Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 28,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ

Ես անկյունից թեքվեցի նախկին ատամնաբուժարանի կողմն ու շրջվելով՝ եւս մեկ անգամ հայացքս գցեցի Ջահանի ճեփճերմակ «Մերսեդեսին», որն իսկապես շքեղ էր, ու հենց էդ պահին հիշեցի, որ արդեն քսանյոթ տարի է՝ վարորդական իրավունք ունեմ, բայց երբեւէ ավտո քշած չկամ՝ բացառությամբ էն օրերի, երբ Գրողների միությունում վարորդական իրավունքի ձեռքբերման դասեր էինք առնում, եւ դա ութսունմեկին էր, եւ դա ԺԿհԸԸՂ-ի (այսուհետ՝ Դոսաֆ) նախաձեռնած հատուկ ու բացառիկ մի խումբ էր, եւ պարապմունքներն էլ անցկացվում էին Գրողների միության փոքր դահլիճում, եւ Դոսաֆի էդ ավտոուսուցիչներն իրենց ոտով գալիս էին Գրողների միություն՝ մեզ ավտոդասեր տալու, ու էդ թվերին վարորդական իրավունքն ուղիղ երեք հարյուր ռուբլի արժեր, եւ Սովետական Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հրաշալի գիտեր, որ վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախ պիտի օրինական հարյուր հիսուն ռուբլին մուծես, իսկ այնուհետեւ՝ հարյուր հիսուն ռուբլի կաշառքը, ու էդպիսով՝ հեշտ ու հանգիստ վարորդական իրավունքի տեր էիր դառնում, բայց քանի որ ութսուն թվին Դոսաֆի մեր էդ ավտոուսուցիչներն իրենց ոտով էին Գրողների տուն գալիս, եւ քանի որ Գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանն էդ պահի դրությամբ հանրապետության մասշտաբով բացառիկ հեղինակություն ու չափազանց ազդեցիկ անձնավորություն էր, մեր ավտոխմբում ընդգրկված Հովհաննես Գրիգորյանը, Հենրիկ Էդոյանը, Ալիկ Թոփչյանը, Միլիտոնյան Էդոն ու մնացած բոլոր գրողները համոզված էին, որ վարորդական մեր իրավունքը մեզ վրա ընդամենը հարյուր հիսուն էր նստելու, այսինքն՝ մեր առումով կաշառքի մոմենտը բացառվելու էր, եւ միայն ես էի հակառակ կարծիքին, որովհետեւ Նալբանդյան դպրոցի իմ համադասարանցի Վրեժն արդեն Դոսաֆի աշխատող էր եւ նախապես ինձ արդեն ընկերաբար զգուշացրել էր, որ եթե աշխարհն էլ շուռ գա՝ էդ հավելյալ հարյուր հիսունը պիտի մուծենք, եւ քանի որ Վրեժն ու ես դպրոցական երկու տարվա ընդհանուր կենսագրություն ունեինք, Վրեժը մեր էդ ավտոուսուցիչների հետ խոսեց, ու ես ընդամենը հարյուր ռուբլով պրծա, եւ մինչ Հովհաննեսն ու մյուսները քննությանը ժրաջանորեն կնախապատրաստվեին եւ երթեւեկության կանոնները բոլորեքյան կուսումնասիրեին ու կսերտեին, իմ միջազգային վարորդական իրավունքն արդեն գրպանումս էր, բայց էդ մասին կոլեգաներս չգիտեին, որովհետեւ Վրեժն ինձ նախազգուշացրել էր՝ որ ոչ ոքի չասեմ, եւ ես չասացի ու ձեւականորեն քննության ներկայացա, եւ երբ մերոնք բոլորն անխտիր կտրվեցին քննությունից, ես, իհարկե, ոչ ոքի չասացի՝ որ արդեն վարորդական իրավունքի տեր եմ, բայց հաջորդ քննությանն արդեն չներկայացա, եւ հաջորդ քննությունից հետո պարզ դարձավ, որ միայն Հովհաննեսն է «բավարար» ստացել, էն էլ՝ միայն «շաբլոնից»՝ երթեւեկության կանոններից, իսկ «եզդայից»՝ բուն ավտո քշելու քննությունից բոլորն էին կտրվել, եւ չնայած էս դեպքում էլ լավագույնը Հովհաննեսն էր եղել, բայց Հովհաննեսին էլ էին, այնուամենայնիվ, կտրել, եւ, փաստորեն, Հովհաննեսը մերոնցից միակն էր, որ կաշառքի կեսը մուծեց, այսինքն՝ ընդամենը յոթանասունհինգ ռուբլի, եւ երբ իմ հուշելով ու Վրեժի միջնորդությամբ Հովհաննեսն էդ յոթանասունհինգը մուծեց, մերոնք բոլորն անմիջապես հասկացան, որ էդ հարցն առանց կաշառքի գլուխ եկող չի, ու մեկը մյուսի հետեւից սկսեցին իրենց հարյուրհիսունները մուծել, ու էս դեպքում արդեն վարորդության մեր դասատու Աշոտն ինքն էր իրեն ավելի թանկացնում՝ քամահրանքով ժպտալով ու ասելով, թե, եթե ուզում են, կարող են անվճար հանձնել, բայց մեր բանաստեղծներն ու մանավանդ արձակագիրներն անվճար տարբերակի հույսից արդեն լրիվ էին ձեռ քաշել, որովհետեւ Հովհաննեսն իր կես բաժին կաշառքն իմ հուշելով ու Վրեժի շնորհիվ արդեն տվել էր ու իր էդ կես բաժինը Հովհաննեսը շուտափույթ տվեց՝ ո՛չ միայն էն պատճառով, որ իր «Զրո հինգն» արդեն Սերվիսից տուն էր բերել, այլեւ էն պատճառով, որ տեսնում ու գիտակցում էր, որ վարորդական իր իրավունքն իր վրա ընդամենը երկու հարյուր քսանհինգ է նստում՝ մյուսների երեք հարյուրի համեմատ, եւ Հովհաննեսն էդ օրերին իր բախտից ավելցուկով էր գոհ, որովհետեւ չգիտեր ու չէր էլ կարող իմանալ, որ Վրեժի շնորհիվ իմ իրավունքն ինձ վրա ընդամենը երկու հարյուր հիսուն էր նստել, բայց եթե նույնիսկ իմ հանգամանքն իմանար էլ, էլի դժվար թե իր կես բաժին կաշառքն ուշացներ՝ ոչ միայն էն պատճառով, որ իր նոփնոր «Զրո հինգը» Սերվիսից Ավան հասել ու հարեւանի գարաժում իրեն էր սպասում, այլեւ էն պատճառով, որ Ավանի իրենց նորակառույց շենքի բակում արդեն գարաժի տեղեր էին հատկացնում եւ առաջին հերթին հենց ավտո ունեցողներին էին հատկացնում, եւ, չնայած էդ ամենին, Հովհաննեսի էդ կես կաշառքի մեջ, այնուամենայնիվ, շատ մեծ անարդարություն կար՝ ո՛չ միայն էն պատճառով, որ ինքն էությամբ կաշառատու ու ավելորդ մսխող անձնավորություն չէր, այլեւ էն պատճառով, որ Հովհաննեսը մեջներիցս միակն էր, որ ոչ միայն երթեւեկության կանոնների քննությունն էր փայլուն ու անվճար հանձնել, այլեւ հայհայ էր՝ վարելու քննությունն էլ էր անվճար հանձնելու, բայց վերջին պահին քննություն վերցնող լեյտենանտը Քանաքեռի մատույցներում իր միլիցիոներական գլխարկն էդ ցփպովօռ ժիգուլու պատուհանից դուրս էր նետել՝ ցույց տալով, իբր, պատահմամբ ընկավ, եւ երբ Հովհաննեսին խնդրել էր, որ մեքենան արգելակի, եւ, ուրեմն, գլխարկը վերցնեն, եւ երբ Հովհաննեսն արգելակել էր, լեյտենանտը Հովհաննեսին ժպտալով ասել էր՝ «կտրվեցիր, ախպե՛ր ջան», եւ Հովհաննեսը զարմացած հարցրել էր՝ «ո՞նց կտրվեցի», եւ լեյտենանտը ցինիկաբար հռհռացել ու ասել էր՝ «բա էն վերեւի եքյա նշանը չես տենո՞ւմ. էստեղ կանգառն արգելված ա», եւ Հովհաննեսն, իհարկե, մանթռաշ ընկել էր, բայց հիշելով, որ մյուսների համեմատ ընդամենը յոթանասունհինգ պիտի տա, ինքն էլ լեյտենանտին էր ժպտացել, եւ, կարելի է ասել, որ Հովհաննեսն իրոք շահած դուրս եկավ, որովհետեւ հետագայում էդ թեմայով նախ բանաստեղծություն գրեց, այնուհետեւ պատմվածք՝ լեյտենանտի անունն, իհարկե, չնշելով:

Սա Գրողների միության մեր էդ ավտոդպրոցի պատմության համառոտ բովանդակությունն էր, եւ, փաստորեն, պարտաճանաչորեն մեր կաշառքները տալով՝ վարորդական իրավունքի տեր դառանք գրեթե բոլորս՝ ամենասկզբունքային մի քանիսից բացի, եւ կաշառքով վարորդական իրավունք ստանալը հատկապես ի՛մ առումով էր արդարացված՝ ոչ միայն էն իմաստով, որ ես Վրեժի շնորհիվ, փաստորեն, մյուսների համեմատ հիսուն ռուբլի պակաս կաշառք տվի, այլեւ էն առումով, որ էդ պահի դրությամբ՝ վարորդական իմացությունն ինձ հեչ էլ պետք չէր՝ էն պարզ պատճառով, որ ավտո չունեի ու Գրողների միության ավտոյի հերթի մեջ էլ չկայի եւ եթե լինեի էլ, էլի վարորդական իմացությունն ինձ պետք չէր գալու, որովհետեւ ավտոյի փող չունեի:

Իննսունմեկի սկզբներին ոչ միայն ավտոյի փող ունեի, այլեւ Գրողների միության հերթում էլ առաջինն էի, եւ երբ իմ «Զրո վեցը» ռուսաստաններից մեծ դժվարությամբ Մասիսի կայարան հասավ, ես արդեն տասը հազար ութ հարյուր ռուբլին մուծել ու անհամբեր սպասում էի իմ ավտոմեքենայի ժամանմանը, ու Սերվիսից էլ ինձ ասել էին, որ հենց մեքենան տեղ հասնի՝ ինձ կզանգեն ու իմաց կանեն, բայց մի շաբաթ անցավ, ու ոչ ոք ինձ չզանգեց, ու ես կամավոր ներկայացա Սերվիս, ու Սերվիսում իմացա, որ, ի թիվս այլ ավտոների, իմն է՛լ են ջոկատների տղերքը Մասիսում առեւանգել, բայց իրավիճակի ողջ անհեթեթությունն ինձ համար պարզ դարձավ միայն էն բանից հետո, երբ Սերվիսի աշխատողներից մուծածս գումարը հետ պահանջեցի, եւ գլխավոր հաշվապահն ինձ ասաց՝ «ավտոն որ գտնես բերես՝ փողդ հետ կտանք, ախպեր ջան»:

Մի խոսքով, սովետական իշխանությունն այլեւս չկար, եւ սովետական ժիգուլիների էդ ամենավերջին խմբաքանակը գրեթե ամբողջովին կուտ էր գնացել, եւ չնայած սովետական իշխանությունն արդեն չկար, բայց նոր իշխանություններն էլ իրավիճակի տերուտիրականը չէին, եւ ես շիվարել էի ու չգիտեի՝ ավտոմեքենաս հետ կստանա՞մ, թե՝ ոչ, եւ չնայած նոր իշխանությունները Ցեկայի ու կառավարության շենքերն իրենցով էին արել, այնուամենայնիվ, գործից հետո իներցիայով ՀՀՇ-ի շենքում էին հավաքվում, եւ երբ Սերվիսից ուղիղ ՀՀՇ իջա, հենց մայթին տեսա Ղազարյան Սամսոնին, որ ինչ-որ մեկի հետ խոսում էր, եւ երբ Սամսոնն ինձ տեսավ, հարցրեց՝ «ի՞նչ կա, Արմեն ջան», եւ երբ իրեն ավտոմեքենայիս պատմությունը մանրամասն պատմեցի, Սամսոնն ասաց՝ «շատ բարդ հարց ա, բայց մի բան պիտի մտածենք», եւ երբ հարցրի՝ «վարիանտ կա՞», Սամսոնի հետի երիտասարդը ծիծաղեց ու ասաց՝ «վարիանտ շատ կա, մնում ա՝ բադ ըլնի», եւ էդ պահին ՀՀՇ-ի շենքից դուրս եկավ Վանոն ու ինձ տեսնելով հարցրեց՝ «ի՞նչ կա, ախպեր», եւ Սամսոնն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Արմենի ավտոն փախցրել են», եւ Վանոն հարցրեց՝ «որտեղի՞ց են փախցրել», եւ Սամսոնն ասաց՝ «Սերվիս չի հասել. երեւի Մասիսից են տարել», եւ Վանոն շտապում էր ու Սամսոնին ասաց՝ «Արմենի ավտոն գետնի տակից էլ ըլնի՝ գտեք», եւ Սամսոնն ասաց՝ «հեշտ ես ասում», եւ Վանոն ասաց՝ «ուրիշ վախտ գլուխ ես գովում, թե՝ կռվող ջոկատների կոորդինատորն ես», եւ երբ Վանոն գնաց, Սամսոնի հետի երիտասարդն ինձնից հասցես ու հեռախոսիս համարը հարցրեց, բլոկնոտի մեջ գրեց ու ասաց՝ «գնա տուն ու սպասի. որ հնարավոր ըլնի, մի բան կանենք», եւ Սամսոնն ընկերոջն ու ինձ ասաց՝ «ծանոթացեք», եւ ընկերն ասաց՝ «Միշա», եւ ես ասացի՝ «Արմեն», եւ Միշան ինձ ասաց՝ «որ հնարավոր ըլնի, մի բան կանենք, Արմեն ջան», եւ ես Սամսոնին հարցրի՝ «որ ավտոն չգտնենք, կարա՞մ գոնե մուծածս փողը հետ ստանամ», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն Վանոյին պիտի ասեիր», եւ Միշան ասաց՝ «էդ փողը հետ ստանալն ավելի բարդ գործ ա, քան՝ ավտոն գտնելը», եւ Սամսոնն ասաց՝ «տա Աստված՝ գտնենք», եւ Միշան ինձ հարցրեց՝ «էդ ավտոդ ե՞րբ են ցրել», եւ ես ասացի՝ «էս մի շաբաթվա մեջ ա էղել», եւ Միշան Սամսոնին ասաց՝ «պիտի արագացնենք, Սա՛մ», եւ Սամսոնն ասաց՝ «հույսներս դու ես, Մի՛շ ջան», եւ Միշան Սամսոնին ասաց՝ «որ իրար հետ խելքխելքի տանք՝ կարող ա մի բան ստացվի», եւ Սամսոնը Միշային ասաց՝ «ինքը Շեկոյան Արմենն ա. չես լսե՞լ», եւ Միշան առանց ինձ նայելու՝ Սամսոնին ասաց՝ «իրա մասին շատ ես պատմել», եւ Սամսոնը Միշային ասաց՝ «մի բան պիտի անենք, Միշ ջան», եւ Միշան ասաց՝ «որ իրար հետ խելքխելքի տանք՝ կարող ա մի բան ստացվի» եւ ինձ հարցրեց՝ «ի՞նչ ավտո էր», եւ ես ասացի՝ «Զրո վեց», եւ ինքն ասաց՝ «իրիկվա տասից հետո տանն էղի», եւ ես ասացի՝ «հա» եւ հարցրի՝ «հույս կա՞», եւ Միշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ քիչ», եւ Սամսոնը նորից ասաց՝ «մի բան պիտի անես, Մի՛շ ջան» եւ ավելացրեց՝ «դե գնանք. ո՞ւմ ենք սպասում», եւ Միշան ասաց՝ «գնանք» եւ Սամսոնը հարցրեց՝ «հիմի ո՞ւր ենք գնում», եւ Միշան ասաց՝ «Սարի թաղից սկսենք»:

Իմ էդ «Զրո վեցը» երկար ճանապարհ կտրել՝ հասել էր Մասիս կայարան, եւ չնայած էդ ավտոս չէի էլ տեսել, բայց էդ վիրտուալ ավտոյիս առումով արդեն մի քանի հոգու լավության տակ էի, որովհետեւ, չնայած Գրողների միության հերթում առաջինն էի, բայց նորընտիր իշխանությունները Գրողների միության ղեկավարության հետ համաձայնության գալով՝ որոշել էին Գրողների միության ժիգուլիների էդ չափաբաժինը հատկացնել ոչ միայն գրողներին, այլեւ՝ այլ մտավորականների եւս, ու էդ մասին Գրողների միության քարտուղար Սաղաթել Հարությունյանից իմացա ու էդ մասին ինձ տեղեկացնելով՝ Սաղաթել Մամիկոնովիչն ասաց՝ «ինձնից բան չես լսել», ու ես էդ տեղեկությունն ստանալով՝ վազեցի «Արմենպրես» ու Վարդազարյան Արտակի կառավարական հեռախոսով զանգեցի Վանոյին ու ասացի, որ Գրողների միության էդ ավտոհերթի մեջ առաջինն եմ, եւ Վանոն հեռախոսով ինձ ասաց՝ «որ էդ հերթի մեջ չըլնեիր էլ, էդ ավտոներից մեկը քոնն ա» եւ հարցրեց՝ «փող ունե՞ս», եւ ես ասացի՝ «հա», եւ հաջորդ առավոտ ինձ տուն զանգեց փոխվարչապետ Կտրիճ Սարդարյանն ու ասաց, որ որոշ մտավորականների որոշել են ավտոմեքենաներ տալ եւ հարցրեց՝ «վճարունա՞կ ես», եւ ես ասացի՝ «հա. կակռազ գրքիս հոնորարը նոր եմ ստացել», եւ Կտրիճն ասաց՝ «ուրեմն, շնորհավորում եմ», եւ ես ասացի՝ «մերսի, Կտրիճ ջան», եւ մի քանի ժամ անց ինձ զանգահարեց Գրողների միության մյուս քարտուղար Աղվան Վարդանյանն ու ասաց՝ «վռազ գործ կա. կարա՞ս գաս», եւ ես ասացի՝ «հա» եւ երբ հասա Գրողների միություն ու մտա Աղվանի կաբինետ, Աղվանն ինձ ժպտաց ու ասաց՝ «շնորհավորում եմ, Արմեն ջան», եւ երբ հարցրի՝ «ինչի՞ համար», Աղվանն ասաց՝ «ավտո ես ստանում» եւ ինչ-որ թղթեր տալով՝ հարցրեց՝ «փող ունե՞ս», եւ ես ասացի՝ «հա», եւ Աղվանն ինձ ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ թե փող չունես, կարաս մեկի հետ պայմանավորվես, էդ ավտոն ինքը վերցնի՝ տարբերությունը տա քեզ», եւ ես հարցրի՝ «ո՞ր տարբերությունը», եւ Աղվանն ասաց՝ «ձեռի վրա էդ ավտոյի գինը լրիվ ուրիշ ա», եւ ես ասացի՝ «փող ունեմ», եւ Աղվանը հարցրեց՝ «քշել գիտե՞ս», եւ ես ասացի՝ «քշել չգիտեմ, բայց պռավա ունեմ», եւ Աղվանն ասաց՝ «որ փող ունես, հենց էսօր էլ կարաս էդ հաշվեհամարով փոխանցես», եւ ես ասացի՝ «Մերսի, Աղվան ջան» ու անմիջապես Գրողների միությունից դուրս գալով՝ վազեցի Շրջանային ու Բժշկականի դիմացի խնայդրամարկղից գրքույկիս քսանհինգ հազարից տասը հազար ութ հարյուրը փոխանցեցի Սերվիսի էդ հաշվեհամարին, եւ Սամսոնին ու Միշային հանդիպելուցս մի շաբաթ առաջ արդեն Սաղաթել Մամիկոնովիչի, Վանոյի, Կտրիճի ու Աղվանի լավության տակ էի, եւ երբ Սամսոնն ու Միշան նստեցին իրենց ավտոն ու գնացին, ես շիվարած շարժվեցի «Պապլավոկի» կողմ եւ «Պապլավոկում» տեսնելով Խաթլամաջյան Սեյրանին ու Ավանեսյան Հրաչին՝ ահագին երկար նստեցի իրենց հետ, եւ, հիշում եմ, Սեյրանը Պատկանյանից ու Նալբանդյանից էր խոսում, եւ չնայած իր ասածներին գլխով հավանություն էի տալիս, բայց իր ասածները գլուխս չէին մտնում, որովհետեւ ուշքս ու միտքս իմ ավտոն էր, եւ Սեյրանի ու Հրաչի դեմ անիմաստ նստած՝ րոպեներն ու ժամերն էի գլորում՝ էն աղոտ հույսով, որ միգուցե իրիկվա կողմ Սամսոնից ու Միշայից որեւէ լավ խաբար կստանամ, ու էդ պահի դրությամբ՝ էդ ավտոյիս մասին որեւէ մեկին ու նույնիսկ մեր տնեցիներին չէի ասել՝ մտածելով, թե սյուրպրիզ եմ անում, բայց առայժմ ինքս էի իմ էդ սյուրպրիզից միակ ցնցվածը, որովհետեւ ոչ միայն տասը հազար ութ հարյուրս էի կորցրել, այլեւ ամբողջովին մտել էի Սաղաթել Մամիկոնովիչի, Վանոյի, Կտրիճի ու Աղվանի լավության տակ, ու եթե Աստված կամենար, եւ Սամսոնն ու Միշան մի ճար անեին, վերջիններիս լավության տակ էլ էի, փաստորեն, մտնելու, եւ երբ Խաթլամաջյան Սեյրանն ու Ավանեսյան Հրաչը Պատկանյանի ու Նալբանդյանի թեման պրծան ու անցան իշխանությունների քննադատությանը, ես իրենց էդ թեմային էլ էի անհաղորդ՝ ո՛չ միայն էն պատճառով, որ իրենց ասածները լսում ու չէի հասկանում, այլեւ էն պատճառով, որ Սամսոնի ու Միշայի հետ դեռեւս հույսեր էի կապում, եւ չնայած էդ պահի դրությամբ դեռեւս չգիտեի, որ Միշան նույն ինքը Վոժդն է, բայց իր ինքնավստահ կեցվածքն ու խոսելու տոնը մեջս որոշակի հույսեր էին առաջացրել, եւ երբ ժամը տասի կողմերը տուն մտա, եւ մայրս ասաց, որ ինձ զանգող է եղել, էդ հույսերս ավելի առաջացան, եւ երբ քիչ անց հեռախոսը զնգաց, ու խոսափողը վերցրի, մեկը խռպոտ ձայնով ասաց՝ «Արմենին եմ ուզում», եւ ես ասացի՝ «Արմենն ա», եւ ձայնն ասաց՝ «ա՛յ ախպեր, մեռանք քեզ զանգելով», եւ ես ասացի՝ «մի անգամ չե՞ք զանգել», եւ ձայնն ասաց՝ «հազար անգամ համարը հավաքում ենք, բայց մի անգամ հազիվ ենք ընկնում», եւ ես ասացի՝ «ես մեղավոր չեմ», եւ ձայնն ասաց՝ «քեզ ո՞նց տենանք», եւ ես հարցրի՝ «դուք ո՞վ եք», եւ ձայնն ասաց՝ «կառոչի, ավտոդ բերում ենք. ձեր տունը ո՞նց կարանք գտնենք», եւ ես հարցրի՝ «հիմա դուք որտե՞ղ եք», եւ ձայնն ասաց՝ «Նար-Դոսի կողմերը», եւ ես հարցրի՝ «ավտոյո՞վ եք», եւ ձայնն ասաց՝ «որ ասեմ հեծանիվով ենք՝ կհավատա՞ս», եւ ես հարցրի՝ «կարա՞ք «Ռիգա» գաստրոնոմի մոտ գաք», եւ ձայնն ասաց՝ «հինգ րոպեից «Ռիգայի» մոտ ենք», եւ երբ խոսափողը դրեցի, մայրս հարցրեց՝ «էդ ո՞վ էր», եւ ես ասացի՝ «ծանոթ տղա էր. «Ռիգայի» մոտ հետը պիտի հանդիպեմ», եւ մայրս ասաց՝ «բա խի՞ տուն չկանչեցիր», եւ ես ասացի՝ «ես մեր տունը հազիվ եմ գտնում. ինքը ո՞նց կգտներ», եւ մայրս ծիծաղեց ու ասաց՝ «էսօր լավ էլ շուտ ես գտել», եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «մեկ էլ ե՞րբ էիր տասին տուն էկել», եւ ես ասացի՝ «վատ ա՞, որ շուտ եմ էկել», եւ մայրս ասաց՝ «վատ չի, բայց կասկածելի ա. հո բան չի՞ պատահել», եւ ես ասացի՝ «ի՞նչ պիտի պատահեր», եւ մայրս ասաց՝ «եսիմ. խառը ժամանակներ են», եւ ես ասացի՝ «ոչ մի բան էլ չի պատահել. ամեն ինչ լավ ա» եւ պիջակս հագնելով՝ վազեցի դեպի «Ռիգա», եւ մի քանի վայրկյան անց մայթին մոտեցավ սպիտակ ու չափազանց կեղտոտ մի «Զրո վեց», եւ երբ անթրաշ աժդահան մեքենայից իջավ, էդ պահին մտքիս ծայրով անգամ չէր կարող անցնել, որ էդ ավտոմեքենան իմն է, եւ երբ երկրորդ անթրաշն էլ մեքենայից իջավ, հաղթանդամն ինձ հարցրեց՝ «Արմենն ե՞ս», եւ ես ասացի՝ «հա», եւ հաղթանդամն ասաց՝ «մեզի մեր ախպերներն են ուղարկել, ախպեր», եւ ես ասացի՝ «բարձրանանք տուն՝ համ կխոսանք, համ էլ մի բաժակ կոֆե կխմենք», եւ հաղթանդամն ասաց՝ «ժամանակ չունենք, ախպեր. կարաս նստես ավտոդ ու ինքնուրույն գնաս ձեր տուն», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ ավտո», եւ նիհարը հաղթանդամին հարցրեց՝ «կարող ա՞ էսի սավսեմ ուրիշ Արմեն ա», եւ հաղթանդամն ինձ հարցրեց՝ «էսօր ավտոյի հաշվով ինչ-որ մեկի հետ խոսակցություն ունեցե՞լ ես, ախպեր», եւ ես ասացի՝ «հա. Միշայի ու Սամսոնի հետ եմ խոսացել», եւ հաղթանդամը նիհարին ասաց՝ «ի՞նչ ուրիշ Արմեն. հաստատ ինքն ա», եւ նիհարն ինձ ասաց՝ «էս քու ավտոն ա, ախպեր», եւ ես նայեցի ավտոյին ու զարմացած հարցրի՝ «է՞ս», եւ նիհարն ասաց՝ «յուղը վրեն ավտո ա. վրի ցեխին ու փոշուն մի խափնվի», եւ հաղթանդամն ասաց՝ «ընենց որ, կարաս նստես ռույլին ու քշես ձեր տուն», եւ նիհարը հաղթանդամին ասաց՝ «որ մի հատ ստացական գրի՝ չի խանգարի», եւ հաղթանդամն ասաց՝ «ոչ մի ստացական պետք չի» եւ ինձ նայելով՝ ժպտաց ու ասաց՝ «անփորձանք ավտո ըլնի, ախպեր», եւ նիհարը նայեց ինձ ու ասաց՝ «մենք էթանք, ախպեր, բարի վայելում», եւ ես ասացի՝ «ո՞ւր եք գնում», եւ հաղթանդամն ասաց՝ «կարող ա՞ մի հատ էլ դակլադ տանք, թե ուր ենք էթում», եւ ես ասացի՝ «հելնենք տուն, մի բաժակ բան խմենք, էս ավտոն շնորհավորենք», եւ հաղթանդամն ասաց՝ «շատ վռազ գործ ունենք, ախպեր», եւ ես ասացի՝ «գոնե էս ավտոն մեր շենքի հայաթում կանգնացրեք՝ նոր գնացեք», եւ նիհարը ծիծաղեց ու ասաց՝ «էդ էլ մենք անե՞նք», եւ ես ասացի՝ «ավտո քշել չգիտեմ», եւ հաղթանդամը հարցրեց՝ «բա էս ավտոն ո՞նց ես քշելու» եւ ես ասացի՝ «կսովորեմ», եւ նիհարն ասաց՝ «բարդ բան չի», եւ ես ասացի՝ «քշել չգիտեմ, բայց պռավա ունեմ», եւ հաղթանդամն ասաց՝ «կարեւորը պռավեն ա. քշելը մանրից կսովորես», եւ ես հաղթանդամին հարցրի՝ «Միշան ա՞ ասել, որ էս ավտոն բերեք», եւ նա զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «դժգոհ ե՞ս, որ բերել ենք», եւ ես ժպտացի ու ասացի՝ «շա՜տ գոհ եմ», եւ նիհարն ասաց՝ «բա էլ խի՞ ես անկետա լրացնում», եւ ես ասացի՝ «ուզում եմ իմանամ՝ ո՞վ ա էս լավությունն ինձ արել», եւ հաղթանդամը ժպտաց ու ասաց՝ «մե՛նք», եւ նիհարն ավելացրեց՝ «մեր մտքին որ չըլներ, մեզի ոչ մեկը չէր կարա զաստավիտ աներ», եւ ես հարցրի՝ «Սամսոնն ու Միշան ե՞ն ասել», եւ հաղթանդամն ասաց՝ «հեչ կարեւոր չի՝ ով ա ասել», եւ ես հարցրի՝ «կարող ա՞ Վանոն ա ասել», եւ նիհարը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Վանո», եւ ես ասացի՝ «Սիրադեղյան», եւ հաղթանդամն ասաց՝ «էդ ասածդ մարդկանցից ոչ մեկին չենք ճանաչում», եւ նիհարն ասաց՝ «մեզ մեր լավ ախպերներն են ասել՝ բերել ենք», եւ հաղթանդամն ավելացրեց՝ «բայց որ մտքներիս տեղ չըլներ՝ չէինք բերի» եւ ավելացրեց՝ «մեզի ոչ մեկը չի կարա զաստավիտով բան անել տա», եւ նիհարն ասաց՝ «մեր լավ ախպերները խնդրել են՝ բերել ենք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ախպերներ», եւ հաղթանդամն ինձ ասաց՝ «մի քիչ էլ որ խորանաս, կարող ա էլի առանց ավտո մնաս», եւ ես խեղճացած ասացի՝ «ուզում էի իմանայի՝ էս լավությունն ո՞վ ա արել», եւ հաղթանդամն ասաց՝ «մենք խաբարբզիկություն անելու խասյաթ չունենք», եւ ես ասացի՝ «բա ձեր էս լավության տակից ո՞նց դուրս գամ», եւ նիհարը ծիծաղեց ու ասաց՝ «մենք լավություն անելու խասյաթ էլ չունենք», եւ ես ասացի՝ «լավություն անելու խասյաթ չունեք, բայց, փաստորեն, լավություն եք արել», եւ հաղթանդամն ինձ չոր տոնով ասաց՝ «ուզածդ ի՞նչ ա, ա՛յ ախպեր», եւ ես ասացի՝ «մի հատ էլ լավություն արեք ու՝ վերջ», եւ հաղթանդամը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ լավություն», եւ ես ասացի՝ «էս ավտոն տանենք կանգնացնենք մեր մուտքի մոտ», եւ հաղթանդամն ինձ ժպտաց ու հարցրեց՝ «էդքանը որ անենք՝ քեզնից կպրծնե՞նք», եւ ես ժպտացի ու ասացի՝ «հա»:

Հաղթանդամն իմ ավտոմեքենան կանգնեցրեց մեր մուտքի դիմաց՝ մեր առաջին հարկի հարեւան Գարուշի «Զրո վեցի» կողքին, եւ չնայած Գարուշինը տասը տարվա ավտո էր, բայց մանավանդ էդ մթնով իմինից անհամեմատ ճերմակ էր՝ ո՛չ միայն էն պատճառով, որ Գարուշն աչքի լույսի պես էր իր ավտոն պահում, այլեւ էն պատճառով, որ իմն ահավոր փոշոտ ու ցեխոտ էր, եւ նիհարը Գարուշի ավտոյին ուշադիր նայելով՝ ինձ հարցրեց՝ «էս ավտոն քանի՞ տարեկան կըլնի», եւ ես ասացի՝ «երեւի տասից ավել», եւ նիհարն ասաց՝ «տասից ավել ա, բայց քոնից լավ տեսք ունի», եւ ես ասացի՝ «որովհետեւ իմը շատ կեղտոտ ա», եւ հաղթանդամն ինձ վրա գոռաց՝ «չհասկացա, ախպեր. կարող ա՞ մի հատ էլ ավտոդ լվայինք, նոր բերեինք՝ դռանդ կայնացնեինք», եւ ես ասացի՝ «ո՞վ ա ըտենց բան ասել», եւ ինքը մրթմրթաց ու ասաց՝ «մենակ մնում էր՝ ըտենց բան էլ ասեիր» ու մեքենայի դռները փակելով եւ բանալիներն ինձ տալով ասաց՝ «էլ հո պարտքուպահանջ չունե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ. ձեզանից շա՜տ շնորհակալ եմ», եւ նիհարն ինձ ասաց՝ «մենք գնանք», եւ հաղթանդամը ժպտաց ու ասաց՝ «հա, գնանք՝ քանի էս մարդը չի հրամայել, որ իրա ավտոն լվանք», եւ նիհարը ձեռքս սեղմելով ասաց՝ «բարի վայելում, ախպեր», եւ հաղթանդամը ձեռքս սեղմելով ասաց՝ «անփորձանք», եւ ես ժպտացի ու ասացի՝ «շնորհակալ եմ, տղերք ջան»:

Իմ ու էդ երկուսի խոսակցության ընթացքում մայրս ինձ ու էդ երկուսին պատուհանից հետեւել էր, եւ երբ տուն մտա, սկսեց հարցուփորձ անել, բայց ես ավտոմեքենայիս մասին ոչինչ չասացի, մտածելով, որ լույսը կբացվի՝ կասեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել