Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ»

Հուլիս 01,2008 00:00

\"\"Շաբաթ օրը Գյումրիում կայացած հանրահավաքին այսպիսի բացահայտում արեց ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նախորդ շաբաթ Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները ջանք ու եռանդ չէին խնայել շիրակցիներին «պետականությունը քայքայող Լեւոնի հիպնոսներից» հեռու պահելու համար: Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, այս ծանր գործին լծվել էին Ախուրյանի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանը: Քանի որ դպրոցներն արձակուրդի մեջ էին ու ուսուցիչների կամքին բռնանալու հնարավորություն չկար, մարզպետ Լիդա Նանյանը իր ողջ «հնարամտությունը» գործի էր դրել առողջապահական հիմնարկների աշխատակիցներին սաստելու համար: Շաբաթ օրը, ժամը 18.00-ին, բոլոր բուժհիմնարկների տնօրենները ձայն ձայնի տված հանկարծ որոշել էին ժողով անցկացնել ու հիվանդների հարցերը քննարկել: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեցին որոշ բուժաշխատողներ, բոլորին բռի մեջ պահելու նպատակով իրենց շեֆերը նախազգուշացրել էին, որ մարզպետն անձամբ է ժողովին մասնակցելու ու ներկա-բացակա անելու: Զարմանալին այն է, երբ մի քանի օր առաջ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Լիդա Նանյանից հետաքրքրվում էր՝ ճի՞շտ են իրեն հասած տեղեկությունները, թե միտինգային տրամադրություն ունեցող մարդկանց ահաբեկում են, սպառնում են աշխատանքից հեռացնել, մարզպետը զարմացել էր, թե մարզում որտեղի՞ց աշխատատեղ, որ մարդկանց էլ ազատեն: Սակայն նկատենք, որ եթե մարզպետը իր լծակները գործի դրեց հենց հանրահավաքի օրը, Ախուրյանի ոստիկանապետը իր հակալեւոնական քարոզչությունը ավելի շուտ էր սկսել: Նա, ինչպես տեղեկացնում են Ախուրյանի մեր աղբյուրները, հանրահավաքից մի քանի օր առաջ մի լավ «մշակել» էր ազգաբնակչությանը՝ «Լեւոնից հեռու մնալու» թեմայով բարոյախրատական դասախոսություն կարդալով: Հանրահավաքին դարձյալ մեծ բազմություն մասնակցեց, շատերը եկել էին Մարալիկից, Ձորակապից, Թալինից, Վանատուրից:

Շաբաթ օրը կառավարության կողմից աշխատանքային օր հայտարարելու պատճառով հանրահավաքը սկսվեց 1 ժամ ուշացումով, եւ քանի որ եղանակներն էլ բարենպաստ չէին՝ հորդառատ անձրեւ էր մաղում, այն երեք ժամի փոխարեն տեւեց 1,5 ժամ: Այդ ընթացքում Համաժողովրդական շարժմանը սատարող քաղաքական կուսակցությունների առաջնորդները հատ-հատ հիշելով շիրակցի քաղբանտարկյալներին՝ պահանջեցին նրանց ազատությունը: Ելույթ ունեցավ նաեւ շաբաթ առավոտյան Ստրասբուրգից վերադարձած Դավիթ Շահնազարյանը՝ ասելով. «Մենք Հայաստանը պետք է մաքրենք այն կեղտից, որը կոչվում է իշխանություն: Իշխանությունների ստախոս գործելակերպը դրսեւորվում է նաեւ Ստրասբուրգում: Ստախոսություն լայնածավալ մասշտաբով, ասում են՝ մեզ ժամանակ տվեք, որպեսզի հանրահավաքների, ցույցերի վերաբերյալ օրենքները փոխենք: Այն, ինչ տասը րոպեում ընդունել են այն հաստատությունում, որը, գիտեք, իրենք պառլամենտ են անվանում, իսկ հիմա պարզվում է՝ պահանջվում են ամիսներ՝ իրենց արած չարագործությունը, ուրիշ որակում դրան չկա, թողնելու համար: Երկրորդ, ասում են՝ բարեփոխումներ ենք անելու, ի՞նչ բարեփոխումներ, բարեփոխումներ անում են այն ժամանակ, երբ գործում են օրենքները»:

Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գյումրիում նոր բացահայտումներ արեց: Նա մասնավորապես ասաց. «Սիրելի գյումրեցիներ, ընտրություններից հետո դուք ապացուցեցիք, որ Գյումրին Հայաստանի քաղաքական տեսակետից ամենաակտիվ քաղաքն է, 3 ամիս է անցել մարտի 1-ի սպանդից, եւ դուք ոչ մի օր չեք դադարեցրել պայքարը հանուն ձեր իրավունքների: Ես ընդամենը ուզում եմ մի քանի շեշտադրում կատարել: Մարտի մեկի հրեշավոր ոճրագործության հետ կապված մի ճշտում եմ ուզում անել: Խոսվեց, որ այդ ոճրագործությանը մասնակցել է նաեւ ոստիկանությունը, դա այդպես չէ, դա սխալ է, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկանությունը ժողովրդի վրա չի կրակել, դա Ռոբերտ Քոչարյանն է երազում իր ոճրագործությունը բարդել ոստիկանների վրա: Այսինքն՝ նա կրկնակի ստորություն է գործում. առաջինը՝ կրակել, երկրորդը՝ իր հանցանքը բարդել ուրիշների վրա: Ավելին, վստահ եմ, նաեւ բանակը ժողովրդի վրա չի կրակել: Այդ դեպքում դուք կարող եք հարց տալ՝ ո՞վ է կրակել, դա փորձված, շատ փորձված մեթոդ է, որը Ռոբերտ Քոչարյանից առաջ կիրառել են երիտթուրքերը Օսմանյան Թուրքիայում եւ Հիտլերը՝ Գերմանիայում: Այդպիսի ստոր արարքների համար միշտ օգտագործվել են քրեական տարրերը եւ վարձու մարդասպանները: Երիտթուրքերը Հայոց ցեղասպանությունից առաջ բանտերից ազատեցին բոլոր մարդասպաններին, բոլոր քրեական հանցագործներին եւ կազմեցին հատուկ ջոկատներ, որով իրականացրին Հայոց ցեղասպանությունը: Նույնը կատարեցին Գերմանիայում՝ կազմակերպելով հերա ժողովրդի ցեղասպանությունը կամ, ինչպես ասում են, ողջակիզումը՝ Հոլոքոստը: Նույն բանը կատարել է Ռոբերտ Քոչարյանը, այս մարդասպանները քրեական տարրեր են, նախկինում բազմիցս դատված, մենք գիտենք նաեւ՝ որ շրջանակներից են ընտրված: Դրանց մի մասը Ղարաբաղից են, մյուս մասը՝ մեզ հայտնի օլիգարխների սափրագլուխներն են: Եվ թող վստահ լինեն, որ նրանցից ոչ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից: Սա՝ առաջինը, երկրորդն այն է, որ Գյումրիում եւ Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը չի ստացել ձայների մեծամասնությունը: Այսինքն՝ առնվազն Գյումրիի եւ Շիրակի մարզի համար Սերժ Սարգսյանը, թեկուզ իրենց պաշտոնական տվյալներով, ՀՀ նախագահ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել