Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշիվնե՞ր են մաքրում

Հուլիս 01,2008 00:00

Հետընտրական Արմավիրում «սխալ ընտրություններ անցկացրած» պաշտոնյաները

Տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող ստուգումների արդյունքում վերջերս պաշտոնեական դիրքը չարաշահելու առիթով քրեական գործեր են հարուցվել Արմավիր քաղաքի քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանի եւ նույն մարզի Արշալույս գյուղի նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ: Նախագահական ընտրությունների ողջ ընթացքում «Առավոտն» անդրադարձել է գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղի իրադարձություններին: Գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, ով գեներալի բարեկամն էր եւ աջ ձեռքը, բազում ընտրակեղծիքներ է ղեկավարել իր պաշտոնավարման 10-ից ավելի տարիների ընթացքում: Անցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն, գեներալի հրահանգով գյուղապետը չի միջամտել: Արդյունքում՝ ի թիվս այլ գյուղերի, Արշալույսում համարյա 100 տոկոսանոց հաղթանակ էր տարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրան հետեւեց գեներալի եղբորորդու՝ ԱԺ պատգամավոր, Սերժ Սարգսյանին բազմիցս իր հավատարմությունը հայտնած Հրանտ Գրիգորյանի «ռազբորկաների» շարանը՝ թե սեփական հորեղբոր, թե նրա կամ առաջին նախագահի կողմնակից՝ մարզի տարբեր տրամաչափի պաշտոնյաների հետ: Այդ նույն շրջանում հրաժարականի դիմում ներկայացրեց նաեւ Գրիգոր Գրիգորյանը:

Որպես «պատժամիջոց» կիրառվեցին ՏԻՄ մարմիններում իրականացվող ստուգումները: Ոչ աշխատանքային օրվա պատճառով երեկ հնարավոր չեղավ դատախազությունից մանրամասներ ճշտել հարուցված այս գործերի առիթով: Արշալույսի գյուղապետը նույնպես տեղյակ էր հարուցված գործի մասին, սակայն մանրամասների չէր տիրապետում. «Չեմ կարծում, որ կարեւոր բաներ կան, գյուղապետարան է՝ մի երկու թերություն է եղել»: Նա նաեւ ասաց, որ ինքը առողջական խնդիրների պատճառով է ընտրություններից հետո հրաժարականի դիմում ներկայացրել, եւ որ իր գյուղում ընտրակեղծիքներ չեն եղել՝ «նորմալ ընտրություններ էին»,- ասաց Գ. Գրիգորյանը «Առավոտին»:

Առաջին հայացքից մի փոքր պարադոքսալ է Արմավիրի քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը, քանի որ նա ՀՀԿ-ական է, եւ քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որոնք նախորդել էին նախագահականին, ՀՀԿ-ն ջանք չխնայեց յուրայինի հաղթանակն ապահովելու համար: Այժմ պարզվում է՝ մրցակցային իրավիճակ է ստեղծվել հանրապետական մարզպետ, նախկին ոստիկան Աշոտ Ղահրամանյանի եւ Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանի միջեւ: Այս երկու հանրապետականներն էլ նախագահական ընտրությունների ժամանակ խոստացել էին, որ Արմավիրի մարզում Սերժ Սարգսյանը 90 տոկոսանոց հաղթանակ է տանելու: Արդյունքում՝ հանրապետական թեկնածուն այդ մարզում տարավ իրեն խոստացված ձայների ճիշտ կեսը: Բնականաբար, այդ անհաջողության համար մեղքը երկու հանրապետականները գցում են իրար վրա: Ռուբեն Խլղաթյանի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործը ոստիկանության Արմավիրի բաժնի քննչական վարչության վարույթում է, իսկ վարչության պետը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եղբոր որդին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031