Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ից մեծ ակնկալիքներ չունեինք»

Հունիս 28,2008 00:00

Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված 1620 բանաձեւը եւ 1609 բանաձեւի «կատարողականի» քննարկումները:

– Ես մինչ ԵԽԽՎ նստաշրջանն էլ այն կարծիքին էի, որ ՀՀ պատվիրակության քվեի սառեցման հարց չի կարող առաջանալ՝ երեք պատճառով: Նախ՝ ԵԽ-ն առայժմ չի մշակել մեխանիզմներ, որոնցով կարող է նպաստել իր նոր անդամների ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ձայնի կամ քվեի սառեցումը կնշանակեր, որ առժամանակ դադարելու էր ԵԽ-ի մոնիտորինգային ռեժիմը, ինչին իրենք չէին գնա, եւ երրորդ պատճառը՝ քանի որ կա ԼՂՀ հարցի կարգավորման գործընթաց, ԵԽ-ն ձեռնպահ էր մնալու հակամարտող կողմերից մեկի նկատմամբ պարիտետային սկզբունքը խախտելուց: ԵԽ-ից մեծ քաղաքական ակնկալիքներ չենք ունեցել: Դա այն մարմինը չէ, որտեղ գտնվում է ՀՀ քաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին: Այս առումով, ընդունված 1620 բանաձեւը, զուտ բովանդակային առումով, վատը չէ: Բանաձեւում առկա կետերը մեր իշխանություններին լուրջ խորհելու տեղիք պիտի տան: Ամրագրվել է, որ Հայաստանն ավտորիտար երկիր է, նշվել են մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ ՀՀ իշխանությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, մասնավորապես՝ քաղբանտարկյալներին վերաբերող դրույթը, որն իշխանություններին էապես զրկում է մանեւրելու հնարավորություններից։ Ըստ էության, Հայաստանի մասին ԵԽԽՎ-ում ընդունվել է երկու բանաձեւ՝ 1620-ը եւ Ադրբեջանի մասին ընդունված բանաձեւը: Վերջինում Հայաստանին վերաբերող ավելի շատ պարտավորություններ կան, քան պաշտոնական Բաքվին: Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ ժողովրդավարության հետընթացի եւ Եվրոպայի Խորհրդի տված վեցամսյա թայմ-աուտի գինը Լեռնային Ղարաբաղի հարցն է: Փաստորեն, Եվրախորհուրդը դարձավ հերթական միջազգային կազմակերպությունը, որը ֆիքսեց, որ Հայաստանն «օկուպանտ է», վերահաստատվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այլն: Սա է գինը, որը վճարեցինք ՀՀ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության համար:

– Ինչպիսի՞ ներքաղաքական զարգացումներ եք կանխատեսում:

– Չէի ցանկանա, որ մեր ներքաղաքական զարգացումները կապեինք Ստրասբուրգի, Բրյուսելի, Մոսկվայի կամ Վաշինգտոնի հետ: Քաղաքական լուծումները պիտի տա Հայաստանի ժողովուրդը: Որեւէ բանաձեւ չի կարող խանգարել, որպեսզի մենք ներսում լուծենք մեր քաղաքական խնդիրները: Այլ հարց է, որ մեր գործողությունները պետք է ընկալելի դարձնենք աշխարհի համար, ինչը, կարծում եմ, ընդդիմությունն արել է անցած ամիսների ընթացքում: Հասարակությունը հասկացել է, որ մեր պայքարն իր էությամբ քաղաքացիական է եւ մեկ հարվածով ռեժիմը չի տապալվելու: Պետք է հետեւողականորեն ու կամաց-կամաց ռեժիմին զրկենք այն ռեսուրսներից, որը թույլ է տալիս նրան երկարաձգել իր իշխանությունը: Մեր պայքարով, ի վերջո, հասնելու ենք կա՛մ ապօրինի ռեժիմի հեռացմանը, կա՛մ նրա փոխակերպմանը՝ օլիգարխիկ փակ համակարգից դեպի ավելի ժողովրդավարականի:

– Կարելի՞ է արձանագրել, որ այս իշխանություններին 6-7 ամիս ժամանակ է մնացել:

– Ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում օր առաջ ձեւավորվի օրինական իշխանություն: Չեմ ցանկանում Ս. Սարգսյանի փոխարեն որոշել, թե ինչ ճանապարհ է ընտրելու: Համենայնդեպս, ինչպես վերջին հանրահավաքում նշեց հիմնադիր նախագահը, մենք կողջունենք, եթե իշխանությունը իրական բարեփոխումների ուղղությամբ որեւէ քայլ անի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել