Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է»

Հուլիս 03,2008 00:00

\"\"ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունները հնչեցին Մոսկվայում:

– Պարոն Փափազյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությունը:

– Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր, որ առաջարկելու է իր թուրք գործընկերոջը գալ Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Դրան դրական եմ վերաբերվում: Որեւէ արտառոց բան չկա, երբ մի երկրի նախագահը, թեկուզ դիվանագիտական հարաբերություններ չունենալով, հրավիրում է մեկ այլ երկրի նախագահին՝ միասին սպորտային որեւէ միջոցառման ներկա գտնվելու: Ինչ վերաբերում է բուն հարցին, որ Հայաստանը, փաստորեն, գործող նախագահի անունից հայտարարում է, որ եթե Թուրքիան սահմանները բացի, ապա Հայաստանը կհամաձայնի թուրքական կողմի առաջարկին՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին, որը կքննարկի Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրները, խիստ բացասական եմ վերաբերվում:

– Ինչո՞ւ:

– Ընդհանրապես, քաղաքական խնդիրը թողնել պատմաբանների քննարկմանը՝ անհեթեթություն է: Թուրքիայի այդ առաջարկն արվեց 2-2,5 տարի առաջ, երբ արեւմտյան երկրներում սրվել էին Հայոց ցեղասպանության հարցի քննարկումները: Մասնավորապես, ԱՄՆ-ի հետ է սա կապված: Եթե Հայաստանն ընդուներ առաջարկը, ԱՄՆ-ին եւ մնացյալին պետք է ասվեր՝ տեսեք, մենք հայերի հետ այս հարցերը քննարկում ենք, հետեւաբար՝ իմաստ չունի, որ դուք ձեր խորհրդարաններում կամ այլ ատյաններում համապատասխան որոշումներ կամ բանաձեւեր ընդունեք: Մենք խոսում ենք քաղաքական հարթության մասին, ոչ թե՝ գիտական: Պատմաբանները պիտի ուսումնասիրեն ոչ միայն այս հարցը, այլեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցերն ամբողջության մեջ: Բայց պատմաբանները չէ, որ քաղաքական գործիչներին պիտի ասեն՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Եթե Հայաստանը համաձայնում է, թեկուզ սահմանը բացելուց հետո, նման հարցի քննարկմանը, ուրեմն մի քանի քայլ ետ է գնում իր այսօրվա դիրքերից: Ընդհանրապես, այս առաջարկն էլ նորություն չէ. ՀՀ անկախության օրվանից սկսած՝ թուրքերը միշտ էլ ասել են՝ նստենք-քննարկենք, պարզապես դա միս ու արյուն ստացավ Էրդողանի նամակով: Հիմա 20-ից ավելի երկրներ ընդունել, դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, որոշ երկրներ անգամ օրենքով ամրագրել են, որ իրենց երկրի տարածքում ցեղասպանության փաստը ժխտողները ենթակա են քրեական հետապնդման: Ստացվում է, որ 20-ից ավելի երկրներն իզուր են այդ ամենն արել: Այս ուղղությամբ հայկական սփյուռքի բոլոր ջանքերը ջուրն են թափվելու:

– Սակայն թե՛ ՀՀ արտգործնախարարը, թե՛ նախագահի մամուլի խոսնակն անմիջապես պարզաբանումներով հանդես եկան եւ հայտարարեցին, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում շարունակում է մնալ ցեղասպանության հարցը: Սերժ Սարգսյանի հայտարարությունն այլ ընկալում է ստացել:

– Դա անհաջող քայլի սքողում է, որովհետեւ Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ բառացիորեն ասել է՝ «սահմանների բացումից հետո մենք կհամաձայնենք թուրքական կողմի առաջարկին»: Իսկ թուրքական կողմի առաջարկի էության մասին ես արդեն խոսեցի: Սրանից հետո խոսնակը կամ այլք կարող են հազար ու մի բացատրություն տալ, բայց փաստը մնում է փաստ, որ խոսքը վերաբերում է հայ-թուրքական հանձնաժողովին, որը կազմված կլինի պատմաբաններից, գուցե նաեւ իրավաբաններից ու էլի այլոցից, ովքեր քննարկելու են ցեղասպանության հետ կապված խնդիրները:

– Ժամանակին գոյություն ուներ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով, որի աշխատանքներին հայկական կողմից մասնակցում էր նաեւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա է՞լ էր դավաճան:

– Դա նախկին քաղաքական գործիչներից կազմված հանձնաժողով էր, որի նպատակն այլ էր:

– Տարօրինակ չէ՞ր, որ հայտարարության առիթով ազատականների արձագանքն ավելի արագ եւ կտրուկ եղավ, քան դաշնակցականներինը: Մասնավորաբար, Կիրո Մանոյանն ասել էր, որ նախագահին վատ խորհուրդ են տվել:

– Վատ չէր լինի, որ Կ. Մանոյանը պարզեր, թե ով է եղել Ս. Սարգսյանին խորհուրդ տվողը: Բայց ՀՅԴ-ն, ինչպես միշտ՝ համ նալին, համ մեխին: Քանի որ իշխանության մաս են, չեն կարող իրենց «ազգայնականությունը» վեր հանել ու ստիպված են հաշտվել այն իրողության հետ, որ իրենք կերակրատաշտից օգտվողների մի մասն են կազմում: Հայտարարությունը բավականին խղճուկ է, ինչը վերջին տարիներին բնորոշ է ՀՅԴ-ին:

– Իսկ ի՞նչ հետեւանքներ կունենա Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

– Հայ հասարակության ներսում եւ Սփյուռքում կսկսվեն տարաբնույթ կասկածներ, անհանգստություններ, մեկնաբանություններ. դա լավ չէ: Բայց ակնկալել, որ Թուրքիան սահմանը կբացի եւ դրանից հետո հանձնաժողովը կստեղծվի՝ միամտություն է, քանի որ սահմանի փակ լինելը պայմանավորված է ԼՂ հարցի չլուծվածությամբ: Դրա հետ է կապված նաեւ հայ-թուրքական հարաբերությունների՝ որեւէ կերպ հունի մեջ չմտնելը:

– Կիսո՞ւմ եք տեսակետը, որ Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ 1620 եւ Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւերով իշխանություններին տրված վեցամսյա ժամկետն ի հաշիվ ԼՂՀ հարցի էր:

– Չեմ բացառում, ուղղակի կապ գուցե չկա, սակայն անուղղակի՝ կա: Բայց ԵԽԽՎ-ն ընդամենը հղում է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին եւ դրա հիման վրա հայտարարություն է արել: Բազմիցս զգուշացրել ենք, որ Գլխավոր ասամբլեայի բանաձեւը վատ հետեւանքներ է ունենալու: Սա առաջինն էր: Ինչ վերաբերում է ԵԽ-ին, ասեմ. այն պահվածքը, որ որդեգրել է ԵԽԽՎ-ն հայաստանյան իրադարձությունների նկատմամբ, նաեւ բերեց Ղարաբաղի հարցի հետ կապված այդ բանաձեւին: Երեւում է, որ մարդիկ տեղյակ չեն. Հայաստանի հետ կապված բանաձեւի քննարկմանը մասնակցել է 24 մարդ: Ծիծաղելի է, փաստում է, որ ՀՀ նկատմամբ հետաքրքրություն չկա: Մարդիկ ստիպված են Հայաստանի հարցերով զբաղվում: Ներքաղաքական խնդիրներ, իշխանությունների կողմից անօրինական գործողություններ եւ ԼՂ հարց. ուրիշ որեւէ տեսանկյունից Հայաստանը չի հետաքրքրում: Հայ հասարակությունն ինքը պիտի իր հարցերը լուծի, եւ այս ամիսները ցույց տվեցին, որ մեր հասարակության զգալի մասը պատրաստ է սեփական արժանապատվության համար պայքարելու:

– Մինչեւ հունվար հնարավոր համարո՞ւմ եք ԼՂ հարցի կարգավորումը:

– Ոչ, բայց ակնարկով կասեմ. այն, որ Ս. Սարգսյանն իր հայտնի հայտարարություններն արել է Մոսկվայում՝ պատահական չէ: ԼՂ հարցում եւ հայ-թուրքական հարաբերություններում նկատում եմ ռուսական ներգրավվածության ակտիվացում: Պատահական չէ, որ Լավրովն Անկարայում քննարկելու է այս հարցը: Իրողությունը դա է: Մի քանի օր անց տեղի է ունենալու նաեւ Մեդվեդեւի այցը Բաքու, եւ քննարկվելիք խնդիրներից մեկն էլ ԼՂՀ հարցն է լինելու: Ինչ-որ իմաստով ողջունելի է ՌԴ ակտիվությունը, քանի որ Հարավային Կովկասում առանց Ռուսաստանի հարցերի լուծումն անհնար է: Ինչպիսի՞ շեշտադրումներ կլինեն, որքանո՞վ ՌԴ-ն ավելի ակտիվ կգնա հօգուտ ԼՂՀ հարցի արագ կարգավորման, սպասենք՝ տեսնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել