Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆ. «ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ»

Հունիս 28,2008 00:00

Կանանց բռնցքամարտի WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 մենամարտ ու բոլորում էլ պարտության մատնել մրցակիցներին: Ընդ որում, 16 անգամ մրցավարները նրա օգտին նոկաուտ են արձանագրել:

Ագրեսիվ ու անկասելի մարտաոճի համար բռնցքամարտի աշխարհում նրան տվել են «Մարդասպանների թագուհի» մականունը: «Առավոտը» հենց այդ հարցով էլ սկսեց հեռախոսազրույցը Համբուրգում բնակվող Սյուզաննա Կենտիկյանի հետ:

– «Մարդասպանների թագուհի» մականունից չե՞ս նեղվում:

– Եթե խոսքը ռինգի մասին է՝ ոչ: Իսկ կյանքում ես այդպիսին չեմ, այդ բնորոշումը հաստատ ինձ չի սազում:

– Գոտիների պաշտպանության վերջին մենամարտդ անցկացրիր Մերի Օրտեգայի հետ եւ, հաշված րոպեների ընթացքում, նոկաուտի ենթարկեցիր նրան: Հաջորդ անգամ ե՞րբ ես ռինգ մտնելու եւ ո՞ւմ հետ:

– Օգոստոսի 30-ին Դյուսելդորֆում հանդիպելու եմ իսրայելցի Հարգա Ֆիների հետ: Բավականին ուժեղ բռնցքամարտիկ է ու ինձնից տարիքով մեծ: Նա վերջին մենամարտում հաղթել է Ռեգինա Հալմիկին: Հարգայի մասին առայժմ շատ բան չգիտեմ: Բայց շուտով ավելի մանրամասն ինֆորմացիա կունենամ, որպեսզի նախապատրաստությունս ճիշտ կազմակերպեմ:

– Այսինքն՝ դեռ չե՞ս մարզվում:

– Կսկսեմ հուլիսի սկզբից: Նախ՝ ընդհանուր ֆիզպատրաստություն, վազքեր, տեխնիկա, հարվածների դրվածք: Հետո կանցնեմ արդեն փորձամարտերին:

– Ովքե՞ր են լինում մարզումային մրցակիցներդ:

– Նրանց ընտրում է մարզիչս: Լինում են եւ տղաներ, եւ աղջիկներ, հիմնականում՝ այլ վարկանիշների չեմպիոններ կամ առաջատարներ, որոնք, որպես կանոն, ինձնից բարձր քաշային կարգեր են ներկայացնում:

– Ինչո՞ւ ընտրեցիր բռնցքամարտը:

– Միանշանակ պատասխանել չեմ կարող: Պարզապես, սպորտը սիրում եմ: Մինչ այդ, այստեղ՝ Գերմանիայում, զբաղվել եմ մարմնամարզությամբ, լողով, կարատեով, ձյուդոյով, ջիուջիցուով:

– Ինչպե՞ս հայտնվեցիր Գերմանիայում:

– Ծնողներս 90-ականների սկզբին եկան այստեղ: Ես այն ժամանակ ընդամենը չորս տարեկան էի:

– Ու դրանից հետո ոչ մի անգամ Հայաստան չե՞ս եկել:

– Ոչ: Չի ստացվել:

– Իսկ գալու ցանկություն չունե՞ս:

– Իհարկե՝ շատ եմ ուզում: Կարոտել եմ Երեւանը, հարազատներիս, որոնք, Երեւանում այնքան էլ շատ չեն, ուզում եմ հանդիպել մանկության ընկերներիս:

– Վախթանգ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը ամեն մի հերթական հաղթանակից հետո պարտադիր գալիս են եւ իրենց ուրախությունը կիսում հայաստանցի մարզասերների հետ: Հաղթանակների պակաս դու էլ չունես: Հնարավո՞ր է, որ օգոստոսի 30-ից հետո դու նույնպես գաս:

– Անպայման: Որոշել եմ Հայաստան գալ սեպտեմբերին: Դա ինձ համար ամենահարմար ժամանակն է: Չգիտեմ, արժե՞ դա կապել իմ հերթական հաղթանակի հետ, ինչին, հասկանալի է, հավատում եմ: Բայց անկախ ամեն ինչից, եթե խանգարող հանգամանքներ չառաջանան՝ ամենայն հավանականությամբ կհանդիպենք:

– Սպասում ենք: Ու գոտիներդ հետդ բերել չմոռանաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30