Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅՈՒՐԻՅԵԹԸ» ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՋԵՐՄԱՑՈՒՄՆԵՐ» Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Հուլիս 01,2008 00:00

«Անկարա-Երեւան կապերի ջերմացման միտումները շարունակվում են: Այն բանից հետո, երբ Թուրքիան թույլատրեց Երեւան-Անթալիա չարտերային ավիաթռիչքները, Հայաստանի հետ հարաբերություններն ավելի են փափկել: Այս տարի սպասվում է 50 հազար հայ զբոսաշրջիկ: Թուրքիան մեղմացրել է նաեւ միջոցները, որոնք կիրառվում են իր տարածքում աշխատելու նպատակով անօրինաբար գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ»: Ըստ «Նոյյան տապանի», այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթը իր «Երեւանի եւ Անկարայի միջեւ սառույցը աստիճանաբար հալչում է» վերնագրված հրապարակման մեջ:

Ըստ «Հյուրիյեթի», որոշ ժամանակ առաջ Թուրքիային եւ Հայաստանին մերձեցնելու նպատակով կյանքի կոչված «Համատեղ պանրի արտադրությունից» հետո այժմ էլ շրջանառության մեջ է դրվել «զբոսաշրջության դիվանագիտությունը»: Հենց այդ համատեքստում է հոդվածագիրը դիտարկում Երեւան-Անթալիա չարտերային թռիչքների վերականգնումը: Նկատելով, որ «Անկարան բավականին մեղմացրել է ծանր տնտեսական պայմանների պատճառով իրենց հայրենիքը լքած եւ Թուրքիայում անօրինաբար գտնվող Հայաստանի քաղաքացիների դեմ իրականացվող միջոցները», թերթը նշում է, որ երեք տարի առաջ Թուրքիայում անօրինական հիմունքներով ապրում էր 40 հազար հայաստանցի, որոնց թիվը ներկայումս հասել է 70 հազարի: «Հյուրիյեթը» նշում է նաեւ, որ 160 միլիոն դոլար ընդհանուր առեւտրային շրջանառությամբ՝ Թուրքիան Հայաստանի երրորդ խոշոր տնտեսական գործընկերն է: Փաստ, որը տեղ է գտել նաեւ Անկարայի «Երեւանյան դոսյեում»:

Հիշեցնելով ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքն ամենայն հավանականությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին կհրավիրի Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, «Հյուրիյեթն» ընդգծում է, որ դա Անկարայում դրական արձագանք է գտել: «Երեւանից դեռեւս պաշտոնական հրավեր չի ստացվել: Սակայն այդ մտքին մենք բացասաբար չենք մոտենում»,- ըստ «Հյուրիյեթ»-ի անանուն աղբյուրների, ՀՀ նախագահի հայտարարության կապակցությամբ այսպիսի արձագանք է հնչել Անկարայում:

Այս ամենով հանդերձ, թերթը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու հայտարարությանը, գրում է, որ «եթե ԱՄՆ-ն հայերի ցեղասպանության հետ կապված որոշում ընդունի, ապա այդ դեպքում Թուրքիայի հակազդեցությունը շատ կտրուկ կլինի, ինչն անպայման իր հետեւանքը կունենա նաեւ Եվրոպայում ու Մերձավոր Արեւելքում»: Ըստ այդմ, «Հյուրիյեթ»-ը գրում է, որ «նոր մոտեցումների քաղաքականությունը» որոշելու նպատակով ներկայումս Թուրքիայում արվող մտավարժանքների ժամանակ ավելի հաճախ քննարկվում են «Հայաստանի սահմանադրությունից Թուրքիայի նկատմամբ եղած հողային պահանջների դուրսբերումը եւ Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ միջանցքի բացումը» իբրեւ նախապայման դիտել-չդիտելու հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031