Լրահոս
Օրվա լրահոսը

«Սադրիչներն» իրենց գործն արեցին

Հուլիս 03,2008 00:00

Երեկ նրանք ծեծի ենթարկեցին Հյուսիսային պողոտայում զբոսնող մարդկանց

Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում, ուր ամեն օր մարդիկ հավաքվում են «քաղաքական զբոսանքի», հերթական միջադեպն է տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժած կանայք, որոնցից երկուսին՝ Ռիմա Խաչատրյանին ու Էլյա անունով եւս մի կնոջ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Միջադեպին ականատես կանանցից մեկը «Առավոտին» պատմեց. «Հյուսիսային պողոտայում հանգիստ նստած էինք, քայլում էինք, երբ նկատեցի երկու երիտասարդների, որոնք նախկինում երբեք այս ժամերին մեզ հետ չէին եղել: Պտտվում էին, նայում էին էրեխեքին, մեզ, ծիծաղում էին: Պարզ էր, որ ինչ-որ բան էր կատարվում, դրանք օտար մարմիններ էին: Հետո գնացին դեպի Ազատության հրապարակ եւ եկան երեքով, հետո բոլորով գնացին եւ ավելի շատով վերադարձան՝ ավելի քան 10 մարդ: Հետո գնացին Հանրապետության հրապարակի կողմը, ոստիկանները բոլորով իջան նույն ուղղությամբ եւ նրանց հետ միասին վերադարձան Հյուսիսային պողոտա: Լցրեցին դրանց մեր մեջ եւ բոլորին ջարդեցին»: «Ջարդից հետո ոստիկանները, կարմիր բերետավորները, խուլիգաններին օղակի մեջ առած, մինչեւ հրապարակ ուղեկցեցին` էն դեպքում, որ էդ խուլիգանները մարդկանց սպանում էին, իսկ իրենք չէին միջամտում»,- պատմեց կանանցից մեկ ուրիշը, ով զգուշացավ անունով ներկայանալ:

Մեկ ուրիշը հավաստիացնում էր, թե մարդկանց ծեծի ենթարկող «սադրիչները» «պարապած տղաներ» էին: Զրուցեցինք ծեծված կանանցից մեկի՝ Օֆելյա Մարգարյանի հետ. «Էստեղ հավաքված երեխաներ էլ կան, բայց մեծամասնությունը 40-ից բարձր տարիքի կանայք են: Նրանք ոտքերի տակ էին գցել 70 տարեկան կնոջը: Ոստիկանները չեն ծեծել մարդկանց, միայն հովանավորել են խուլիգաններին: Եթե մեզանից մեկը նման բան աներ, կոլորեին մեր ձեռքերն ու կտանեին, կծեծեին: Իսկ էդ խուլիգաններին, որ ջահել տղային գցել էին ոտքի տակ, խփում էին դեմքին, փորին, ոստիկանները՝ Օսիպյանի գլխավորությամբ, ոչ միայն չմիջամտեցին, այլեւ «տելախրանիտելների» նման պաշտպանում էին: Ովքեր ընտրել են Սերժ Սարգսյանին, թող իրենց հարց տան՝ ո՞ր դեմոկրատական երկրում է նման բան լինում»:

Զրուցեցինք նաեւ ՊՊԾ հրամանատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վալերի Օսիպյանի հետ: Վերջինս ասաց. «Նման բան չկա: Հակառակը` Հյուսիսային պողոտայում կանգնածներն են եկել՝ օգնություն խնդրելու: Մինչ այդ տեղյակ էլ չէինք՝ ինչ է կատարվում: Մեզ թվում էր, թե պողոտայում կանգնածների միջեւ է վիճաբանություն սկսվել»: Վ. Օսիպյանն ասաց նաեւ, թե տեղյակ չէ՝ ծեծողներից որեւէ մեկը հետո բերման ենթարկվե՞լ է, թե՞ ոչ: «Չենք ենթարկել, որովհետեւ մենք քիչ էինք, մեր ուժերը ներեցին այնքան, որ ընդամենը բաժանում էինք»,- արդարացավ փոխգնդապետը:

Մարդկանց ծեծի ենթարկողները, պողոտայում հավաքվածների ասելով, հատուկ ներդրված սադրիչներ էին, մարզված երիտասարդներ, որոնց թվում հավաքվածները ճանաչել են Էրեբունիի թաղապետ Մհեր Սեդրակյանի թիկնապահներին: Մհեր Սեդրակյանն «Առավոտին» փոխանցեց, որ միջադեպից անտեղյակ է, որ իր թիկնապահները մշտապես իր հետ են եղել. «Երդվում եմ երեխաներիս արեւով, իմ տղաները դրա հետ կապ չունեն: Էդ կռիվ անող երկու կողմերն էլ էրեբունցիներ են, այդ թվում՝ կանայք, բայց կռիվն ու քաշքշուկը սկսվել է հենց նրանց միջեւ»: Նա միաժամանակ ասաց, թե արդեն մոտավորապես պարզել է՝ ովքեր են եղել, եւ խոստացավ, որ բոլորին անձամբ կհայտնաբերի եւ կպատժի. «Էս թաղը պիտի խելքի բերվի: Լեւոնականներ ու սերժականներ չպետք ա լինեն»: Արդեն երեկոյան, «դեպքի վայրում» արված լուսանկարներից պարզ դարձավ, որ խուլիգանների թվում եղել են նաեւ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի սպորտսմեն սաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել