Հանգստյան տունը դեռ հանգիստ է
Այս տարի փետրվարի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տան 4-րդ հարկի պատշգամբից դուրս նայելիս կոնսերվատորիայի 5-րդ կուրսի ուսանող Արամ Մելիքյանը ընկավ ցած: Պոկվել էր պատշգամբի հենաբազրիքը:
Արամին ընկերները շտապ հասցրին Հրազդանի հիվանդանոց, ապա տեղափոխեցին Երեւան՝ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Դատաբժշկական փորձագետի գնահատմամբ, նա ստացել էր «կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք»:
Փետրվարի 28-ին Ա. Մելիքյանին վիրահատեցին: Վիրահատությունը տեւեց 7 ժամ: Մելիքյանի վիճակը ծանր էր. նա ստացել էր ներքին արյունահոսություն, պատռվել էր փայծաղը, կտրվել ձախ ձեռքի զարկերակը, աջ ձեռքը ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ: Բժիշկներն ընդհանուր անզգայացման տակ հեռացրին նրա փայծաղը, վիրահատեցին լյարդը, աղիներում սկսվել էր հեմատոմա:
Ջութակահար տղայի երկու ձեռքերի համար անհրաժեշտ եղավ հավաքել Էլիզբարովի ապարատ, մի քանի անգամ վիրահատվեցին ձեռքերը: Մարտի 25-ին նա դուրս գրվեց հիվանդանոցից, սակայն մինչ օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Արամը դեռ լիարժեք առողջ չէ, նա չի կարողանա նվագել, քանի որ մատները չեն ծալվում եւ ձեռքի փոքր շարժումն իսկ ցավագին է:
Մեր հանդիպման ժամանակ թե՛ Արամը, թե՛ նրա հուզված մայրը՝ Մանուշակ Ստեփանյանը, նշեցին, որ դեպքից հետո հանգստյան տան տնօրենի՝ Ռուզան Սարգսյանի առաջին քայլը եղել է այն, որ չարաբաստիկ հենաբազրիքը շտապ տեղափոխել են հանգստյան տան նկուղ:
«Իրեն ապահովագրված զգալով՝ տնօրենը միայն մարտի 2-ին եկավ հիվանդանոց՝ Արամին տեսության: Թողեց 100 000 դրամ, որով գնեցի աբուլինի 2 սրվակ: Իսկ իրավապահ մարմինները հիվանդանոց եկան իմ բողոքից հետո միայն՝ մարտի 3-ին, եւ ոչ թե դեպքի օրը»,- պատմում է Արամի մայրը:
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ, լեյտենանտ Ա. Սախոյանը Արամին տեղեկացրել է. «Ձեր կողմից բարձրությունից ընկնելու հետեւանքով վնասվածքներ ստանալու փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»: Մայիսի 14-ին քննիչը կայացնում է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Ըստ շինարարատեխնիկական փորձաքննության թիվ 08-0220 եզրակացության. «Մետաղական ճաղերով բազրիքը նախատեսված է մարդկանց, կենդանիների, ինչպես նաեւ ծանր իրերի անկումը բարձրությունից բացառելու համար»: Փորձագետը նշում է, որ այդ բազրիքը կարող էր պոկվել բազրիքի բռնաձողից կախվելու եւ կախված դրությամբ տեղափոխման փորձ կատարելու ժամանակ: Փորձագետի՝ հենց մայիսի 14-ին տված եզրակացության համաձայն՝ «Արամն ընկել է սեփական նախաձեռնությամբ»:
«Այս գործի քննությունն անամոթություն էր, ես չգիտեմ, թե ովքեր են սրա հետեւում կանգնած, ովքեր պետք է պատասխան տան»,- ասում է տուժողը՝ Արամը, որին, ի դեպ, դատավարական այդ կարգավիճակը՝ «տուժող», չեն էլ տվել:
Ստացվել է, որ հանգստյան տունը որեւէ պատասխանատվություն չի կրել կատարվածի համար, մասնավորապես՝ պատշգամբների անվտանգության, տեխնիկական սպասարկման, առկա անսարքության համար: Քննիչը արժանահավատ չի համարել տուժողի բացատրությունը, գրելով. «Շինարարատեխնիկական փորձագետի եզրակացությամբ՝ ամբողջովին հերքվում է հենվելու հետեւանքով վայր ընկնելու տարբերակը, ուստի Մելիքյանը վնասվածքներ է ստացել սեփական նախաձեռնությամբ պատշգամբից պատշգամբ անցնելու փորձ կատարելու ժամանակ»: Ոստիկանության քննիչի գործողությունները բողոքարկվել է Կոտայքի մարզի դատախազությունում, ում դիմել էր ուսանողի մայրը, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ հարցի լուծումը իր իրավասությունների շրջանակից դուրս է: