Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ՝ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԵՐԻ ՊԵՍ

Հուլիս 03,2008 00:00

\"\"ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը կարծում է, որ ամեն մարդ ինքն է որոշում իր անձի կարեւորությունը

– Պարոն Արսենյան, որոշել եք անձամբ մասնակցել ժամանակավոր այս հանձնաժողովի աշխատանքներին, նշանակո՞ւմ է սա, որ լուրջ ակնկալիքներ ունեք հանձնաժողովի աշխատանքներից, սպասում եք, որ բացահայտումնե՞ր է անելու:

– Բացահայտումներ կանի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա, անձամբ մասնակցում եմ եւ բացատրել եմ անձամբ մասնակցության պատճառը, որպեսզի հետագայում որեւէ շահարկում բացառեմ ի սկզբանե: Վերջիվերջո, երբ ներկայացուցիչ ես գործուղում, ներկայացուցչի աշխատանքների կամ հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության կամ ոչ արդյունավետության լույսի ներքո կա քո ինչ-որ չափով մեղքի բաժինը:

– Գյումրիում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժողովրդի վրա ոստիկանները չեն կրակել, այլ՝ «օլիգարխների սափրագլուխները»:

– Նախ, առաջին նախագահի եւ Գուրգեն Արսենյանի ֆորմատները տարբեր են, ես առաջին նախագահի արած հայտարարությունների մեկնաբանողը չեմ, բնականաբար, նաեւ՝ հակառակը: Կարծում եմ, այդ հայտարարությունը արվել է՝ ելնելով ինչ-որ ենթադրություններից, տեղեկություններից, շրջանառվող լուրերից կամ՝ ոչ փաստագրված տեղեկատվությունից: Արված է հայտարարություն, հանձնաժողովում կաշխատենք նաեւ այդ մասով ուշադրություն դարձնել, փորձել հասկանալ՝ արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը: Եթե այդպիսի բան կա, նշանակում է, որ քաղաքական եւ քաղաքացիական ցանկացած իրադարձություն Հայաստանում՝ ինչ-որ չկառավարվող կամ որոշակի ուժերի կողմից հստակ կառավարվող, կարող է բերել քաղաքացիական բախման: Ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ մեր եւ ոչ էլ մեր երեխաների շահերից չի բխում, որ երկրում կարող են լինել այդպիսի չկառավարվող կամ «կառավարվող» գործոններ:

– Բայց Դուք անձամբ եւս ունեք թիկնապահներ:

– Ես ունեմ օգնական, որը թիկնապահի գործառույթներ կարող է ստանձնել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը փորձի հարձակվել, հարձակվել ոչ թե քաղաքական գործչի կամ կուսակցական ղեկավարի, այլ պարզապես մարդու վրա:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր այն գործընկերներին, ովքեր ունեն զինված սափրագլուխների «բանակներ», գաղտնիք չէ, որ բոլոր օլիգարխները, գործարար պատգամավորները, հայտնի անուններն ունեն զինված խմբավորումներ:

– Մարդու, գործչի, քաղաքացու անձնական ապահովման երաշխիքները ի սկզբանե պայմանավորված են տվյալ անձի կարեւորությամբ, հասարակական գործունեությամբ եւ իր կողմից իր սեփական անձի, իր թանկագին «ես»-ի կարեւորության սեփական գիտակցմամբ: Ամեն մարդ ինքն է որոշում, թե որքանով է կարեւոր ինքը, իր «ես»-ը:

– Պաշտոնը ստանձնելուց հետո ներկայիս վարչապետը հայտարարեց, որ այն անձինք, ում համար օրենքով սահմանված չէ ունենալ ուղեկցող մեքենաներ, պետք է հրաժարվեն դրանից: Չե՞ք կարծում, որ սա ճիշտ քայլ է:

– Չկա այդպիսի օրենք, որը մեկին արգելի, ասենք, տեղաշարժվել 5 մեքենայով: Առավել եւս, եթե այդ, այսպես կոչված, ոչ ֆորմալ շարասյունը չի խանգարում հասարակության մյուս անդամներին կամ՝ չի խախտում երթեւեկության կարգը: Չկա այդպիսի մոնիտորինգ, որ որեւէ մեկը փորձի պարզել, թե ընթացող մեքենաների թափորից քանիսն են իրար հետ փոխկապակցված:

– Սակայն հենց այս Ձեր նշած թափորի մեջ են նստած լինում նույն զինված սափրագլուխները:

– Հետեւանքները մի ներկայացրեք որպես պատճառ: Ես ներկայացնում են այն, ինչ տեսնում են մեր հասարակության մեջ: Մարդիկ կան, որոնք իրենց թանկագին «ես»-ը պետք է կարեւորեն հենց իրենց շրջապատած մարդկանց քանակով: Բերեմ հետեւյալ օրինակը՝ ասենք շոու-բիզնեսի աստղերը կամ կինոդերասանները երբեք հասարակական վայրերում մենակ չեն հայտնվում, ուղեկցողների թափոր միշտ էլ կա:

– Ձեր երեք գործընկեր պատգամավորներն արդեն չորս ամիս կալանավորված են, երբեւէ ցանկություն չե՞ք ունեցել այցելել նրանց, տեսնել, թե մարդիկ ինչպես են:

– Առաջին օրն եմ մասնակցում այս հանձնաժողովի նիստին (խոսքը ԱԺ «մարտի 1-ի» հանձնաժողովի մասին է-Մ. Ե.) եւ երբ հնարավորություն լինի, անպայման կգնամ այդ հանդիպմանը, որպեսզի նաեւ այդ մարդկանց տեսակետը լսեմ՝ ոչ միայն որպես ընկեր կամ պատգամավոր, դա դեռ մի կողմ թողնենք, այլ՝ այդ մարդիկ ուղղակիորեն մասնակցել են իրադարձություններին, մեղադրվող կողմ են, որպեսզի փորձենք պարզել այն ճշմարտությունը, որը պետք է բոլորիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել