«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ ՀՌԱՀ-ի անդամներին մենք առաջարկում ենք կամավոր հրաժարական տալ: Այս առաջարկը մենք չենք դիտարկում իբրեւ իրենց աշխատանքի գնահատական, իբրեւ պակաս: Մենք դիտարկում ենք իբրեւ ներդրում անհրաժեշտ բարեփոխումների մեջ: Քանի որ մենք օրենսդրական բարեփոխումներ ենք կատարում, չենք կարող սպասել՝ մինչեւ այդ փոփոխությունները գործնականում իրականացվեն 6 տարի հետո, մինչեւ այդ հանձնաժողովի անդամների ժամկետը լրանալը»,- այս առաջարկի հեղինակը ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյան էր, ով, ըստ a1plus.am-ի, երեկ ներկայացրեց ՀՀ ԶԼՄ-ների իրավիճակը, գրաքննությունը, ԶԼՄ-ների սահմանափակումները արտակարգ իրավիճակի պայմաններում: Քննարկումը տեղի ունեցավ «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ԵԽԽՎ 1609 բանաձեւը, քաղաքացիական հասարակության մոտեցումները» թեմայի շրջանակներում: ԵՄԱ նախագահը, բացի առաջարկից, ներկայացրեց, թե էլեկտրոնային լրատվամիջոցներում ինչպիսի խախտումներ են եղել ընտրական եւ հետընտրական գործընթացներում: Այդ խախտումներն արձանագրվել են նաեւ ՍԴ-ի որոշման մեջ, Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, հ/կ-ների զեկույցներում:
ԵՄԱ նախագահն անդրադարձավ նաեւ արտակարգ դրության օրերին հեռարձակվող ԶԼՄ-ների թույլ տված խախտումներին՝ որոնց համար չեն պատժվել: Բ. Նավասարդյանը անհրաժեշտ է համարում օրենսդրական փոփոխությունները եւ գտնում է, որ այն առաջին հերթին պետք է տեղի ունենա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում. «Հունիսի 13-ից այդ օրենքը դրված է ԱԺ-ի կայքում եւ փորձաքննության համար ներկայացված է Վենետիկի հանձնաժողովին, սակայն այդ օրենքը մենք չենք կարող դիտել իբրեւ բարեփոխմանն ուղղված քայլ»:
Բորիս Նավասարդյանը գտնում է, որ ամենակարճ ժամկետներում անհրաժեշտ է առաջարկություններ ներկայացնել օրենքն իրապես բարեփոխելու համար եւ հիշեցնում, որ իրենց ներկայացրած առաջարկներն օրենքում տեղ չեն գտել: «Մենք կապ չենք տեսնում այդ օրինագծի եւ ԵԽԽՎ բանաձեւի միջեւ»,- ասաց նա: Խոսելով ՀՀ վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած 1609, 1620 բանաձեւերի մասին՝ պարոն Նավասարդյանը առանձնացրեց «Ա1+»-ի հարցը. «Մենք հասկանում ենք, որ «Ա1+»-ի հարցում գործնական լուծում գտնելը շատ դժվար է, եւ որպես առաջին քայլ՝ առաջարկում ենք քննարկում կազմակերպել անկախ փորձագետների հետ ու պարզել՝ արդյոք, ՀՀ-ում չկա՞ն ազատ հաճախականություններ կամ որոշակի պետական ներդրումների միջոցով այդ հաճախականությունները չի՞ կարելի դնել մրցույթի»: