Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ

Հուլիս 02,2008 00:00

\"\"Այս փաստարկո՞վ են շարունակելու պաշտպանվել ՀՀ պաշտոնյաները, եթե Հայաստանը դարձյալ հայտնվի այն երկրների ցուցակում, որտեղ ծաղկում է հակասեմիտիզմը:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու նպատակով շրջանառության մեջ դրված DVD-ի մեջ նշվում էր, թե նա երդվելիս ձեռքն իբր ոչ թե Աստվածաշնչի վրա է դրել, այլ Թալմուդի: Իշխանական թերթերից մեկը նրան պատկերել էր հրեական թասակով ու նաեւ պնդել, թե հրեա-մասոնական լոբբին Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի վրա ծախսել է 65-70 միլիոն դոլար, «Հայ ազգային կոնգրես» ստեղծելու գաղափարը Տեր-Պետրոսյանին առաջարկել են հրեա-մասոնական շրջանակները եւ այլն: Հանրային հեռուստաընկերության «360 աստիճան» ծրագրով մի հեգնալից ռեպորտաժ նվիրվեց այն փաստին, որ Ազատության հրապարակում, հանրահավաքի ժամանակ, ծածանվել էր Իսրայելի դրոշը:

Շատ ավելի պակասի՝ ընդամենը մասնավոր ԱԼՄ հեռուստաընկերությամբ Հմայակ Հովհաննիսյանին «ջհուդական խոդեր» անելու մեջ մեղադրելու համար Տիգրան Կարապետյանն ու Հայաստանը հայտնվեցին ԱՄՆ պետքարտուղարության՝ հակասեմիտականության մասին 2005-ի տարեկան զեկույցում: Իսկ որ վերջին ամիսներին Հայաստանում հաճախակի դարձած հակահրեական հրապարակումներն արդեն իսկ գրավել են միջազգային հանրության ուշադրությունը՝ վկայում է թեկուզ ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերի հունիսյան այցը, որի ընթացքում նա մեր պաշտոնյաներին իր մտահոգությունն էր փոխանցել հայաստանյան որոշ թերթերով եւ հեռուստատեսությամբ հակասեմիտական քարոզչության իրականացման կապակցությամբ: Մի օրինակ մեջբերենք, թե ինչպես էին մեր որոշ պաշտոնյաներ արձագանքել այս մտահոգությանը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ Դեյվիդ Կրամերի՝ հունիսի 24-ի հանդիպման մասին տարածված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նախարարը հավաստիացրել է, թե այդ նյութերը չի կարելի միանշանակ գնահատել հակասեմիտական, «քանի որ որեւէ նշավակող որակում չի արտացոլվել, այլ սոսկ փաստեր են ներկայացվել», եւ հավելված է. «Կողմերը եւս համաձայնվեցին, որ դատապարտելի են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անպարկեշտ ու վիրավորական արտահայտությունները՝ իշխանության հասցեին: Նախարարը համոզմունք հայտնեց, որ հենց այդ արտահայտություններն են նպաստում անառողջ մթնոլորտի ձեւավորմանը եւ խթանում նորանոր անիրավաչափ արտահայտությունների տարածմանը»:

Հայտնենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց գերմանացի Գերթ Վայսկիրխենի հեղինակած բանաձեւի նախագիծը՝ «Պայքար հակասեմիտիզմի եւ հատկապես ԶԼՄ-ներում եւ ակադեմիական շրջանակներում դրա դրսեւորումների դեմ»: Այս փաստաթղթում հիշատակված են այն պարտավորությունները, որոնք ստանձնել են ԵԱՀԿ անդամ պետությունները 2003-ին, 2004-ին, 2005-ին՝ պայքարելու հակասեմիտիզմի դեմ: Բանաձեւում ԵԱՀԿ անդամներին հիշեցրել են, որ իրենք պիտի կատարելագործեն հակասեմիտական միջադեպերի եւ «ատելության հողի վրա այլ հանցագործությունների կապակցությամբ մոնիտորինգը» ու ժամանակին դրանց մասին տեղեկություններ ներկայացնեն Ժողովրդավարական հաստատությունների եւ Մարդու իրավունքների բյուրո: Եվ առաջարկ կա, որ 2009-ի տարեկան նստաշրջանում ԵԱՀԿ անդամ երկրները ներկայացնեն գրավոր զեկույցներ՝ հակասեմիտիզմի եւ խտրականության այլ ձեւերի դեմ իրենց պայքարի վերաբերյալ:

Հետաքրքիր է՝ արդյոք այս բանաձեւի կապակցությամբ ելույթ ունեցե՞լ են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակության անդամները: Եվ առավել հետաքրքիր է, թե հաջորդ տարի Հայաստանն ի՞նչ զեկույց է ներկայացնելու հատկապես իշխանական ԶԼՄ-ներում հակասեմիտիզմի դրսեւորումների դեմ պայքարի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել