Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի կալանքի ժամկետը: Երկու պատգամավորները, ովքեր կալանավորվել էին մարտի 4-ին՝ իրենց գործընկերների համաձայնությամբ, երեկ դատարան բերվեցին միասին: Նրանց ուղեկցող ոստիկաններից մեկը փոքրոգություն ցուցաբերեց եւ խոչընդոտեց պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին` բռունցք արած լուսանկարվելուն: Հիշեցնենք, որ ե՛ւ Մյասնիկ Մալխասյանը, ե՛ւ Հակոբ Հակոբյանը մեղադրվում են ՀՀ ՔՕ 225֊-րդ հոդվածի 3-րդ եւ 300-֊րդ հոդվածի առաջին մասերի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են սպանությամբ» եւ «իշխանությունը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ»: Նույն պահին, երբ դատական փակ նիստում քննարկվում էր պատգամավորների կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, դրսում մի քանի տասնյակ մարդ, պատգամավորների դիմանկարները պարզած, պահանջում էին նրանց ազատ արձակել: