Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԷ

Հունիս 28,2008 00:00

Համաժողովրդական շարժման կենտրոնի երեկ տարածած հայտարարության մեջ նշված է, թե ԵԽԽՎ 1620 բանաձեւը եւ նրա ընդունման հետ կապված զարգացումներում առկա են «ե՛ւ դրական, ե՛ւ բացասական միտումներ»: Դրական զարգացումները մասնավորապես հետեւյալն են. «ՀՀ իշխանությունների աճպարարությունները եւ նրանց ներկայացրած զեկույցը 1609 բանաձեւի կատարման մասին, ըստ էության, տապալվեցին, պահանջների կատարումը համարվեց անբավարար, ինչի հետեւանքով հարցը ընդգրկեց ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգ։ Շնորհիվ նոր՝ 1620 բանաձեւի, ՀՀ իշխանությունների գործողությունները կշարունակեն մնալ ԵԽԽՎ վերահսկողության ներքո՝ համապատասխան պատժամիջոցների գործադրման հնարավորության պահպանման պայմաններում։ Մինչ 1609-ի կատարման պահանջը մնում է ուժի մեջ, 1620 բանաձեւը ՀՀ իշխանություններին ներկայացրել է նոր պահանջներ, որոնք կօգնեն ժողովրդավարական ազատությունների վերականգնման համաժողովրդական պայքարին»: Այդ կապակցությամբ նշվում են բանաձեւի՝ «Ա1+»-ին, քաղբանտարկյալների ազատման «ավելի հստակեցված եւ համապարփակ նոր պահանջները», եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին տրված հանձնարարականը՝ սեպտեմբերին զեկույց ներկայացնելու մասին։

Իսկ բացասական զարգացումներ են գնահատվում հետեւյալը. «ԵԽ-ն ապացուցեց իր անկարողությունը՝ ՀՀ իշխանություններին պարտադրելու 1609 բանաձեւի պահանջների կատարումն իր նախանշած ժամկետում։ Դա հետեւանք է այս հարցում ԵԽ ցուցադրած անվճռականության եւ անսկզբունքայնության։ Աշխարհաքաղաքական եւ շահադիտական հաշվարկները գերակայեցին ժողովրդավարական սկզբունքներին նվիրվածության նկատմամբ։ Նման զարգացման անմիջական պատասխանատուներն են համազեկուցողներ Պրեսկոտը եւ Կոլոմբիեն։ Քաղբանտարկյալների անազատության մեջ մնալու ամեն նոր օրը ընկնելու է նրանց խղճի վրա»: Նաեւ նշված է, թե որեւէ քննադատության չի դիմանում մարտի 1-ի հանձնաժողովի կազմավորման պահանջի կատարման վերաբերյալ բանաձեւի գնահատականը. «Մենք չենք ընդունում այդ հանձնաժողովի անկախությունը, վստահելիությունը եւ հրապարակայնությունը գնահատելուց հրաժարվելը այն պատճառաբանությամբ, որ հանձնաժողովը միայն վերջին պահին է ստեղծվել։ Նախ՝ որովհետեւ միտումնավոր այդ ուշացման մեղավորը հենց իշխանություններն են, 2-րդ՝ առանց երկրորդ կողմի հավասարազոր ներկայացվածության որեւէ հանձնաժողով չի կարող վստահություն ներշնչել»:

Արձագանքում է «ստերին» եւ գովաբանում՝ նախագահի մոսկովյան այցը

Պաշտոնական Երեւանը, ինչպես եւ նախկինում, շարունակում է կողմ լինել առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը: Այս մասին երեկ Երեւանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ իր շվեյցարացի գործընկեր Միշլին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Ինչպես եւ սպասվում էր, Նալբանդյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում արած այն հայտարարությանը, թե Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու դեպքում պաշտոնական Երեւանը պատրաստ կլինի պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելուն, մասնավորապես՝ նշելով. «Դա չի նշանակում, թե Հայաստանը պատրաստվում է հրաժարվել ցեղասպանության ճանաչման խնդիրը արտաքին քաղաքականության օրակարգ բերելու՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քայլից»:

Նալբանդյանը «բացարձակ սուտ» որակեց որոշ թերթերի հրապարակումներն այն մասին, թե Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը կատարյալ ձախողում էր: «Փայլուն այցելություն էր, շատ հագեցած: Բանակցություններն ընդգրկում էին հարցերի լայն շրջանակ՝ երկկողմ, տարածաշրջանային, միջազգային հարցեր: Հայաստանի նախագահն ընդունվեց ամենաբարձր մակարդակով, այսինքն՝ դա պետական այցելության մակարդակի այցելություն էր»,- շռայլորեն այդ այցը գովաբանեց նախարարը, հավելելով. «Մենք նորից վերահաստատեցինք մեր ջերմ, ստրատեգիական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչի մասին երկու նախագահների կողմից ստորագրվեց համապատասխան հայտարարություն»:

Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ ՀՀ արտգործնախարարը նշեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ երեկ մեկնարկած այցի ընթացքում չեն ներկայացվի նոր առաջարկություններ, եւ բանակցությունները կընթանան անցյալ տարեվերջին Մադրիդում միջնորդների ներկայացրած սկզբունքների շրջանակներում: Արտգործնախարարն ասաց նաեւ, թե համանախագահները Երեւանում հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահի ու ԱԳՆ ղեկավարի հետ: Այնուհետեւ «միջնորդները ծրագրում են Երեւանից մեկնել Ստեփանակերտ, որտեղ կհանդիպեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը»,- տեղեկացրեց Նալբանդյանը:

Իր հերթին, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար (արտգործնախարար) տիկին Միշլին Կալմի-Ռեյը հայտարարեց, թե Շվեյցարիան պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, եթե կողմերը դիմեն իրենց նման խնդրանքով: Կալմի-Ռեյը հիշեցրեց, որ շվեյցարական կողմը միշտ էլ այդ հարցի լուծմանն աջակցելու տրամադրվածություն է հայտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել