Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ «ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հունիս 28,2008 00:00

ԳԹԿ-ի պարզաբանումները

Պետական ավարտական եւ միասնական քննությունների շրջանում միշտ էլ կրքերը բորբոքված են լինում: «Առավոտը» մի շարք հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով հանդիպեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանի հետ: Նա տեղեկացրեց, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի քննական կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ, ԿԳՆ լիազորների մի մասը «դրսից» է ընդգրկված: «Առավոտը» գրավոր դիմել է ԳԹԿ-ին, այդ, ինչպես նաեւ քննություններից բացակայած երեխաների ցանկը ստանալու խնդրանքով, սակայն համապատասխան տեղեկատվություն առայժմ չենք ստացել: Նշենք, որ ԿԳ արդեն նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացրել էր, թե ամեն ինչ թափանցիկ է եւ անուն առ անուն կարող ենք ծանոթանալ:

ԳԹԿ տնօրենից հետաքրքրվեցինք՝ հատկապես ովքե՞ր են դիմել լրացուցիչ միասնական քննությանը մասնակցելու համար եւ ի՞նչ հիմքերով է նրանց խնդրանքը բավարարվել: «Ելնելով արդարության սկզբունքից, կարծում եմ՝ երեխան պետք է անպայման հնարավորություն ունենա գոնե մեկ անգամ քննության մասնակցելու: Հարգելի համարվում է մի քանի պատճառ, երբ, օրինակ, երեխան քննությունը կիսատ է թողել կամ նույնիսկ քննության ամբողջ ընթացքը անցել է, բայց վատառողջ է եղել: Համապատասխան փաստաթղթերի, արձանագրությունների դեպքում թույլ ենք տալիս, որ նա նորից հանձնի, բայց նաեւ պետք է գրի, որ չեղյալ է համարվում նախորդ քննության գնահատականը: Հիմնականում թիվ 160 դպրոցի աշակերտներին ենք թույլ տվել՝ թեստերի պակասի հետ կապված հայտնի պատմության պատճառով… Նստատեղը վիրահատած մի աղջկա էլ ենք թույլատրել մասնակցել լրացուցիչ քննության, որովհետեւ քննության ժամանակ ցավերի պատճառով չի կարողացել նստել, իսկ երբ կանգնել է, դիտողություն են արել…»,- պարզաբանեց Մ. Մկրտչյանը: Մեր հարցին՝ եղե՞լ է դեպք, որ երեխային վարքի համար հեռացնեն քննությունից ու հետո ներեն: «Այդպիսի մի քանի դեպք հիշում եմ. մեկը Գորիսում է եղել, մյուսը՝ Գավառում, երրորդը՝ կարծեմ, Երեւանի 66-րդ դպրոցում: Լրացուցիչ քննության ժամանակ արդեն այնպիսի պայմաններ կլինեն, որ նրանք չեն կարողանա նույնկերպ վարվել: Նրանց ներել ենք, որովհետեւ չէինք ուզում ճակատագրի վրա ազդել»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանից էլ ճշտեցինք, որ երեկ, ժամը 17-ի դրությամբ, հուլիսի 4-10-ը կայանալիք լրացուցիչ քննությանը մասնակցելու համար դիմել է 578 հոգի: Նրանցից 209-ը ցանկացել է քննություն հանձնել հայոց լեզվից, 154-ը՝ մաթեմատիկայից, 140-ը՝ անգլերենից, 47-ը՝ ռուսերենից, 21-ը՝ գերմաներենից, 5-ը՝ ֆրանսերենից, 1-ը՝ իսպաներենից:

Մ. Մկրտչյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչո՞ւ են ոմանց գնահատականները բարձրացել, ոմանցը իջել՝ բողոքարկման արդյունքում: Նա պարզաբանեց, որ եթե հարցը վերաբերում է թեստի որակին, եւ հանձնախումբը գտնում է, որ բողոքարկողը իրավացի է, ապա կարող են լինել մասսայական բարձրացումներ, անկախ նրանից՝ տվյալ անձը դիմե՞լ է, թե՞ ոչ: Որոշ գնահատականներ փոփոխվել են նաեւ՝ ելնելով տեխնիկական պատճառներից, օրինակ, եթե համակարգիչը սխալ է «ընկալել» որեւէ նշում: Մեր այցելության պահին համակարգչային բաժնի աշխատակիցները ցույց տվեցին, թե ինչպես է նման պատճառով Տաթեւիկ Հովհաննիսյանի անգլերենի 62 միավորը 1-ով պակասել, կամ Հայկավանի միջնակարգ դպրոցի շրջանավարտ Մանանա Ալոյանինը՝ 62-ից դարձել 63: Չարենցավանի 2-րդ դպրոցի աշակերտուհի Լուսինե Սաֆարյանի աշխատանքն էլ սքանավորման արդյունքում լրիվ սեւ գույն էր ընդունել ու չէր գնահատվել, ավելի ուշ աղջիկն իր վաստակած 63 միավորն էր ստացել: Նոր Հաճընի թիվ 1 դպրոցից Անուշ Կալիյանն էլ թեստի համարը չէր նշել, ու «-1» ստացել, այսինքն՝ չէր գնահատվել: Բողոքարկումից հետո երբ պարզվել էր, որ 3-րդ թեստն է գրել, 63 միավոր էր վաստակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30