Բաց նամակ անկախ Հայաստանում դատարանի նախագահ Ժորա Վարդանյանին
Հարգելի պարոն Վարդանյան, իմ 19 տարին նոր էր լրացել, երբ ազնիվ Ուսուցչիս եւ ընկերներիս հետ հայտնվեցի ԿԳԲ-ում: Դուք ինձ հարցաքննել եք գրեթե երեք ամիս, առավոտից երեկո: Այնպես որ, դժվար թե ինձ չհիշեք: Այն ժամանակ ես ծածուկ երազում էի Անկախ Հայաստան՝ ԽՍՀՄ կազմից դուրս, իսկ Դուք դա համարում էիք հանցագործություն: Փառք Աստծո, այդ օրերին մեռավ ԽՄԿԿ Ձեր հերթական զառամյալ առաջնորդը, եւ Գորբաչովի ապրիլյան խոսքից հետո մենք չքշվեցինք բանտեր ու աքսորավայրեր:
Հիմա իրականացել է իմ երազը՝ Հայաստանն անկախ է, եւ Դուք այն այլեւս հանցանք չեք համարում, ավելին՝ ամեն օր վճիռներ եք կայացնում՝ երազս բարձրաձայն արտասանելով՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»: Ուրախ եմ եւ հպարտ: Ձեզնից երախտագիտության խոսք չեմ ակնկալում, որ նաեւ իմ երազի շնորհիվ այսօր կա մի երկիր, ուր Դուք ճանաչված դատավոր եք եւ ոչ թե 2-ը 3-ի վրա այն մռայլ ու վանդակապատ քննչական կաբինետի մայորը, որ հարցեր էր տալիս ու համբերատար գրի առնում պատասխաններս:
Ճակատագրի բերմամբ՝ ճամփաները դարձյալ խաչվել են: Բայց ո՛չ ես եմ այլեւս այն 19 տարեկան հայրենասեր այլախոհը, ո՛չ Դուք՝ ԽՍՀՄ-ի երդվյալ պաշտպանը: Իմ բնակարանի առաջին խուզարկությունից 22 տարի եւ 5 օր անց, գուցե չիմացությամբ, Դուք որոշում եք կայացրել կրկին խուզարկելու այն: ԽՍՀՄ-ի ժամանակվա որոշումը վիճարկելն իմ կողմից անարդար կլիներ, քանի որ Դուք ճիշտ էիք՝ ես իրո՛ք երազում էի ԽՍՀՄ փլուզման մասին: Իսկ հիմա ո՞ր երազս է հանցավոր:
Ձեզ հասցեագրած դիմումում խնդրել էինք տրամադրել այդ չարաբաստիկ թիվ 62202608 քրեական գործով կայացված որոշման պատճենը, որը հիմք է ծառայել ի՛մ բնակարանը եւս խուզարկելու համար: Ես փոքր-ինչ վիրավորված եմ. սպառվել է, երեւի, գրելու Ձեր նախկին համբերատարությունը, եւ Դուք հարկ չեք համարել անձամբ պատասխանել, բայց ստացվել է Ձեր ոմն դատավոր Երեմ Եսոյանի անունից մի անգրագետ ու խորամանկ գրություն: Դրան անդրադառնալ չեմ ուզում. ցածր է պատվիցս եւ ամոթալի՝ Հայաստանի դատական համակարգի համար: Ավելի բարձր ատյաններում վիճարկել եմ ուզում այն որոշումը, որտեղ շոշափվել է նաեւ ի՛մ անունը, որով ներխուժել են նաեւ ի՛մ տուն: Խնդրում եմ՝ տվե՛ք ինձ այդ որոշման պատճենը: Կարծում եմ՝ խնդրանքս մարդու անկապտելի իրավունքների դաշտից է: Ազատության մեր համաժողովրդական պայքարը նաեւ Անհատական պայքար է՝ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ պայքար, եւ այդ մեկ Մարդը նաեւ ե՛ս եմ ու իմ բաժին արդարությունը վերականգնելու պատասխանատվություն ունեմ ինքս իմ ու համաժողովրդական շարժման առջեւ:
Հիշու՞մ եք, պարոն Վարդանյան, մեր տնից առգրավված իմ գրքերը, գրամեքենան ու մյուս «իրեղեն ապացույցները» վերադարձնելիս, հեռավոր 1985-ի մայիսին Դուք ինձ ասացիք, որ ես նշանավոր մարդ կդառնամ, եւ իրոք բարեկամաբար խորհուրդ տվեցիք՝ թեկուզ գիշերով, թեկուզ ամայության մեջ այլեւս «հակասովետական չփռշտալ»: Այժմ կարիք չունեմ սովետիզմի դեմ կրկին պայքարելով նշանավոր դառնալ, բայց Ազատության հրապարակում լիաթոք կանչելը՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ, իմ վաստակա՛ծ իրավունքն է՝ միակ վաստակս տասնամյակների մեջ: Չէի ուզենա 22 տարի անց նորից հալածվել նույն բանի համար, չէի ուզենա, որ հալածողները նույն մարդիկ լինեին: Սա՛ է երկրորդ պատճառը, որ խնդրում եմ՝ տվե՛ք Ձեր կայացրած որոշման պատճենը. ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք մեղք եմ գործել իմ երազի՝ Հայաստանի Հանրապետության առջեւ, թե՞ պարզապես ինձ ու ինձպեսներին հիմա էլ Հայաստանի Հանրապետության անունից չի ներվում, որ ԽՍՀՄ-ը, այնուամենայնիվ, կործանվեց: