Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ՎՃԻՌԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԴԵՊ

Հուլիս 01,2008 00:00

\"\"«Առավոտի» հարցազրույցը արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանի հետ

– Պարոն Կոստանյան, ինչքա՞ն ժամանակ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում եք Հայաստա-նի կառավարությանը:

– Եվրոդատարանում որպես կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակվել եմ 2004թ. փետրվարից: Իմ լիազորությունների մեջ են մտնում ՀՀ շահերի պաշտպանությունը Եվրոպական դատարանում, ՀՀ-ն ներկայացնելը ԵԴ-ում, Եվրոդատարանի վճիռների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը:

– Այս պահի դրությամբ ընդդեմ ՀՀ-ի քանի՞ գործ է գտնվում ԵԴ-ում:

– Կդժվարանամ կոնկրետ թիվ ասել, որովհետեւ ԵԴ դիմում ներկայացնելն անընդհատ պրոցես է: Մոտավորապես կարող եմ ասել՝ հազարից ավելի գործ կա: Որպես կանոն, բոլոր հայցադիմումներում նշվում է արդար դատաքննության իրավունքի խախտումը: Կան ինչպես վարչական, այնպես էլ քաղաքացիական եւ քրեական գործեր: ԵԴ-ի գործերի վերաբերյալ վիճակագրական վերլուծություն անելու կարիք չկա, որովհետեւ՝ ինչ պահանջներով որ դիմում են ներպետական դատարաններ, նույնով էլ Եվրոդատարան են գնում:

– Ընդդեմ ՀՀ-ի՝ ԵԴ-ում Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտմանը, այսինքն՝ խոսքի ազատության իրավունքի ոտնա-հարմանը վերաբերող քանի՞ գործ է քննվում:

– Դրանցից մեկը «Ա1+»-ին վերաբերող «Մելտեքս» ՍՊԸ-ի գործն է, հաջորդը՝ «Նոյյան տապանինը»: «Նոյյան տապանի» մասով կարող եմ ընդհանուր տեղեկատվություն տալ՝ այլ կոնկրետ տեղեկատվության չեմ տիրապետում: Այս գործը ծանուցվել է կառավարությանը, հայցի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել է իր առարկությունները ու դրանից հետո դեռ տեղաշարժ չկա: Հաջորդ պրոցեսը պետք է լինի վճռի կամ որոշման կայացումը, սակայն շուրջ 2-3 տարի է՝ ոչինչ չի արվել: Իմ հիշելով, «Նոյյան տապանը» վիճարկում էր խոսքի ազատության, ինչպես նաեւ սեփականության իրավունքը՝ հաշվի առնելով, որ որոշակի սեփականություն ինքը կորցրել է՝ որոշակի մրցույթներին մասնակցելու արդյունքում չհաղթելու հետեւանքով: Այս գործի ուսումնասիրությունն ինձ բերեց այն համոզման, որ այստեղ հիմքերը շատ ավելի թույլ են քան, օրինակ, «Մելտեքսինը»: Այսինքն՝ պահանջների հիմնավորվածությունն ավելի նվազ է:

– Արդյո՞ք հետեւում եք այլ երկրներում խոսքի ազատությանը վերաբերող դատական գործերի նախադեպերին:

– Այո, հետեւում եմ: Օրինակ, «Ա1+»-ի վճիռը նախադեպային է միջազգային մասշտաբով: Եվրոդատարանի նախադեպերում նման գործ երբեւէ չէր եղել: Սակայն ուզում եմ խոսքի ազատությունը տարանջատել մի քանի տեսակների՝ խոսքի ազատություն, որը վերաբերում է լրագրողների իրավունքներին, մյուսը՝ արդարադատությունը լուսաբանելուն, պաշտոնատար կամ որեւէ անձի վիրավորելու կամ զրպարտելու արդյունքում պատասխանատվության ենթարկելուն, ինչպես նաեւ լիցենզավորմանը վերաբերելուն: Այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ հենց նույն Եվրոդատարանի նախադեպերում եւ դրանք անպայման պետք է համահունչ լինեն ե՛ւ անձի արժանապատվությանը, ե՛ւ արդար դատաքննությանն ու այլ իրավունքներին:

– Վերջերս ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ ԵԴ-ում «Ա1+»-ը չի հաղթել, չի պարտվել նաեւ ՀՀ-ն: Սա տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Իրականում ԵԴ-ում ո՞վ է հաղթել:

– Համոզված եմ, որ իրավաբաններն իմ ասածն ընկալել են եւ նրանցից ոչ մեկը չի ասի, թե որեւէ մեկն այստեղ հաղթել կամ պարտվել է: Նման գործերում հաղթություն կամ պարտություն չի լինում: Ֆորմալ առումով եթե վերցնենք՝ կառավարությունը հաղթել է, որովհետեւ «Մելտեքսը» 6 տարբեր հոդվածների խախտման պահանջով ակնկալիք ուներ եւ դրանցից միայն մեկը բավարարվեց: Մեծ էր նաեւ գումարային ակնկալիքը, սակայն դրա մի մասը միայն բավարարվեց: Բայց ես հակված չեմ ԵԴ-ի վճիռները կամ որոշումները գնահատել հաղթության կամ պարտության տեսանկյունից: Դա ՀՀ-ի դեմ կայացված վճիռ չէր, սա ՀՀ-ի համար կայացրած վճիռ է:

– Հիմնականում փաստաբաններն են ԵԴ դիմելու նյութերը պատրաստում: Ի՞նչ որակով են հայցադիմումները ներկայացվում եւ ի՞նչ որակական փոփոխություն եք նկատել սկզբնական ժամանակահատվածում եւ հիմա:

– ԵԴ-ին նոր անդամակցած երկրներում 1-2 վճռից հետո մարդիկ մտածում են, որ կարելի է հարստանալ: Մտածում են՝ այստեղ իրավունքի խախտման համար ստեղծել ֆորմալ հիմքեր եւ գնալ հարստանալու: Այսպես են դիտում նաեւ որոշ փաստաբաններ Հայաստանում: Եթե այլ բան չքննարկենք, միայն տեսնելով պահանջների չափը եւ բավարարված գումարի չափը՝ հասարակությունը եւ մեր որոշ փաստաբաններ պիտի եզրակացություն անեն, որ ԵԴ-ն հարստանալու միջոց չէ եւ շատ հնարավոր է գումարային մեծ ակնկալիքներ ունենան, բայց ոչ մի բան չստանան: Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց ԵԴ-ի կողմից քննված հայցերի 60%-ից ավելին մերժվում է՝ ակնհայտ անհիմն, կոնվենցիային չհամապատասխանելու եւ այլ հիմքերով: Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ գործի հանգամանքներն իրականում ուժեղ են եւ ակնհայտորեն կան խախտումներ, բայց փաստաբանը, չգիտես ինչու, շատ ավելի թույլ եւ չհիմնավորված հայց է ներկայացնում: Նման դեպքերում համոզված եմ, որ եթե լուրջ փաստաբան գործը ներկայացնի՝ անպայման լուրջ արձագանք կգտնի ԵԴ-ում: Սկզբում հայցերի մեծամասնությունը պաշտպանում էին արտասահմանյան իրավաբանները, որոնք այստեղ ներկայացուցիչներ ունեին: Այժմ որակը բարելավվել է, Հայաստանում արդեն կան լուրջ փաստաբաններ:

– Հայաստանը, որպես պատասխանող, ինչպե՞ս է ապահովում իր իրավաբանական կողմը:

– Արդարադատության նախարարությունում կա ԵԴ-ի հետ կապերի վարչություն, որը կոչված է ապահովելու կառավարության լիազոր ներկայացուցչի գործառույթների իրականացումը ԵԴ-ում: Դրսի որեւէ ուժ, փաստաբաններ երբեւէ չենք ներգրավել, բայց դա չի նշանակում, որ երբեք չեն ներգրավվելու: Կլինեն գործեր, որոնց բարդությունից ելնելով՝ հնարավոր է, որ դրսի փաստաբանի կարիք զգացվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031