Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոններ՝ «հավատարիմներին»

Հունիս 28,2008 00:00

ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը, կարծես թե, նրանց թվում չէ

Վերջերս կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Շիրակի մարզի ամենաեկամտաբեր՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ու մաքսային տեսչությունների պետերի պաշտոններում: Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, նախագահական ընտրություններին «անթերի» աշխատելու, կաշառքն ընտրողին անխափան եւ անաղմուկ տեղ հասցնելու համար երկրի նախագահի կողմից բարձր գնահատականի է արժանացել Ազգային ժողովի Շիրակի մարզից ընտրված հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունը ԱԺ պատգամավորին հայտնել է նրա ազգականներից մեկի՝ «Կիոկուշինկայ» կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Մանուկյանի պաշտոնը բարձրացնելով: Վերջինս տարիներ շարունակ զբաղեցնելով Մաքսային տեսչության պետի տեղակալի պաշտոնը, վերջապես հաջողացրեց նստել իր երազած աթոռին՝ դառնալ պետ: Փաստենք, որ Շիրակի մարզի պատմության մեջ եզակի դեպք է, երբ այսպիսի պատասխանատու պաշտոնը վստահվում է տեղացի չինովնիկի: Շիրակի մարզի դատախազից բացի, մյուս բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին «հրամցրել» են դրսից, օրինակ՝ ոստիկանապետին, նոտարական գրասենյակի պետին, ինչու չէ՝ նաեւ մարզպետին: Եվ սա պատահական չէ. այսպես մայրաքաղաքային վերնախավը հավատարիմներին հնարավորություն է տալիս անծանոթ տեղանքում «չկաշկանդվել», իրենց ուզածով շարժվել:

Ու թեեւ Սերժ Սարգսյանը իրեն ծառայություններ մատուցածների նկատմամբ «երախտամոռ» չէ, սակայն վերջին շրջանում, չգիտես ինչու, նրա ուշադրությունից դուրս է մնում մեկ այլ շիրակցի պատգամավոր՝ նախկին կարկառուն ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը: Գյումրիում այսօր խոսակցության թիվ մեկ թեման գործարար պատգամավորի օբյեկտում՝ գարեջրի գործարանում կատարվող խիստ ստուգումներն են: Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գլխին գործ սարքած հարկայինի հանրահայտ օպերլիազորներից բացի, Բալասանյանենց «այցի» են եկել ՀՀ աշխատանքային պետական տեսչության աշխատակիցները: Սա թերեւս զարմանք է առաջացնում Գյումրիում, չէ՞ որ Բալասանյանն էլ նախագահական ընտրություններում իր մեծ ներդրումն ունի. Սերժ Սարգսյանին բավականաչափ ձայներ բերեց, ձմեռվա բքին «մեծ նվիրվածությամբ» նախագահի այս թեկնածուին Շիրակի մարզի գյուղեր ուղեկցեց, Սերժի «խաթըր» լքեց ՕԵԿ-ը:

Այս խոսակցությունները փորձեցինք ճշտել Գարեջրի գործարանի տնօրեն Ռուբիկ Սանոյանից: Տեղեկացնենք, որ նա եւս նախկին ՕԵԿ-ական է, Բալասանյանի քրոջ ամուսինը, որին երկու տարի առաջ որպես ՕԵԿ-ական վստահվեց Շիրակի փոխմարզպետի պաշտոնը: Նա մեզ փոխանցեց հետեւյալը. «Մեզ մոտ սովորական ստուգումներ են, արտառոց ոչինչ չկա, հարկայինը տարին երկու անգամ ստուգում է՝ կատարե՞լ ենք մեր հարկային պարտավորությունները, թե՝ ոչ: Ասեմ, որ նրանք մեզ չեն խանգարել, աշխատանքային ռիթմից չենք ընկել, թեեւ չի եղել նման դեպք, որ մի օր անգամ հարկերը ուշացնենք: Իսկ ինչ մնում է այն խոսակցություններին, թե հարկայինին Արթուր Բաղդասարյանն է մեզ մոտ ուղղորդել, ասեմ, որ թեեւ էդ մարդու հետ մենք կապ չունենք, բայց հո թշնամիներ չե՞նք, քաղաքականության մեջ ամեն մարդ ունի իր ուղղությունը, ի՞նչ է եղել»: Պարոն Սանոյանը հերքեց նաեւ այն ասեկոսեները, թե Բալասանյանը «հանրապետական» է դարձել: Նրա տեղեկացնելով, ստուգումներն էլ արդեն ավարտվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել