Որպեսզի հայ հովեկները կարողանան գոնե 1 շաբաթ հանգստանալ սեփական երկրի որեւէ հանգստավայրում, առնվազն 3 ամիս պետք է չուտեն-չխմեն ու փողերը կոպեկ-կոպեկ խնայեն:
Այս օրերին Ծաղկաձորում, Սեւանում, Ջերմուկում ու այլ վայրերում հանգստյան տներ ու հյուրանոցային համալիրներ ունեցող բիզնեսմենները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց օբյեկտներն ու մատուցվող ծառայությունների որակն ու մատչելիությունը գովազդելու, տուրիստներին գայթակղելու համար: Այնուամենայնիվ, տասնյակ տուրիստական գործակալությունների հավաստմամբ, մեր քաղաքացիները Հայաստանի փոխարեն գերադասում են իրենց հանգիստը կազմակերպել սեւծովյան հանգստավայրերում՝ Ուռեկիում, Քոբուլեթիում, Բաթումում կամ Անթալիայում, Լառնակայում եւ այլ ծովափնյա հանգստավայրերում: Պատճառն այն է, որ վրացական կամ թուրքական լողափերի ուղեգրերը հայերի վրա անհամեմատ էժան են նստում, քան, ասենք, Հայաստանի անգամ միջին կարգի հանգստյան տներում հանգստանալը: Մի քանի տուրիստական գործակալությունների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ Հայաստանում հանգստանալու համար այս ամիսը գնային առումով ամենաձեռնտուն է, քանի որ հուլիս եւ օգոստոս ամիսներին, պահանջարկին զուգահեռ, ուղեգրերի եւ հյուրանոցային ծառայությունների գները կբարձրանան նվազագույնը 10-ից 15 հազար դրամով: Բացի այն, որ մեր երկրի որեւէ առողջարանային քաղաքում հանգստանալը հովեկներին ֆինանսապես ձեռնտու չէ, նրանք դժգոհում են նաեւ, որ տեղի հանգստյան տները հիմնականում չեն կարողանում ապահովել իրենց լիարժեք հանգիստը եւ զուրկ են որոշ ծառայություններից, ասենք՝ չունեն «ակվապարկ» կամ ժամանակակից սարքավորումներով հագեցած սպորտային դահլիճ: Սակայն առանց այդ լրացուցիչ «հաճույքների» էլ կարելի է «յոլա գնալ», եթե դրանց բացակայությունը գոնե ազդի ուղեգրերի գնի վրա: Այնինչ, Հայաստանի գրեթե բոլոր հանգստավայրերում, մասնավորապես՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սեւանում կամ Դիլիջանում, ընտանիքով հանգստանալու դեպքում ծախսվում է գրեթե կրկնակի գումար, քան, ասենք, Անթալիա կամ Լառնակա մեկնելու դեպքում: Այդ պատճառով էլ, ինչպես հավաստում են տուրգործակալությունները, Հայաստանի հանգստավայրերում ամռան ամիսներին տեղացիներ գրեթե չկան, եղածներն էլ հնարավորություն չունեն մի քանի օրից ավելի հանգստանալու: Այս ամսվա ընթացքում «Նշանե Թրավլ» տուրիստական գործակալությունը առաջարկում է մեկնել Անթալիա՝ 70-75 հազար, Ուռեկի կամ Քոբուլեթի՝ 19-25 հազար, Բաթում՝ ընդամենը 20-25 հազար դրամ ճանապարհածախսով, իսկ, ասենք, Բաթումի, Սոչիի կամ Անապայի 7-օրյա ուղեգիրը՝ ներառյալ հյուրանոցը եւ երեքանգամյա սնունդը, 1 անձի համար կարժենա մոտ 100 հազար դրամ: Միամտություն կլինի կարծել, որ այս չափի գումարով Հայաստանի որեւէ քիչ թե շատ նորմալ հանգստյան տանը հնարավոր է լիարժեք հանգիստ կազմակերպել:
«Առավոտը» հանրապետության տարբեր քաղաքներում գտնվող մի քանի հանգստյան տներից հետաքրքրվեց, թե որքա՞ն արժե մեկ անձի համար նախատեսված սենյակի օրավարձն ու սնունդը: Պարզվեց, որ մեր զբոսաշրջիկները մի քանի հարյուր դոլար կտնտեսեն, եթե Հայաստանի փոխարեն իրենց հանգիստը կազմակերպեն արտերկրում: Օրինակ, Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի տնօրեն Հայկ Եգորյանից տեղեկացանք, որ իրենց հյուրանոցում 1 օր մարդավայել հանգստանալու համար պետք է 100 հազար դրամ վճարել, ու դեռ կեսօրին եւ երեկոյան էլ քաղցած չմնալու համար մի քանի հազար դրամ պետք է հավելյալ վճարել: Իսկ, ասենք, Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրում 1 օր հանգստանալը 1 անձի համար կարժենա 40-120 հազար դրամ: Համեմատաբար «համեստ» են գները Ջերմուկի «Արմենիա» առողջարանային համալիրում, որտեղ սենյակի 1 օրվա վարձը կազմում է այս ամիս 20 հազար, իսկ ամառվա մյուս ամիսներին՝ արդեն 30 հազար դրամ: Այս ամենից բացի, զբոսաշրջիկը 1 ժամվա համար 3-5 հազար դրամ պետք է լրացուցիչ վճարի՝ տվյալ համալիրի լողավազանից, սպորտային դահլիճից, խաղասրահից կամ բիզնես- կենտրոնից օգտվելու համար: Անգամ Սեւանի ափին գտնվող ամենատարրական հարմարություններից զուրկ երկաթե վագոն-տնակների 1 օրվա վարձը կազմում է 5-7 հազար դրամ, մինչդեռ Վրաստանում սենյակներ կարելի է վարձել ընդամենը 2 հազար դրամով:
Նշենք, որ այս տարի մեր կառավարությունը ընդունեց տուրիզմի զարգացման մասին հայեցակարգ, ըստ որի՝ ներքին տուրիզմը պետք է զարգանա այնքան, որ մինչեւ 2030 թ. Հայաստանում ունենանք տարեկան 1,5 միլիոն տուրիստ: Մինչ այս լավագույն դեպքում ունեցել ենք տարեկան 300 հազար տուրիստ: Ճամփորդությունների եւ զբոսաշրջության մրցունակության առումով 124 երկրների շարքում Հայաստանը 74-րդ տեղում է, իսկ համաշխարհային զբոսաշրջային այցելությունների ընդամենը 0.04 տոկոսն է բաժին ընկնում մեր երկրին: