Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի «մա՞րդը» կանցնի

Հուլիս 02,2008 00:00

Ստեփանավանի կենտրոնական հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթները ձեւական բնույթ են կրում:

Բուժհիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախորդ տարվա դեկտեմբերին Ստեփանավանի բժշկական կենտրոնի եւ պոլիկլինիկայի «միաձուլման» հետեւանքով, բժշկական կենտրոնի տնօրենը՝ վիրաբույժ Միշա Բաբլումյանն, ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Ժամանակավորապես, մինչեւ թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացումը, տնօրենի պաշտոնակատար նշանակվեց պոլիկլինիկայի տնօրեն, մասնագիտությամբ ատամնաբույժ Հակոբ Զուրաբյանը:

Բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթը հայտարարված էր այս տարվա մարտի 17-ին: Մրցույթի մասնակցության հայտ ներկայացրել էր 2 հոգի՝ Հակոբ Զուրաբյանը եւ անհատ ձեռնարկատեր Անուշավան Նիկողոսյանը: Ա. Նիկողոսյանի տեղեկացմամբ, մտավախություն ունենալով, որ մրցույթը կանցկացվի անարդար ու կեղծիքներով, ինքը նախապես դիտորդ է հրավիրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Սակայն, ըստ Ա. Նիկողոսյանի. «Հանձնաժողովի անդամներին ձեռնտու չէր կողմնակի մարդու ներկայությունը, քանի որ նրանք չէին կարող օգնել իրենց նախընտրած թեկնածուին, եւ իմանալով, որ մրցույթին դիտորդ է լինելու, ինչ-որ անիմաստ ու անհեթեթ պատճառաբանություններով քննությունը հետաձգեցին»: Օրինակ, մրցույթի հետաձգման պատճառներից մեկը եղել է այն, որ հանձնաժողովի քարտուղար Մհեր Մարգարյանը, որը Լոռու մարզպետի խորհրդականն է ու կնոջ եղբայրը, հենց այդ օրը մեկնել էր մայրաքաղաք՝ ինչ-որ դասընթացների: Ու այսպես, անհարգելի պատճառներով հանձնաժողովի 5 անդամից 3-ը մրցույթին չէր ներկայացել եւ այն տեղափոխվել էր ապրիլի 2-ին: Ա. Նիկողոսյանի տեղեկացմամբ, ե՛ւ ինքը, ե՛ւ մրցույթի մյուս մասնակիցը՝ Հ. Զուրաբյանը, բոլոր 50 գրավոր հարցերին պատասխանել են լիարժեք, իսկ բանավոր քննության ժամանակ Հ. Զուրաբյանը 5 բանավոր հարցից 1-ին տվել է ճիշտ, 1-ին՝ սխալ եւ 3-ին՝ թերի պատասխան, իսկ ինքը 5 հարցից 4-ին պատասխանել է ճիշտ եւ միայն 1-ին է տվել թերի պատասխան: Հաշվի չառնելով Ա. Նիկողոսյանի առավելությունը, հանձնաժողովի անդամները գաղտնի քվեարկությամբ 2 թեկնածուների համար էլ քվեարկել են 1 «կողմ» եւ 4 «դեմ» եւ որեւէ մեկը հաղթող չի ճանաչվել: Նշենք նաեւ, որ մրցույթի ողջ ընթացքը նկարահանվել է, եւ տեսաերիզը գտնվում է մարզպետարանում: Ըստ Ա. Նիկողոսյանի, հանրապետական կուսակցության անդամ Հակոբ Զուրաբյանի «թիկունքին կանգնած է» հանրապետական մարզպետը՝ Արամ Քոչարյանը, որն էլ ցանկացած գնով ուզում է հիվանդանոցի տնօրեն դարձնել «իր մարդուն»: Ա. Նիկողոսյանը արդյունքների վերանայման խնդրանքով դիմել է մարզպետին, սակայն նրա խնդրանքն անուշադրության է մատնվել, իսկ մրցույթի արդյունքները մնացել են անփոփոխ: Մրցույթի պահանջներն անվավեր ճանաչելու ու նաեւ նոր մրցույթ հայտարարելու ընթացքը կասեցնելու պահանջով՝ Ա. Նիկողոսյանը դիմել է նաեւ դատարան:

Նշենք, որ համաձայն մարզպետի 16.10. 06թ. թիվ 285 N որոշման, մրցույթի չկայանալու դեպքում հանձնաժողովի անդամները պետք է հայտարարեն ոչ թե նոր, այլ կրկնակի մրցույթ, ինչը նշանակում է, որ մասնակցության իրավունք ունեն միայն նախապես դիմած անձինք: Իսկ հուլիսի 3-ին հայտարարվել է նոր մրցույթ, որին, բացի նախօրոք դիմած անձանցից, մասնակցության հայտ է ներկայացրել հիվանդանոցի եւս 2 աշխատակից: Սակայն երեկ տեղեկացանք, որ մրցույթը կրկին հետաձգվել է: Նշենք նաեւ, որ մարզպետարանից հրաժարվել են մրցույթի տեսագրությունը տրամադրել ոչ միայն Ա. Նիկողոսյանին, այլ նաեւ դատարանին:

Մեր տեղեկություններով, Հակոբ Զուրաբյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանի բարեկամն է եւ վերջինս էլ հովանավորում է նրան:

Ա. Նիկողոսյանի տեղեկացմամբ, Հ. Զուրաբյանի՝ հիվանդանոցի պաշտոնակատար դառնալուց հետո, հիվանդանոցը գրեթե կազմալուծվել է, քանի որ վերջինիս հետ ունեցած տարաձայնությունների պատճառով շատ մասնագետներ դուրս են եկել աշխատանքից. «Գործից դուրս է եկել նաեւ անեսթեզիոլոգը, ինչի պատճառով ներկայումս հիվանդանոցում վիրահատություններ չեն կատարվում: Մարդիկ ստիպված իրենց հիվանդին Ստեփանավանից տեղափոխում են Վանաձոր կամ Երեւան»:

Ըստ Ա. Նիկողոսյանի, մարզպետի պաշտոնավարման ընթացքում մարզի առողջապահության ոլորտը քայքայվել է, քանի որ առողջապահության վարչությունից սկսած մինչ հիվանդանոցի տնօրենները՝ մարզպետի բարեկամներն ու հարազատներն են, իսկ ոլորտի այդ վատթար վիճակի պատճառն այն է, որ բուժհիմնարկները գտնվում են ոչ թե ուղղակիորեն առողջապահության նախարարության, այլ՝ մարզպետարանների վերահսկողության տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել