Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետերը երեխաներին ճնշում են

Հուլիս 01,2008 00:00

\"\"Գյուղի պաշտոնյաները լրագրող-երեխաներին արգելում են իրենց համայնքների խնդիրների վերաբերյալ հոդվածներ տպագրել:

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի դպրոցահասակ երեխաները հորթեր ու տնկիներ են նվեր ստացել: Մինչ հորթերը կով կդառնան՝ երեխաներն իրենք պետք է հոգ տանեն ու խնամեն նրանց, իսկ տնկիներն էլ պետք է ջրեն ու հետեւեն, որպեսզի ծառերը կանաչեն ու բերք տան: Մեծանալուց ու հորթ ունենալուց հետո, նորածին հորթը մնում է երեխային, իսկ կովը նա փոխանցում է մեկ այլ կարիքավոր ընտանիքի: Թափառելու կամ ժամանակ սպանելու փոխարեն, գյուղացի երեխաները դեռ փոքր տարիքից սովորում են աշխատել ու իրենց կատարած գործի համար պատասխանատու լինել: Այս մտահղացումը «COAF» մանուկների բարեգործական հիմնադրամինն է: Ծրագիրն իրականացվում է մարզի 6 գյուղերում՝ Քարակերտում, Լեռնագոգում, Արգինայում, Շենիկում, Դալարիկում եւ Մյասնիկյանում: Նվիրատուների կարծիքով, այս ծրագրի շնորհիվ երեխաները ոչ միայն սովորում են շրջապատի հանդեպ հոգատար եւ ուշադիր լինել, այլեւ՝ նրանց ազատ ժամանակը զուր չի կորչում:

Վերոնշյալ գյուղերում երեխաներն իրենց ազատ ժամանակը լցնելու որեւէ տարբերակ չունեն: Բացի այն, որ նրանցից շատերը հնարավորություն չունեն թեկուզեւ տարվա մեջ մեկ անգամ Կենդանաբանական այգի, Մանկական երկաթուղի կամ Հաղթանակի զբոսայգի այցելել, այդ գյուղերում չեն գործում երեխաների համար անհրաժեշտ երգի-պարի, համակարգչային, սպորտային, կարուձեւի եւ այլ խմբակներ:

Հիմնադրամի աջակցությամբ Քարակերտում տպագրվում է «Շրջադարձ» ամսաթերթը, որին թղթակցում են Դալարիկի, Քարակերտի ու Մյասնիկյանի դպրոցահասակ երեխաները: Թերթի նպատակը գյուղերի մշակութային ու կրթական իրադարձությունների, ինչպես նաեւ երեխաներին հուզող խնդիրների լուսաբանումն է: Քանի որ գյուղերում ամսվա մեջ գոնե մի միջոցառում չի լինում, ուստի երեխաներին մնում է միայն բանաստեղծություններ գրել կամ խոսել խնդիրներից: Սակայն տեղի պաշտոնյաները երեխաների գործին լուրջ չեն վերաբերվում: Բացի այն, որ գյուղապետերն ու գյուղապետարանների աշխատակիցները հրաժարվում են նրանց հարցերին պատասխանել, դեռ մի բան էլ ճնշումների են ենթարկում: «Շրջադարձի» խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ սկսնակ լրագրողները պատմեցին. «Գյուղի ջրի, տրանսպորտի, աղբահանության կամ այլ խնդիրների մասին գրելիս մենք չենք կարողանում մեր անունով հանդես գալ, իսկ եթե համարձակվում ենք որեւէ սուր հարց շոշափել՝ անմիջապես արժանանում ենք գյուղապետերի կոպիտ վերաբերմունքին, ընդհուպ մինչեւ ընտանիքներով կռվում ու թշնամանում ենք»:

Արմավիրի մարզում գործազրկության ցուցանիշը շատ բարձր է: Բացի հողամասերի սեզոնային աշխատանքից, գյուղացիներն այլ զբաղմունք չունեն: «Առավոտի» հետ զրույցում նրանք պատմում էին, որ 1500-2000 դրամ օրավարձով մշակում են ուրիշների հողերը: Մեծերի հետ հավասար, առավոտից երեկո, այդ հողատարածքներում աշխատում են նաեւ երեխաները: Նրանցից շատերն, իրենց ծնողներին օգնելու համար, նույնիսկ օրերով բացակայում են դպրոցից: Մարզի գյուղական համայքներում ջրի հարցը տարիներով չի լուծվում: Գյուղացիների պատմելով, իրենք ստիպված մեկ բաժակ ջուրն անգամ պարտքով են տալիս, քանի որ ամեն բաժակի համար կոպեկ-կոպեկ վճարում են: Արմավիրցիներն ամեն օր Թալինից «ցիստեռններով» բերած ջուր են գնում: Ջրի 1 բաքի, այսինքն՝ 40 լիտրի համար վճարում են 200, իսկ ոչ կենցաղային կամ ոռոգման համար նախատեսված ջրի 1 տոննայի համար՝ 1500 դրամ: Նշենք, որ միշտ չէ, որ ջուրը ստուգվում եւ հետո է վաճառվում: Այսինքն չի բացառվում, որ խմելու ջրի անվան տակ վաճառվող ջուրը իրականում առողջության համար վտանգավոր լինի: Մեր այցելության պահին «ջրի կարոտ» երեխաները Քարակերտում անարգել լողանում էին կեղտոտ սելավատարի մեջ, ինչը եւս կարող է տասնյակ հիվանդությունների պատճառ դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031