Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ

Հունիս 28,2008 00:00

Այսօր շատ է խոսվում քաղաքական կյանքում երրորդ կողմի գոյության կամ ձեւավորման մասին: Այդ անհրաժեշտությունը առաջացավ այն պահից, երբ Տեր-Պետրոսյանը նախընտրական շրջանում հայտարարեց «կամ իշխանության հետ ես, կամ՝ մեզ հետ» սկզբունքի անառարկելիության մասին: Եվ սկսվեց…

Ոմանք սկսեցին հրապարակայնորեն ցույց տալ այս թեզի արդիականությունը եւ ճշմարտացիությունը, իսկ օպոնենտները՝ հիմնականում անհաջող, փորձում էին հիմնավորել իրենց ոչ սերժական, ոչ լեւոնական, այսինքն՝ երրորդ կողմ լինելու հանգամանքը:

Իրականում, այս պայքարում, երրորդ կողմ չկա, եւ բացատրեմ, թե ինչու:

Այս համակարգում ով էլ եղել է նախագահ, դրանից անձնապես օգտվել է նրան մոտ փոքր շրջապատի, անվերապահ նվիրված սահմանափակ բազմությունը: Մնացած ժողովուրդը առ այսօր պայքարում է՝ փորձելով Հայաստանը դարձնել բոլորի համար ազատ, արդար, օրինական եւ արժանապատիվ կեցության երկիր: Նույն ժողովուրդն էր պայքարում եւ՛ 96-ին, եւ՛ 98-ին, եւ՛ այսօր:

Իշխանության համար պայքարի մի կողմում գործող իշխանավորներն են, (միաբեւեռ), մյուս կողմում՝ այդ իշխանության դեմ պայքարող, բազմաբեւեռ, իշխանությունից զրկված քաղաքական առաջնորդներն են եւ նրանց մեջ բաժան-բաժան եղած ժողովուրդը:

Ի՞նչ էին ասում այս նախագահական ընտրություններում իշխանազուրկ առաջնորդները ժողովրդին, եթե ընդհանրացնենք.

Տեր-Պետրոսյան – քանդել իշխանական ավազակապետական համակարգը, մաքրել ավգյան ախոռները, ապահովել ժողովրդի օրինական, արժանապատիվ կեցությունը. Ռոբե՛րտ, Սերժի՛կ, հեռացի՛ր: Լեւոն նախագահ:

ՕԵԿ – վերականգնել արդարությունը (վերադարձնել ավանդները, գրոշներով սեփականաշնորհած պետական ունեցվածքը, վերջ տալ անարդարություններին), ապահովել ժողովրդի օրինական, արժանապատիվ կեցությունը. Ռոբե՛րտ, Սերժի՛կ, հեռացի՛ր: ՕԵԿ նախագահ:

Վահան Հովհաննիսյան-կուսակցական-հեղափոխական պայքար իշխանական «ոպրտՐպՊպս»-ի դեմ (անօրինական թիկնազորներով շրջող օլիգարխներ (թիկնազորի մասին օրենք), վերջ կոռուպցիային (հակակոռուպցիոն հանձնաժողով), վերջ անարդարություններին, ապահովել ժողովրդի օրինական, արժանապատիվ կեցությունը միացյալ հանրապետությունում. Ո՛չ անցյալին (Լեւո՛ն, հեռացի՛ր), ո՛չ ներկային՝ Ռոբե՛րտ, Սերժի՛կ, հեռացի՛ր: Վահան նախագահ:

Ըստ պաշտոնական տվյալների, որի դեմ չբողոքարկեցին ո՛չ ՕԵԿ-ը, ո՛չ ՀՅԴ-ն, շուրջ 100 հազար մարդ հավատացին հարյուրամյա հյուսված կուսակցական հեքիաթին, 250 հազարն էլ հավատացին ամենաերիտասարդ պրոյեկտին, 300 հազարից ավելին էլ՝ Տեր-Պետրոսյանի երդումներին ու վճռականությանը:

Դրանից դուրս կան մեծաքանակ մարդիկ, որոնք չհավատացին նույն ռիտորիկայով հանդես եկող ո՛չ ներկային, ո՛չ անցյալին: Քաղաքացիական պարտքը կատարելու եւ ընտրությունների անիմաստության միջեւ ներքին պայքարի արդյունքում էլ կա՛մ չմասնակցեցին ընտրություններին, կա՛մ ընտրեցին մնացած 5-ից մեկն ու մեկին (թե ում՝ քանիսը, դա արդեն էական չէ): Ընտրությանը մասնակցածների ու չմասնակցածների մեծ մասին միավորում է արդար, օրինական երկիր ունենալու անհրաժեշտությունը: Եվ անկախ նրանից, ո՞ւմ են ձայն տվել, ակտիվ են պայքարում, թե ոչ, կոալիցիայում, թե հասարակական խորհրդում են հայտնվել իրենց ձայնը ստացած թեկնածուները, դրանք բոլորը մի կողմում են, եթե հանում ենք «ո՞վ նախագահ» հարցադրումը:

Եվ ահա սա է իրողությունը: Մի կողմում իշխանությունն է իր կոալիցիայով, իշխանության մարտնչող սպասավորներով ու պահապաններով, մյուս կողմում՝ Ժողովուրդը, որի մի մասն է միայն առաջնորդվում «Լեւոն նախագահ» կարգախոսով:

Եվ ահա այստեղ է, որ ոչ թե Շարժման ղեկավարներից են պահանջում փոխել «Լեւոն նախագահ» կարգախոսը եւ ամբողջ ժողովրդով միավորվել նորմալ երկիր կառուցելու համար պայքարին, այլ կարծում են, որ ով չի մտնում այդ կարգախոսի տակ, նա ծառայում է իշխանությանը: Այդ սկզբունքը պահելու դեպքում բարոյական հաղթանակի ժամանակն էլ կանցնի (գործնական պարտությունը փաստ է, պատճառները՝ երկրորդական):

Կմնան լիքը հերոս-հակահերոս փուլում հայտնված անուններ, պայքարի ձերբակալված, դատված կամ բաց թողնված «հերոսներ» (վա՛յ մեր ազգին, որ ունի այսքան «հերոս» ու «դավաճան») եւ կրակված ու զոհ տված ժողովուրդ:

Չէ, սիրելիներս, ով չի մտնում այդ կարգախոսի տակ, պարտադիր չէ, որ մտնի հանրային պալատ: Նա կամ գլուխը կախ շարունակում է իր գոյապայքարը, սպասելով հաջորդ փուլին, կամ հեռանում է երկրից: Եվ եթե որեւէ մեկը իր վրա պատասխանատվություն է վերցնում ժողովրդին առաջնորդելու, ապա պետք է ներկայացնի ժողովրդին համախմբող, վստահություն արթնացնող ծրագիր: Ծրագիր, ոչ թե գեղեցիկ, ամեն ինչ ասող եւ ոչինչ չպարտավորեցնող լոզունգներ, որոնց 70 տարի ամեն օր հանդիպում էինք իմաստուն ղեկավարների կուսհամագումարյան ելույթներում, եւ որոնցով լցված են նրանց հոգեզավակների այսօրվա նախընտրական ու հետընտրական խոստումներն ու ծրագրերը:

Այդպիսի ծրագիր կարող է լինել առաջարկածս ծրագիրը («Առավոտ», 07.06.2008թ.) ժամանակավոր, անցումային շրջանի իշխանության (Ազգային խորհուրդ) մասին:

Նման ծրագրի իրագործմանը կլծվեն շատերը, անկախ այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած վերապահումներից: Եվ եթե առաջարկածս ծրագիրը եւ հաջորդող հոդվածներում («Առավոտ», 07.06.08 եւ 18.06.08) արտահայտված մտքերը այսօր ոմանց համար անընկալելի են, դեռ ոչինչ: Որոշ ժամանակ անց դրանք կարող են դառնալ քաղաքական գործունեության հիմք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30