Ի՞նչ է կատարվում մշակույթի նախարարությունում
Մշակույթի նախարարությունում կռիվ է ընկել: Առիթը կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի որոշումն է, որով նախարարության աշխատակազմի անունից հանվում է «երիտասարդության հարցերի» բառակապակցությունը եւ վերափոխվում է նախարարության կառուցվածքը: Նախարարության բոլոր կառույցների գործառությունը, փաստորեն, դադարեցված է, վայր են դրված աշխատողների լիազորությունները, եւ բացառված չէ, որ նոր կառուցվածքում ներկայիս աշխատողների ճնշող մեծամասնությունն այլես տեղ չգտնի: Ուստի միանգամայն հասկանալի են աշխատակիցներին համակած խուճապն ու նրանց շուրթերով տարածվող շշուկները. վերջապես մարդկանց ճակատագիրն է խաթարվում:
Ի՞նչ են ասում այդ աշխատակիցները, որոնք, ի դեպ, թախանձագին խնդրում են չհրապարակել իրենց անունները…Պարզվում է՝ այս գերատեսչությունում վաղուց ի վեր հիվանդագին մթնոլորտ է: Տիկին նախարարը ուզում է ազատվել նախկին աշխատողներից եւ որոշել է հարցը լուծել ոչ թե փուլ առ փուլ, այսինքն՝ թափուր տեղերի մրցույթների միջոցով, այլ փաթեթային տարբերակով՝ նախարարության կառուցվածքի վերանայման անվան տակ: Մինչ այդ նա չափազանց ուռճացրել է ապարատը՝ իր խորհրդականների թիվը հասցնելով հինգի, գումարած երկու օգնականներն ու մամուլի քարտուղարը: Նախարարը հիմնականում աշխատում է այս հայեցողական պաշտոնները գրավող մարդկանց հետ, որոնք տեւական արտասահմանյան գործուղումների եւ նախարարության մարտավարական հարցերի շուրջ փակ դռների հետեւում կատարվող քննարկումների ու որոշումների ընդունման արդյունքում «հասունանում» են՝ վերակազմակերպվելուց հետո առանցքայի
ն պաշտոններ գրավելու համար, ընդհուպ՝ փոխնախարարի: Տվյալ գերատեսչության գործելակերպը որոշ կողմերով նույնիսկ անցած դարի 30-ական թվականների հիշողություններ է արթնացնում. խոսքը աշխատակիցների կողմից հաճախակի գրվող եւ նախարարի մոտ խնամքով հավաքվող զեկուցագրերի մասին է, որոնք ավելի շատ մատնագրերի են նմանվում:
Խնդիրն այն է, սակայն, որ եթե ասեկոսեներն ու աշխատանքից զրկվող ծառայողների կողմնակալությունը մի կողմ ես դնում եւ փորձում ծանոթանալ իրերի իսկական դրությանը, ապա տարակուսանքները ոչ միայն չեն ցրվում, այլեւ ավելի են խորանում: Նախ, հարց է ծագում՝ ինչո՞ւ չի կատարվել նույն հարցի վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի 113-Ն որոշումը, ինչի՞ հիման վրա է այն չեղյալ ճանաչվել եւ նոր որոշում ընդունվել: Երկրորդ՝ ինչո՞ւ է բուն վերակազմակերպման գործընթացը ձեռնարկվել այն ժամանակ, երբ աշխատակազմի ղեկավարի լիազորությունները վայր են դրված, քանի որ նախարարի պահանջով նրա նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, հենց այն անձի, որն էլ ի պաշտոնե պիտի իրականացներ վերակազմակերպման գործը: Ինչո՞ւ նախարարի հրամանով այդ պատասխանատվությունը չի դրվել աշխատակազմի ղեկավարի տեղակալի վրա, ինչը պահանջում է նախարարության կանոնադրությունը: Հարցերի շարքն ավելի է երկարում, երբ փորձում ես հասկանալ, թե ինչ սկզբունքով է որոշվել նախարարության նոր կառուցվածքը: Դա, անշուշտ, բոլորովին այլ խոսակցության նյութ է, որին կանդրադառնանք հետագայում, երբ ձեռքի տակ կունենանք նոր վարչությունների ու բաժինների կանոնադրությունները:
Ինչ վերաբերում է աշխատակիցներին, ապա նախարարի պարզաբանումները մեզ հանգեցրին այն եզրակացության, որ կարճաժամկետ ռեզերվում հայտնված քաղծառայողների խուճապն ու կարծիքները գուցե չափազանցված են, բայց ոչ անհիմն: Նախարարը հաստատեց, որ իրեն չի բավարարում ծառայողների մեծ մասի որակավորումը, եւ մտադիր է փոխարինել նրանց առավել կարող ուժերով: Հանաք բան չէ, կառավարությունը եւ հասարակությունը սպասում են, որ նրանք մշակութային քաղաքականություն ու ծրագրեր մշակեն, օրենքներ գրեն, այնինչ՝ ի վիճակի չեն անգամ մի հասարակ գրություն պատշաճ ձեւով ձեւակերպել: Մենք պատճառ չունենք չհարգելու նրա կարծիքը եւ չհավատալու անկեղծությանը: Բայց դրանից տարակուսանքը չի նվազում, քանի որ չենք կարող չհարցնել, թե ինչո՞ւ է ծառայողական քննություն սկսվել մի մարդու նկատմամբ, որին հենց ինքն է վերջերս ընտրել, ինչո՞ւ ծառայողները, որոնք ատեստավորում են անցել Քաղծառայության խորհրդում, չեն բավարարում իր պահանջները, եւ ինչո՞ւ է վերջիններիս կրճատման համատեքստում արվեստի բաժնում նոր մարդ ընդունում, որը թե՛ մասնագիտությամբ (քիմիկոս), թե՛ աշխատանքային փորձով հեռավոր իսկ առնչություն չունի արվեստի հետ:
Տիկին Պողոսյանն այս հակասությունների պատճառը համարում է ոչ թե իր վրիպումները, այլ արատավոր համակարգը, քանի որ ստիպված է ընտրություն կատարել այն մարդկանցից, որոնց մատուցում է Քաղծառայության խորհուրդը: Սակայն մոռանում է, որ ինքն էլ այդ համակարգի անքակտելի մասն է, այն էլ՝ առանցքային գործող անձը: Մարդիկ Քաղծառայության խորհրդում ատեստավորում են անցնում ըստ համապատասխան պաշտոնների անձնագրերի, որոնք կազմում է նախարարության ղեկավարությունը: Եթե իր իսկ կազմած անձնագրով պահանջվում է ընդամենը բարձրագույն կրթություն, եւ չի ճշգրտվում, թե ինչ մասնագիտության գծով, ապա, ներեցեք, ի՞նչ անի համակարգը կամ Քաղծառայության խորհուրդը: Այսուհանդերձ, ստիպված ենք համաձայնել. իրոք համակարգը արատավոր է, քանի որ Քաղծառայության խորհուրդը՝ կոչված պաշտպանելու քաղծառայողների իրավունքները, այս իրարանցման մեջ ընդամենը դիտորդի դեր է ստանձնել, թեկուզեւ՝ հետաքրքրված դիտորդի:
Համակարգն արատավոր է այնքանով, որ 17 տարին անգամ բավարար չեղավ հասկանալու, որ մշակույթի նախարարությունում պարբերական վերաձեւումներով՝ մի վարչություն փակելով, մի ուրիշը բացելով, մարդկանց ազատելով ու ընդունելով, ոչնչի չես հասնի: Մշակույթի համակարգը գիտական կառույցի կարիք ունի՝ գիտահետազոտական ինստիտուտի (ինչպես, օրինակ, կրթության, սոցիալական ապահովության եւ այլ նախարարությունների ազգային ինստիտուտները), որի գիտական կադրերն էլ ի վիճակի կլինեն զբաղվելու մշակութային քաղաքականություն մշակելու, ռազմավարական ծրագրեր ստեղծելու, օրենքներ գրելու, մոնիթորինգներ անցկացնելու, տեղեկատվական շտեմարաններ ստեղծելու դժվարին խնդիրներով:
Երկրորդ՝ համակարգը երբեք դուրս չի գա այս արատավոր շրջանից, քանի դեռ մշակույթի ոլորտի որոշումներ կայացնողները չըմբռնեն, որ հարկավոր է լրջորեն զբաղվել կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցով եւ համապատասխան մասնագիտություններ ու բաժիններ բացելու պատվեր ներկայացնել կրթության համակարգին: