Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգչից օգտվեցին երեքը

Հուլիս 02,2008 00:00

Կառավարության որոշմամբ՝ ապագա նոտարներն իրենց քննությանը կարող են նույնիսկ մի արկղ դասագրքով գալ

Երեկ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի շենքում որակավորման քննություն էին հանձնում ապագա նոտարները: Ընդհանուր հաշվով, նոտարի թեկնածուների որակավորման ստուգման քննություն հանձնողները 25-ն էին, սակայն նրանցից քննությանը մասնակցեց 21-ը: Աբովյանցի Աննա Գրիգորյանը լացակումած քննասենյակ մտավ 30 րոպե ուշացումով եւ դա հանձնաժողովականների կողմից «ներվեց»: Այս փաստը թե՛ հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանը եւ թե՛ հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանը արտառոց չհամարեցին՝ պատճառաբանելով, որ պարզապես այդ 30 րոպեները քննություն հանձնողը կորցրեց ու այստեղ այլ միտում լինել չի կարող: Թեեւ 25 դիմողից քննության են ներկայացել 21-ը, սակայն սեղանների թիվը 23 էր՝ 2-ը ազատ էր մնացել, 2 սեղան էլ բացակայում էր: Մեր այս դիտարկմանը Գ. Մալխասյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Մեզ մի երկու հոգի զանգել-տեղեկացրել էին, որ քննության չեն գալու, այդ պատճառով այդ 2 սեղանները դուրս հանեցինք»: Փաստենք, որ սենյակը փոքր էր եւ եւս երկու սեղան դնելու հնարավորություն չկար, բայց հանձնաժողովի նախագահը հակառակն էր փորձում ապացուցել:

Որակավորման ստուգման նպատակով ներկայացվել էր 10 խնդիր, որոնց մի մասը կազմված էր պայմանագրերի ու դրանց կից փաստաթղթերի ձեւով: Քննության համար տրվել էր 8 ժամ եւ գնահատվելու է 20 բալանոց համակարգով: 4 ժամը մեկ հայտարարվում էր ընդմիջում եւ Նոտարական պալատի միջոցներով՝ սննդով ու հյութերով հյուրասիրում էին դիմորդներին: Քննություն հանձնողները հիմնականում պետք է ուսումնասիրեին պայմանագրերն ու դրանց կից բոլոր փաստաթղթերը եւ որոշում կայացնեին՝ վավերացնե՞լ պայմանագիրը, թե՞ մերժել: Այս քննության յուրահատկություններից է նաեւ այն, որ կառավարության որոշմամբ թույլատրվում է քննասենյակ տանել եւ օգտվել համակարգչից (այդ իրավունքից օգտվել էր 3-ը), գրքերից, դասագրքերից, մեկնաբանություններից եւ այլ գրավոր նյութերից, զբոսնել կամ հանգստանալ քննասենյակից դուրս նախատեսված տարածքում: «Արգելանքների» շարքում նշված էր հեռախոսով խոսելը (սակայն հեռախոսները «դիմորդներից» չէին վերցրել), առանց հանձնաժողովի համաձայնության քննական տարածքից դուրս գալը եւ այլն:

Նշենք, որ այս արգելքը «ձեւականներից» էր եւ ազատ ելումուտ էին անում ու չէր բացառվում, որ այդ ընթացքում խնդրի հետ կապված հարցեր էին լուծում: Այս քննությունը նման էր արտագրության, սակայն գլխավոր նոտար Մ. Գաբոյանն արտաքուստ այդպես համարեց. «Եթե խնդրի մեխը չգտնեն, միեւնույն է՝ սխալ են արտագրելու»: Մեզ չհաջողվեց պարզել, թե ով է այդ խնդիրների հեղինակը՝ ոչ հանձնաժողովի նախագահը, ոչ էլ անդամները տեղյակ չէին: Մ. Գաբոյանի խոսքերով, իրենք խնդիրների փակ ծրարը արդարադատության նախարարից ստացել են քննությունից 5 րոպե առաջ: «Դա ամենակարեւոր գաղտնիքն է, որ չպիտի բացահայտվի, նույնիսկ, եթե մենք իմանայինք՝ չպիտի ասեինք, թե ով է կազմել, եթե պարզվի՝ կնշանակի արդեն քննություն չկա: 2-3 ամիս է՝ որոշ մարդիկ անընդհատ զանգում էին մեզ, ծանոթ- բարեկամ էին մեջ գցում, որ քննություն հանձնողներին օգնեինք, եթե իմանան ո՞վ է խնդիրները կազմել, չի բացառվում, որ այդ առումով ճնշումներ լինեն»,- ասաց Գ. Մալխասյանը: Նախորդ տարիների խնդիրները կազմում էր այն ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Արդյունքները պարզ կլինեն 5 օր հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել