Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»

Հուլիս 03,2008 00:00

\"\"Վստահ է վարչապետ Տիգրան Սարգսյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն հասցրել է լինել հանրապետության մի շարք բնակավայրերում, իսկ երեկ այցելեց Հրազդան քաղաք եւ Մեղրաձոր գյուղ: Հրազդանում Տիգրան Սարգսյանը առաջին դասարանցի Էդգար Առաքելյանի օգնությամբ կտրեց Լինսի հիմնադրամի միջոցներով վերակառուցված Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցի կարմիր ժապավենը: Մեղրաձոր գյուղում մարդիկ վարչապետին պատմում էին, որ աշխատատեղ չունեն, որ միայն Մոսկվայում ապրում եւ աշխատում են գյուղի 250 երիտասարդ տղամարդիկ: Գյուղում մնացել են տարեցները եւ կանայք: Այս գյուղի հիմնական աշխատատեղերը ժամանակին ապահովվել են ոսկու հանքերի շնորհիվ, սակայն այժմ գյուղի այս հիմնական եկամտաբերության ճանապարհը փակ է, քանի որ ոսկու հանքերը չեն աշխատում: Այլ խնդրանքներից էին ճանապարհի, գազի, խմելու ջրի, հարկերի, կարկուտի, եկեղեցու, կոմբայնի եւ այլ հարցեր: Վարչապետը տեղեկացրեց, որ եթե կարողանան Զոդի ոսկու հանքերի խնդիրը լուծել՝ բանակցությունները հասցնելով տրամաբանական ավարտին, ապա Մեղրաձորի հարցն էլ կլուծվի, քանի որ սա նույն ծրագրի մի մասն է:

Ներկայացնում ենք գյուղացիների աչքի առաջ ծավալված ՀՀ վարչապետ-«Առավոտ» երկխոսությունը:

– Սովորաբար վարչապետները սիրուն խոսում են, լավ բաներ են ասում, բայց երբ որ կոնկրետ գործ անելու ժամանակն է գալիս, այդ սիրուն խոսքերից ոչ մեկը չի իրականանում: Հիմա դուք կոռուպցիայի միայն գեղեցիկ հայտարարություննե՞ր եք անում, թե՞ շատ կարճ ժամանակահատվածում մարդիկ զգալու են դրանց իրական արդյունքը:

– Դուք այդպե՞ս եք գտնում, որ գեղեցի՞կ են իմ հայտարարությունները:

– Վատը չեն:

– Որովհետեւ որոշ ընդդիմադիր թերթեր գրում են հակառակը, նույնիսկ խոսքին են կպնում… Իսկ կարո՞ղ է լինել հակառակը, որ առանց հայտարարություն անելու սկսենք գործողություններ:

– Ավելի լավ կլինի:

– Բա հետո չե՞ն ասի՝ էս ի՞նչ եք անում, ո՞ւր եք ուզում այս ժողովրդին տանել:

– Բայց բոլորը գիտեն, թե ովքեր են կոռուպցիայով զբաղվում: Հիմա դուք վարչապետ եք, եւ, այնուամենայնիվ, ձեր հայտարարություններից տպավորություն կա, որ դուք ցանկություն ունեք լավ բաներ անելու:

– Հավատո՞ւմ եք:

– Տպավորություն կա, որ ցանկություն ունեք:

– Կոռուպցիայի դեմ պայքարը ունի մի գաղտնիք, այն է՝ կոռուպցիայի դեմ հնարավոր չէ պայքարել առանց համախոհների: Իսկ համախոհներ ձեռք բերել առանց հայտարարությունների՝ նույնպես հնարավոր չէ: Առնվազն պետք է կոչ անեք այն մարդկանց, ովքեր ձեր տեսակետները կիսում են, որպեսզի ձեզ աջակցեն, միախմբվեն ձեր շուրջ: Լռելով՝ դա հնարավոր չէ անել: Պետք է հայտարարենք, ասենք՝ մենք այսպես ենք պատկերացնում մեր անելիքները, հայտարարենք մեր անելիքների մասին ու ասենք՝ սիրելի ժողովուրդ, ովքեր համամիտ են մեզ հետ, թող միավորվեն մեր շուրջ:

– Ձեր շուրջ թերեւս կմիավորվեն նրանք, ովքեր կոռուպցիայով չեն զբաղվում, զբաղվողները չեն միավորվի:

– Ճիշտ եք ասում, բայց մենք հայտարարությունները անում ենք ոչ թե նրանց համար, ովքեր կոռումպացված են, այլ նրանց համար, ովքեր կոռումպացված չեն, մեր ձայնը պետք է նրանց համար հասանելի լինի: Եվ ես շատ ուրախ եմ, որ դուք, ներկայացնելով ընդդիմադիր թերթ, տպավորված եք այդ ելույթներով, համարում եք այդ ելույթները գեղեցիկ, հուսով եմ՝ չեք թաքցնի այդ իրականությունը ձեր ընթերցողներից:

– Ես ձեզ հարցրի կոնկրետ արդյունքների մասին:

– Կոնկրետ արդյունք տալու համար պետք է, որպեսզի ձեր թերթը ճշմարիտ եւ ճշգրիտ խոսքը հասցնի ժողովրդին, մեր խոսքը մի աղավաղեք, դա արդեն մեծ առաքելություն կլինի, ձեր մեկնաբանությունները հետո կարող եք տալ: Ուրեմն, առանց խոսքի մենք չենք կարող ձեռք բերել համախոհներ, առանց համախոհների մենք չենք կարող հաղթահարել կոռուպցիան Հայաստանում. շատ պարզ տրամաբանական շղթա է:

– Դուք կոռուպցիայով զբաղվողներից դեռ հարվածներ չե՞ք ստացել թիկունքից:

– Իհարկե, մեր առաջին թշնամին մեր ներսում է:

– Շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել