Երեւանի քաղաքապետարանի ճանապարհաշինության ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը եւս մեկ անգամ պարզաբանեցին, թե ինչու հունիսի 23-24-ը մայրաքաղաքի մի քանի համայնքներ ջուր չունեին: Ըստ Է. Բեզոյանի՝ «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցվող Սարալանջ կոչվող մայրուղու մոտ են գտնվում Երեւանի կենտրոնը սնուցող ջրամբարները. «Ե՛վ ավտոմայրուղի կառուցեցինք, ե՛ւ ջրամբարի ամբողջ տարածքի ջրատարները փոխեցինք: Բացի այդ, փոխել ենք բոլոր փականները, նոր ջրային համակարգ ենք ներդրել»:
Պարոն Բեզոյանը զգուշացրեց, որ հուլիսի 4-ին 7-8 ժամով Երեւանի կենտրոնը կրկին ջրազրկվելու է: Այս անգամ Է. Բեզոյանը ջրամատակարարման դադարեցումը պատճառաբանեց Արզնու եւ Գառնու ջրատարների՝ ընդհանուր ջրագծին միացմամբ. «Եղած ջրատար խողովակներն ամբողջությամբ փտած էին, ինչի պատճառով ջրահոսքեր էին լինում»: «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆն էլ հավելեց, որ իրենց նպատակն է, որպեսզի այդ գործողություններից սպառողները որքան հնարավոր է քիչ տուժեն. «Ջրամատակարարման համակարգը կբարելավվի, իսկ այն բաժանորդները, ովքեր այդ օրերին ջուր չեն ունեցել՝ գումարային փոխհատուցում կստանան. այսինքն՝ սպառողների հաշվից այդ գումարները կհանվեն: Հաշվարկի ձեւն արդեն մշակվել է»: Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Պասկալ Ռուայեն էլ ներկայացրեց, թե ինչու է այլ թաղամասերում էլ այս օրերին ջրամատակարարումը վատացել. «Բանն այն է, որ ամռանը ջրի քանակը նվազում է, քանի որ մարդիկ շատ հաճախ խմելու ջուրը օգտագործում են ոռոգման նպատակներով»: