Լրահոս
Օրվա լրահոսը

1620 ԲԱՆԱՁԵՎԸ՝ «ՏՈՐԳԻ» ՀԵՏԵՎԱՆՔ

Հունիս 28,2008 00:00

\"\"Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ ՀՀ իշխանություններին «քարտ-բլանշ էր տրված իրենց ցանկալի փոփոխություններն անելու» մեր բանաձեւում՝ Ադրբեջանի բանաձեւի՝ ԼՂ-ին առնչվող ձեւակերպումներին լուրջ դիմադրություն ցույց չտալու դիմաց:

«Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից» 1620 բանաձեւում նշված է, թե ԵԽԽՎ-ն «Ողջունում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումը Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ»: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում հասարակական կազմակերպությունների կազմակերպած քննարկման ընթացքում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը հայտարարեց. «Մենք կտրականապես համաձայն չենք այդ գնահատականին»: Ըստ նրա, լիարժեք իրականացվել է միայն այն, որ ուժը կորցրած ճանաչվեց օրենքի հետեւյալ դրույթը, թե կարող են արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը, երբ դրանք վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի՝ իրականությանը չի համապատասխանում բանաձեւի նաեւ հետեւյալ դրույթը. «Վեհաժողովը ողջունում է այն փաստը, որ 2008 թ. հունիսի 20-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքն առանց խոչընդոտների տեղի ունեցավ», քանի որ այն արգելվել էր, իսկ հանրահավաքից առաջ սահմանափակվել էր ազատ տեղաշարժը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ «Ա1+»-ի խնդրին ու նշեց, որ բավական դժվար է դրա լուծումը. «Եվ որպես լուծում գտնելու առաջին քայլ՝ առաջարկում եմ քննարկում անցկացնել անկախ փորձագետների հետ, թե արդյոք իրականում չկա՞ն Հայաստանում ազատ հաճախություններ»: Իսկ ԵԽԽՎ 1620 բանաձեւի կոչը ՀՌԱՀ-ին՝ «այժմ ապահովել արտոնագրման բաց, արդար եւ թափանցիկ ընթացակարգ»՝ կարո՞ղ է ընդամենն արժանանալ պատասխանի, թե մինչ այժմ էլ էին մրցույթները բաց ու թափանցիկ՝ մեր այս հարցին Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Իհարկե, կարող է, ու մենք դրա օրինակներն ունենք: Եվ առայժմ որեւէ վկայություն չունենք, թե ինչ-որ բան որակապես փոխվել է»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի գնահատականով՝ ԵԽԽՎ 1620 բանաձեւի գնահատականները մակերեսային են: Եվ որպես ապացույց, թե «իրականում միգուցե կան այլ շահեր վերաբերմունքի նման փոփոխության եւ նման զեկույց ընդունելու համար»՝ պատմեց, որ ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպման ընթացքում «Ժառանգությունը» նրանց ներկայացրել էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վերաբերյալ իրենց բոլոր առաջարկները ու նշել, որ դրանցից ոչ մեկը չի ընդունվել, որ հակառակ 1609 բանաձեւի՝ մարտի 17-ին արված բոլոր փոփոխություններն ուժը կորցրած չեն ճանաչվել. «Ի զարմանս մեզ՝ նման զրույցից հետո հանկարծ 1620 բանաձեւում ողջույնի խոսքեր են ասվում այդ օրենքի փոփոխությունների մասին: Կարծում եմ, սա մեզ բավական լուրջ մտորումների տեղիք պետք է տա՝ համազեկուցողների պահվածքի հետ կապված: Եվ իմ կարծիքով, անթույլատրելի է, որ նույն անձինք հետագայում որեւէ կերպ առնչվեն Հայաստանի վերաբերյալ զեկույցների պատրաստմանը»:

Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության իշխանական անդամներին. «Դատելով բոլոր զարգացումներից, որոնք տեղի ունեցան ԵԽԽՎ այս նստաշրջանի ընթացքում՝ իմ կարծիքով, մի ցավալի «տորգ» կա: Հայաստանի իշխանություններին քարտ-բլանշ է տրված իրենց ցանկալի փոփոխություններն անելու, որ նրանք չմիջամտեն եւ որեւէ լուրջ դիմադրություն ցույց չտան Ադրբեջանի եւ այդ հարցերով զեկույցների ընդունմանը: Կարծում եմ, սա պարզապես հանցավո՛ր գործարք է, քանի որ այն բոլոր ձեւակերպումները, որոնք կային ԼՂՀ եւ ՀՀ-ի վերաբերյալ այդ զեկույցներում՝ Մոնիտորինգի հանձնաժողովի Կիեւում մայիսին կայացած նիստում անցել էին ՀՀ պատվիրակության միաձայն քվեարկության պայմաններում: Հետեւությունները թողնում եմ ձեզ: Եվ այդ մարդկանց հնարավորություն տրվեց 1620 բանաձեւում կատարել իրենց անհրաժեշտ փոփոխությունները»: Նա ուշադրություն հրավիրեց, թե ինչ փոփոխություններ են մեր պատվիրակներն առաջարկել բանաձեւում. «Նրանք մտցրել են փոփոխություններ, որոնցով կդժվարանա քաղբանտարկյալների ազատ արձակումը: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները շահագրգռված չեն անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Հայկական պատվիրակությունը լկտիաբա՛ր, ցուցադրաբա՛ր ամեն ինչ արեց, որ բանաձեւի նախագծում «Ա1+»-ի վերաբերյալ դրույթը վերափոխվի այնպես, որ այն չվերաբացվի: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ դրույթներում նույնպես փոփոխություններ մտցրին, ու սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ հանձնաժողովը չի պատրաստվում բացահայտել ճշմարտությունը, քանի որ ՀՀ պատվիրակությունը կրկին այնպիսի փոփոխություններ արեց, որ հանձնաժողովում անեն այն, ինչ պատրաստվում են»:

Ըստ «Ժառանգության» քարտուղարի՝ ինքը կիսում է իրենց ղեկավարի՝ ԵԽԽՎ-ում արած քայլի պատասխանատվությունը. «Նման «տորգ»-երին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունն անտեղի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել