Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ ԵԽԽՎ-ի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ հավասարակշռված է:
Մարտի 1-2-ին Երեւանում կատարված դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը դեռ պաշտոնապես չի ստացել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի նամակը, սակայն ինտերնետից եւ մամուլից ծանոթ է դրան. «Որպես հանձնաժողովի նախագահ, շնորհակալ եմ պարոն Կարապետյանին, որ արձագանքել է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու իմ հրավեր-նամակին, իհարկե, ցավում եմ, որ պարոն Կարապետյանն իր մասնակցության հարցը ձգել է մինչեւ սեպտեմբեր, սպասելով, թե մինչ այդ հանձնաժողովը ինչ հաջողություններ կարձանագրի: Ուզում եմ նշել, որ հանձնաժողովի հաջողությունները կախված են նաեւ դրանում յուրաքանչյուրի աշխատանքից»: Պարոն Նիկոյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւս հրավիրված է հանձնաժողովի աշխատանքներին: Օմբուդսմենը հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու է խորհրդակցական ձայնի իրավունքով: Սամվել Նիկոյանն ասաց, որ դեռ նախորդ շաբաթ հնչեցրած իր կոչը Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ուղարկել փորձագետներ, մնացել է անպատասխան: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է հանձնաժողովն այցելի կալանավորված պատգամավորներին, Սամվել Նիկոյանն ասաց. «Նման հանդիպում-այցելություններ կլինեն եւ մեր գործընկերներին, եւ մյուս ձերբակալվածներին, որովհետեւ հանձնաժողովը տարբերություններ չի կարող դնել: Հանձնաժողովն իր իրավասության տակ գտնվող բոլոր գործառույթները օգտագործելու է»:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը երեկ անձամբ էր մասնակցում ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին եւ մեզ հետ զրույցում ասաց. «Մեր կուսակցության մոտեցումն է, որ ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել՝ որեւէ երեւույթի հետ կապված ամեն ինչ պարզելու նպատակով, եւ ինձ համար անընդունելի է, որ որոշ կուսակցություններ, գործիչներ առանց այն էլ շահարկում են մարտի 1-2-ի դեպքերը եւ չեն օգտվում հնարավորությունից՝ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ես պատասխանատվություն եմ կրում իմ քայլերի համար, եւ եթե այսօր ունեմ հրավեր, պետք է այդ հրավերը ընդունեմ, այլապես կստացվի, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանատվությունից խուսափում է: Եթե ես ասելիք ունեմ՝ ավելի լավ է գամ եւ այստեղ բարձրաձայնեմ»: Հարցին՝ չի՞ կարծում, որ մեր հասարակությունը շատ ավելի է եվրոպական չափանիշների կրող, քան իրենք՝ Եվրախորհրդարանի պատվիրակները, քանի որ հասարակությունը գտնում է, որ բանաձեւի պահանջները չեն կատարվել, իսկ եվրոպացիները, փաստորեն, գտնում են, որ դրանք կատարվում են, պարոն Հարությունյանը այսպես պատասխանեց. «Կարծում եմ, ճիշտ է ընտրված այն սկզբունքը, որ պետք չէ միանգամից Հայաստանի նկատմամբ սանկցիա կիրառել, պետք է ժամանակ տալ, առաջարկություններ անել, այս տեսակետից, կարծում եմ, հավասարակշռված որոշում է կայացվել, եւ նկատի են ունեցել, որ գործ ունեն ընդամենը 16 տարի անկախություն ստացած երկրի հետ, որը ժողովրդավարության որեւէ փորձ չի ունեցել»: