Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ

Հուլիս 01,2008 00:00

\"\"Պատգամավորն առանց հիմնավոր ապացույցների մեղադրվում է ծանր հանցագործության մեջ

«Մալաթիա» ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանը միակ ազատամարտիկն էր, որ համարվելով «իշխանական կռուգի» պատգամավոր՝ «Առավոտին» տված հարցազրույցում համարձակվեց պաշտպանել ՀՀ բանակի առաջին գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ վերջինիս ուղղված՝ ԼՂ տարածքները ազատագրել թույլ չտալու մեղադրանքներից, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում կանգնեց նրա կողքին՝ դրանով կանխորոշելով իր հետագան:

Մարտի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ԱԺ 4 պատգամավորների, այդ թվում՝ Հակոբ Հակոբյանին, որպես մեղադրյալներ ներգրավելու եւ կալանավորելու համար ԱԺ-ում 5 էջանոց միջնորդագիր էր ներկայացրել, որը բացառապես քաղաքական գնահատականներ էր պարունակում եւ չէր հիմնավորում պատգամավորներին մեղադրանք առաջադրելու անհրաժեշտությունը: Ըստ միջնորդագրի, ստացվում էր, որ փետրվարի 20-ից սկսած՝ նաեւ Հ. Հակոբյանն էր անցկացրել «չարտոնված զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ, որոնց ընթացքում, զանգվածային հոգեխանգարմունքի ձեւավորման տարատեսակ հնարքների կիրառմամբ» հանդես էր եկել «իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու հրապարակային կոչերով, որոնք զուգորդվել են ապատեղեկատվական բնույթի սադրիչ ելույթներով եւ հայտարարություններով»: Թե այդ ամենում ո՞րն էր եղել Հ. Հակոբյանի դերը, նա կոնկրետ անօրինական ի՞նչ էր արել, որը կարելի էր բնութագրել նրան առաջադրված մեղադրանքների՝ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են սպանությամբ» եւ «իշխանությունը յուրացնելը», հայտնի չէ: Գլխավոր դատախազը ոչ մի կոնկրետ օրինակ չէր մատնանշել: Նա Հ. Հակոբյանին կալանելու «բավարար նյութերը» փորձեց «թխել» ամիսներ անց՝ համոզվելով, որ պատգամավորն այդ հոդվածներից ոչ մեկով դատվելու համար բավարար «մեղք» չի գործել: Ինքը՝ Հ. Հակոբյանը, ձերբակալությունից ի վեր միակ «ցուցմունքը» տվել էր ԱԺ նիստում, պատմել էր, որ մարտի 1-ի կեսօրին, երբ իմացել էր, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ ոստիկանների հետ ընդհարում է եղել, գնացել էր այնտեղ, տեսնելով, որ զայրացած մարդիկ ուզում են ԲԷ-ԷՄ-ՊԷ-ի ապակիները ջարդել, վառել, մի կերպ ճանապարհ էր բացել, որ ԲԷ-ԷՄ-ՊԷ-ն տանեն. «Հետո մի ավտոբուս կար, ուզում էին կոտրել, իմ վարորդին եմ նստեցրել ղեկին, ես էլ դեմից տարել եմ: Երրորդ ավտոմեքենան եմ դուրս հանել: Ոստիկաններին էլ ասել եմ, որ եթե մի բան լինի, մոտեցեք մեզ, կկարգավորենք: Ես եմ համաձայնվել, որ ինձ կալանավորեն, ես անվտանգություն էլ եմ գնացել, որ ինձ պահեն, որպեսզի էս խոսակցությունը մաքրվի, որովհետեւ ես զինվոր եմ, իմ ինքնասիրությունը կյանքիցս բարձր եմ գնահատում, չեմ ուզում, որ վրաս մի բիծ լինի: Թող քննություն կատարվի, որպեսզի ապացուցվի»: Պատգամավորի ասածը հաստատվում է տեսագրություններով, որոնցում երեւում է, թե ինչպես է նա մարմնով պահում ոստիկանության աշխատակցին, որպեսզի հավաքվածները չծեծեն: Այդ առիթով ՀՀ նախկին ոստիկանապետն ու ԱԱ ղեկավարները Հ. Հակոբյանին շնորհակալություն էին հայտնել: Բայց քանի որ Հ. Հակոբյանը ավելի վաղ համարձակվել էր սարկազմով հայտարարել, թե Ա. Հովսեփյանը, որը փորձում է նրան մեղադրել կավատության մեջ, այդ գործում իր գործընկերն է, վերջինս ամեն ինչ արել էր, որ պատգամավորին կալանավորելու հիմքերն անառարկելի լինեն: Կալանավորելուց ամիսներ հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը եւ ոստիկանությունը դռնեդուռ էին ընկել Հակոբյանի մեղքն ապացուցող ցուցմունքներ կորզելու համար: Այս ընթացքում հասցրել են «6-րդ» վարչություն բերման ենթարկել ու կրկնակի հարցաքննել Մալաթիայի շուկայի, Մալաթիայի ոսկու շուկայի աշխատակիցներին՝ ստիպել-«հորդորելով», որ ցուցմունք տան, թե Հ. Հակոբյանն իրենց փող է բաժանել հանրահավաքի գնալու համար, անկարգություններ է կազմակերպել, զենք է բաժանել: Խուզարկություն էին կատարել Ոստիկանական ակադեմիայի դիմաց գտնվող Հ. Հակոբյանին պատկանող կիսակառույց շինությունում՝ հույս ունենալով, որ ապօրինի զենք-զինամթերք կգտնեն: Բայց այն, ինչ մինչ այժմ հաջողվել է հայտնաբերել՝ պատգամավորի տանից առգրավված երկու որսորդական օրինական հրացաններն են: Փոխարենը պատգամավորին ԱԺ-ում զրկել են աշխատավարձից, հետ են վերցրել ծառայողական մեքենայի պետհամարանիշերը, որի իրավունքը չունեին, իսկ վարորդին ԱԺ նախագահը հեռացրել է աշխատանքից: Կալանքի տակ է գտնվում պատգամավորի տունն ու սեփականությունը: Հարկայինը լայնածավալ ստուգումներ է սկսել ոչ միայն նրան պատկանող ոսկու շուկայում, այլեւ ավտոմեքենաների տեխզննման արտոնագիր ունեցող կազմակերպությունում: Ոչինչ չհայտնաբերելով՝ սկսել են բերման ենթարկել այն ավտոմեքենաների տերերին, ովքեր իրենց մեքենայի տեխզննումն անցել են այդ կազմակերպությունում: Իրավապահները փորձում են մարդկանց ստիպել, որ ասեն, թե տեխզննման համար կաշառք են տվել: Առայժմ բաժին տարվածները հրաժարվում են Հ. Հակոբյանի դեմ ցուցմունք տալուց: Բայց «Առավոտի» տեղեկություններով, շուկաների վաճառողներից ոմանք չեն դիմացել ճնշումներին եւ ցուցմունք են տվել, թե՝ պատգամավորը գումար է տվել հանրահավաքի գնալու համար, իսկ «Ոգու փորձությունից» մեկը, ով այսօր կորած է, ասել է, թե Հ. Հակոբյանը զենք է բաժանել, բայց ո՞ւմ՝ հայտնի չէ:

Քանի դեռ Հ. Հակոբյանի դեմ եղած ցուցմունքները հեղհեղուկ են եւ հնարավոր է, որ դատաքննությամբ հերքվեն, գլխավոր դատախազությունն ու ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարմար են գտել նրա գործը դատարան ուղարկելու փոխարեն կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնել: Դատարան ուղարկելու համար, ինչպես գլխավոր դատախազն էր ԵԽ ներկայացուցչին ասել, բավարար հիմքեր չկան: Ասել է թե՝ Հ. Հակոբյանը քաղաքական բանտարկյալ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031